Հաջորդ հանդիպումը փետրվարին Թբիլիսիում
ՄՈՍԿՎԱ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Կովկասյան քառյակի» խորհրդարանների ղեկավարների վեցերորդ հանդիպումը կկայանա փետրվարին Թբիլիսիում։ Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։ Միրոնովը դրական է գնահատել հինգերորդ հանդիպման արդյունքները, որին մասնակցել են նաեւ Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն։ «Վրաստանին եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող որեւէ խնդիր չկա, որ մենք չենք քննարկել», ասել է Միրոնովը։ Ըստ նրա, կողմերը քննարկել են նաեւ Պանկիսիից չեչեն փախստականների վերադարձի հարցը։ Միրոնովը նշել է նաեւ, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը հանդիպմանը մասնակցում էր առաջին անգամ։ «Մեզ հետաքրքրում էր, թե նա ինչպես կգնահատի այդ ֆորմատը», ասել է Դաշնային խորհրդի խոսնակը։ Միրոնովը հայտնել է նաեւ, որ «կովկասյան քառյակի» հանդիպումների արդյունքների մասին «մենք ավանդաբար ոչինչ չենք պատմում։ Նման հանդիպումների անցկացումը իմ նախաձեռնությունն էր», եզրափակել է Միրոնովը։