«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2003-09-27 | #176, 2003-09-30 | #177, 2003-10-01


«ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» ՏԻՖՆ Է, «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԸ»ՙ ՔԼՈՐԸ

«Ազգի»ՙ «Մեղրիում արձանագրված տիֆի անցանկալի ալիքումից որքանո՞վ են ապահովված Սյունիքի մյուս տարածքները եւ ինչպիսի՞ն է օպերատիվ վիճակը» հարցին մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը պատասխանեց. «Արդեն 6-7 օր հիվանդության նոր արձանագրումներ չկան։ Ի դեպ, ե՛ւ մարզային, ե՛ւ հանրապետական կառույցները շատ արագ եւ համալիր միջոցառումներով արձագանքեցին. օպերատիվ վիճակը վերահսկում է մարզպետ Էդիկ Բարսեղյանը, նախարարության գործուղումով տեղում աշխատում են համապատասխան մասնագետներ, լրացվում է լաբորատորիաների եւ հիվանդանոցների դեղորայքային բազան, պարբերաբար տրվում են մեթոդական ցուցումներ։ Ամփոփեմ. տագնապի լուրջ առիթ չկա, վիճակն ամբողջովին վերահսկելի է»։ Իսկՙ «Ճշտվա՞ծ էՙ վարակի աղբյուրը եւ վարակի տարածման ուղին ջուրը չէ՞» հարցի առնչությամբ Ա. Ծատրյանը պարզաբանեց. «Աղբյուրը դժվար է հաստատ վկայակոչել, բայց խմելու ջրով տարածումը բնավ էլ չի բացառվում։ Ներքին ցանցի վիճակն օրհասական է ողջ մարզում։ Մեր ծառայություններն էլ հաճախ, այո, ցավալիորեն հաճախ ստիպված են պայքարել հետեւանքների դեմ։ Օրինակ, մաքրող կայանների արդի վիճակով ջրի վարակազերծման մասին խոսելը շատ է հարաբերական։ Ակնկալում ենք, որ կառավարությունում ի վերջո միջոցներ կգտնվեն...»։

Գորիսի հիգիենիկ հակահամաճարակային կայանի բժիշկ Լենա Մալինցյանն էլ տեղեկացրեց, որ «ջրավերացման կետերի նմուշների ամենօրյա մանրէաբանական հետազոտությունը, հիվանդանոցներից եւ պոլիկլինիկաներից պարբերաբար ստացվող հաղորդումները վկայում են, որ վիճակը հանգիստ է»։ «Իսկ քլորի չարաշահում չկա՞» հարցի պատասխանն էր. «Առաջին սպառման կետում եւ ներքին ցանցում մնացորդային քլորը միշտ էլ թույլատրելի նորմայի սահմաններում է»։

Զրուցում ես, լսում բոլորին, հավատում, հասկանում, որ նրանք ամենազոր չեն կարող լինել, քանի դեռ հողի տակ խմելու ջուրն ու կոյուղին «սերտ հարաբերությունների» մեջ են։

Հիմա «խաղահրապարակում» տիֆն է, կենտրոնական պաշտպանըՙ քլորը։ Հարցՙ թափո՞ւր է արդյոք... պահեստայինների նստարանը...

ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4