Ֆուտբոլասերներն, անշուշտ, հիշում են, որ անցած տարի ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի գործկոմն «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին ֆուտբոլում անցանկալի անձ էր հայտարարելՙ զրկելով նրան ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։ Սակայն չնայած այդ անհեթեթ որոշմանը, ողջ կյանքը ֆուտբոլում անցկացրած Արկադի Անդրեասյանը շարունակում էր մարզել «Արարատը», որին ֆեդերացիան զրկել էր ընթացիկ առաջնությանը մասնակցելուց։ Բնական է, որ այդ վիճակը երկար պահպանվել չէր կարող։ Հարկավոր էր ելք որոնել որոշումը վերանայելու համար։ Եվ ելքը գտնվեց։ Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է «Արարատ-73»ի մեծ հաղթանակի 30-ամյակը, ֆեդերացիայի գործկոմն իր նիստում վերանայել է Արկադի Անդրեասյանի ցմահ որակազրկման մասին որոշումը։ Այսինքնՙ Արկադի Անդրեասյանը կրկին ցանկալի անձ է դառնում ֆուտբոլում։ Դե ինչ, թեեւ ուշացումով, սակայն ի վերջո արդարությունը հաղթանակեց։ Կարծում ենք, հաջորդ քայլը պետք է լինի «Արարատին» ՀՀ առաջնության բարձրագույն խմբի մասնակիցների կազմ վերադարձնելը։ Ընթացիկ առաջնության ընթացքը վաղուց է ապացուցել, որ առանձնապես հետաքրքրություն չի առաջացնում ֆուտբոլասերների շրջանում, խիստ տարբեր են թիմերի խաղամակարդակները, ցածր է մրցակցությունը։
Ինչեւէ, առաջին քայլն արված է, որին պետք է հետեւեն հաջորդ քայլերը։ Գործկոմի նիստում քննարկվել է նաեւ առաջնության մասնակցության մուտքավճարների հարցը։ Տեղեկացվել է, որ բարձրագույն խմբի 3 («Արաքս», «Լեռնագործ», «Կոտայք») եւ առաջին խմբի 7 թիմերը դեռեւս ամբողջությամբ չեն մարել մուտքավճարների պարտքերը։ Մրցաշրջանի ավարտին ՈՒԵՖԱ-ն օգնության կարգով ՀՀ առաջնության բարձրագույն խմբի թիմերից յուրաքանչյուրին տրամադրելու է 20 հազար շվեյցարական ֆրանկ, իսկ առաջին խմբի թիմերինՙ 16 հազար։ Գործկոմը վերը նշված թիմերին զգուշացրեց, որ եթե մինչեւ հոկտեմբերի վերջը չմարեն պարտքերը, ապա հնարավոր է զրկվեն ՈՒԵՖԱ-ի կողմից տրվելիք գումարներից։
Գործկոմը հաստատեց կարգապահական կոմիտեի եւ «Բանանց» ակումբի որոշումըՙ Բելֆաստում գողության փաստի կապակցությամբ Սերգեյ Առաքելյանին Հայաստանում ցմահ որակազրկելու մասին։ Միաժամանակ նա 2 տարով զրկվել է արտասահմանյան ակումբներում հանդես գալու իրավունքից։