Առաջարկվում են մթերման ամենաբարձր գները
«Մենք գյուղացիներին առաջարկելու ենք մթերման ամենաբարձր գները, 140-170 դրամՙ որակից կախված։ Խաղողագործներն այսուհետեւ իմ գործընկերներն են, ես պատրաստ եմ նախապես ֆինանսավորել նրանց, ովքեր մեծ այգիներ ունեն։ Թող գան ու մեզ հետ պայմանագրեր կնքեն», խաղողագործներին ի լուր այսպիսի ավետիս տվեց երեկ «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Անցած խստաշունչ ձմռանը ցրտահարություններից մեծապես վնասվեցին խաղողի այգիները հանրապետության գրեթե բոլոր մարզերում, եւ խաղողի իրացումը սովորականից բարձր գներով իսկական աջակցություն կլինի տուժած տնտեսություններին։ Ցավոք, բերքի իրացման դժվարություններն անսովոր չեն այգեգործների համար, ում աչքը վախեցած է հատկապես վերջին տարիներին բիզնեսի ամենատարբեր սկզբունքներով տնտեսվարողների հետ համագործակցությունից։ Գագիկ Ծառուկյանը հավատացրեց. «Մեր խաղողագործներից ով ինձ հետ գործ ունենա, պիտի իմանա, որ խաղողի մշակման ու մթերման հետ կապված խնդիրներ չի ունենալու։ Ով ինձ ճանաչում է, գիտի, որ ես իմ խոսքի տերն եմ»։
«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մառաններում թանձր գինեհոտով ներծծված օդում նաեւ հնության բուրմունքն ես շնչում։ Եվ որքան հին են գինին ու կոնյակը, այնքան ավելի ազնվություն ու ջերմություն են ամբարում։ Այգեգործությունը հայերիս համար հնագույն զբաղմունք է, որ հազարամյակների ընթացքում հմուտ խաղողագործների շնորհով արվեստի է վերածվել։ Հայկական գինու ու կոնյակի մեծ համբավը նաեւ միայն մեր տարածքի համար առանձնահատուկ խաղողի տեսակների գոյությամբ է պայմանավորված։ Մասնագետների համոզմամբ, Կարմիր բլուրում հայտնաբերված խաղողի ածխացած սերմերը վկայում են, որ օրինակ, «Ոսկեհատ», «Գառան դմակ», «Մսխալի» տեսակները բացառապես տեղական ծագում ունեն։
Հնագույն ավանդույթներ ունեցող «Արարատ» կոմբինատում փաստորեն 10 տարի ոչ մի ներդրում չի կատարվել, եւ ձեռնարկությունն անգործության էր մատնվել։ Արդեն 2 տարի «Մուլտի գրուպի» հիմնադիր-նախագահը նախաձեռնել է քայքայված ձեռնարկության վերակենդանացման դժվարին առաքելությունը։ Կոմբինատի մասնաշենքերում եռուն շինարարություն էՙ դրանք ոչ միայն վերանորոգվում են, այլեւ ճարտարապետների ու ազգագրագետների ակտիվ մասնակցությամբ փորձ է արվում վերականգնել գործարանի նախկին տեսքը։ Տարածքում, ուր այսօր տեղավորված է «Արարատը», շատ վաղուց եղել է պարսիկ խանի «կիսավեր» պալատը։ 1877 թ. Ներսես Թաիրովը տարածքը գնել է քաղաքային իշխանություններից եւ գինու եւ օղու արտադրություն ձեռնարկել։ Հետագայում, 1898 թ. ձեռնարկությունն անցնում է ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովի ձեռքը, ում արտադրած կոնյակը վայելել են ռուս կայսրերն ու եվրոպացիները։
1920 թ. առաջին հանրապետության կառավարությունն ազգայնացրեց գործարանը։ Ավելի ուշ, «Արարատ» տրեստ վերանվանված ձեռնարկությունն ավելի քան 36 ժառանգներ ունեցավՙ հայտնի բարձրորակ գինիներով։ Այսօր մայր գործարանի մառաններում կաղնե տակառների մեջ նիրհում են 1913 ծննդյան տարեթվով խաղողից պատրաստված գինիներ։ Շատ շուտով ձեռնարկությունն իր հարկի տակ զբոսաշրջիկների, ինչու չէ, նաեւ բարձրաստիճան հյուրերի կընդունի։
Կոմբինատն սկսել է 3-5, 7-10, 15, 20, 25, 35 տարիների հնության կոնյակի 6 տեսականիների արտադրությունը։ Դրանք բոլորը «Նոյ» են անվանվելու, իսկ ամենատարեցըՙ 35-ամյանՙ «Նոյ տիրակալ»։ Գագիկ Ծառուկյանը խոստանում է, որ Հայաստանից կոնյակի արտահանումը Եվրոպա ու ԱՊՀ երկրներ, բազմապատկվելու է։ Արդեն պայմանագրեր են կնքվել այդ ուղղություններով այս տարի կոնյակի 2 մլն շիշ արտահանելու վերաբերյալ։
Այս տարի կոմբինատը պատրաստվում է մթերել 5-7 հազար տոննա խաղող, հեռանկարում ծավալներն ընդլայնվելու են։ Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա «Մուլտի գրուպի» հիմնադիր-նախագահի կարծիքով, տարաբնույթ մրցակցություններից սպառողը միայն շահում է, քանի որ տնտեսվարողը հարկադրված է անընդհատ ապրանքի որակը բարձրացնելու ուղիներ որոնել։ Մյուս տարի Գագիկ Ծառուկյանը մտադիր է վարձակալել կամ գնել 250-300 հա խաղողի այգիներՙ հումքի հայթայթմանն անմիջական մասնակցություն ցուցաբերելով։
Ասենք, որ «Արարատ» տրեստի ապրանքանշանը հեղինակել է Մարտիրոս Սարյանը։ Գործարանի մեծ համբավին արժանի այդ ստեղծագործությունն այսօր էլ կոմբինատի անփոփոխ խորհրդանշանն է։ Իսկ Հայաստանի խորհրդանշանը, ինչպես հավատացնում է Գագիկ Ծառուկյանը, դառնալու են «Մուլտի գրուպի» կոնյակը եւ նրա մյուս արտադրատեսակները։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ