Հայտարարեցին HSBC բանկ Հայաստանի ղեկավարները
Երեկ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցավ HSBC բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Չարլզ Գրեգորին։ Նպատակն էր ներկայացնել բանկի գործունեությունը, բանկի նոր գլխավոր գործադիր տնօրեն (որը շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը) Նիք Գիլմորին եւ պարզաբանել բանկի հետ կապված տարբեր խնդիրները։
Չարլզ Գրեգորին նշեց, որ տարվա արդյունքներով HSBC բանկ Հայաստանը ճանաչվել է լավագույնը (ինչի մասին «Ազգն» արդեն տեղեկացրել էր) եւ սպասարկումը բարձր մակարդակով է։ Հաճախորդների միջոցների ներգրավումն այս տարվա 9 ամիսների ընթացքում աճել է 27 տոկոսով, վարկային ակտիվներըՙ 36 տոկոսով։ Այս ընթացքում տրվել են 11,8 մլն դոլարի վարկեր, ինչը նախորդ տարվա տարեկան ցուցանիշին մոտ թիվ է։ Գլխավոր գործադիր տնօրենը համոզմունք հայտնեց, որ աճի միտումը կշարունակվի։ Նա տեղեկացրեց, որ ինքը, ավարտելով պաշտոնավարման ժամկետը, շուտով կմեկնի Հայաստանից։ Նոր գլխավոր գործադիր տնօրեն Նիք Գիլմորը բանկում աշխատելու տարիների փորձ ունի, աշխատել է տարբեր երկրներում։
Բանկի անելիքները թվարկելով, Չարլզ Գրեգորին տեղեկացրեց, որ պետք է տեղափոխվեն նոր շենք։ Այնուհետեւ անհատական սպառողական վարկերի մեծ պահանջարկի բավարարման ուղղությամբ պետք է աշխատել։ Խոսքն ապառիկ վաճառքով մեքենաների կամ այլ ապրանքների ձեռքբերման մասին է։ Այս շուկան գրավիչ է, բայց ուշադրություն պետք է դարձնել ռիսկերի կառավարմանը։
Բանկի ղեկավարին ուղղված հիմնական հարցն առնչվում էր արտաքին ակտիվների մասին տվյալներին։ Չարլզ Գրեգորին հայտնեց, որ եթե համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 12-14 տոկոս է, իսկ ավանդների ներգրավման աճը 27 տոկոս, ապա բնական է, որ այդ միջոցները պետք է տեղաբաշխվեն արտերկրում։ Այսինքնՙ այս երեւույթի պատճառը դրամի առաջարկի ավելցուկն է պահանջարկի համեմատ։ Սակայն HSBC բանկ Հայաստանի փոխտնօրեն Արարատ Ղուկասյանը տեղեկացրեց, որ դրսում տեղաբաշխված լինելը չի նշանակում, թե խոսքը վարկերի տրամադրման մասին է։ Հայաստանից ներգրավված միջոցներով Հայաստանից դուրս առեւտրային վարկեր ընդհանրապես չեն տրվում։ Այսպես պատասխանելով մեր հարցինՙ բանկի փոխտնօրենը դրանով փաստորեն հերքեց ամիսներ առաջ արված այն հայտարարությունը, ըստ որի HSBC բանկ Հայաստանը վարկային ներդրումներ է կատարում այլ երկրներում։
Անդրադառնալով HSBC բանկ Հայաստանի այլ բանկերի համեմատ արտոնյալ հարկային դաշտում գտնվելու հարցին, Չարլզ Գրեգորին նշեց, որ բացի «Շահութահարկի մասին» օրենքով նախատեսվածից, բանկն այլ արտոնություններ չունի։ Խոսքը 1 մլն դոլարից ավելի ներդրում կատարողին առաջին 2 տարում շահութահարկ չվճարելու, իսկ հաջորդ 8 տարիների ընթացքում 50 տոկոսով վճարելու արտոնության մասին է։
Հայաստանի բանկային համակարգի մասին խոսելիս, HSBC բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենն ընդգծեց, որ ռիսկերի կառավարման առումով դրական շատ բան է կատարվել հատկապես այս տարի, եւ որ ինքը ողջունում է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի քաղաքականությունն այս հարցում։ Ինչ վերաբերում է հայ գործարարներին ընդհանրապես, ապա, ըստ Չարլզ Գրեգորի, նրանք սկսել են գործարար պլաններն ավելի մեծ ճշգրտությամբ կազմել եւ մարկետինգին լուրջ ուշադրություն դարձնել, ինչը բացակայում էր նախորդ տարիներին։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ