ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հնարավոր է, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը ապագայում նույնպես տնօրինեն ռուսները։ Ինչպես հայտնի դարձավ լավատեղյակ աղբյուրներից, Ռուսաստանի եւ Հունաստանի միջեւ բանակցություններ են ընթանում պետական բաժնեմաս ունեցող հունական OTE ընկերությանը պատկանող «Արմենտելի» 90% բաժնեմասը ռուսաստանյան ընկերություններից մեկին փոխանցելու վերաբերյալ։ Հավանական գնորդներից է, մասնավորապես, Ռուսաստանի հյուսիս-արեւմտյան տարածքում գործող հեռահաղորդակցության ընկերությունը։ «Արմենտելի» բաժնետոմսերը ռուսական կողմին են փոխանցվելու ռուսաստանյան գազի համար Հունաստանի ունեցած պարտքի դիմաց։ «Արմենտել»-ի բաժնետոմսերը գնահատվել են 60-70 մլն ԱՄՆ դոլար։ Նման գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ նոր սեփականատերը իր վրա է վերցնելու նաեւ «Արմենտել»-ի պարտքը, որը ներկայումս կազմում է մոտ 100 մլն դոլար։ Այս ծրագրի իրականացման դեպքում ռուսաստանյան ընկերությունը կդառնա նաեւ Հայաստանի բջջային կապի օպերատորներից մեկը։ Հնարավոր է, որ Հայաստանում երկրորդ բջջային օպերատորը լինի «Ղարաբաղտելեկոմը», որը պատկանում է լիբանանցի գործարարի։