«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2003-09-27 | #176, 2003-09-30 | #177, 2003-10-01


ԱՐՏԱՀԵՐԹ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑ ԱՊԵՐԻ ԿԻՆԸՙ ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

Պարզվեց նաեւ, որ գործով կա անջատված մաս

Տիգրան Նաղդալյանի սպանության գործով երեկվա նիստի հենց սկզբում դատարանում հայտնվեց գործով ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի (Ապերի) կինըՙ դատակոչված վկա Գայանե Մելքոնյանը։ Նա պատճառաբանելով, որ հեռախոսազանգերով իրեն անընդհատ ահաբեկում են, ցանկություն հայտնեց ցուցմունք տալ։

Վկա Գայանե Մելքոնյանը դատարանին ներկայացրեց 6 ամիս իր մոտ պահված մի գրություն, որը, ըստ տկն Մելքոնյանի, գրել է Ապերը։

Մեղադրող Զելիմ Թադեւոսյանը, իրավիճակը ոչ սովորական որակելով, միջնորդեց փոփոխել ապացույցների հետազոտման սահմանված կարգը։ Նախ լսել վկա Գայանե Մելքոնյանին, ապա նոր միայն անցնել ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի հարցաքննությանը։ Թադեւոսյանը միջնորդեց նաեւ դատարան ներկայացնել ամբաստանյալ Արմեն Սարգսյանին, որը դատարանի որոշմամբ հեռացվել է ամբաստանյալների ցուցմունքների ժամանակ։

Դատարանը որոշեց ապահովել ամբաստանյալ Արմեն Սարգսյանի ներկայությունը դատական նիստին։ Իսկ երբ դատարան բերվեց Արմեն Սարգսյանը, դատավորը որոշեց հարցաքննել վկա Գայանե Մելքոնյանին։ Այս կապակցությամբ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը հայտարարեց, որ Ապերի հարցաքննության հետաձգումը եւ նրա կնոջ ցուցմունք տալը չի բացառում, որ բարոյական ճնշում լինի Ապերի վրա։ Ըստ Գրիգորյանի կարծիքի, վկային տվյալ պահին հարցաքննելը կարող է բացառապես ուղղորդող նշանակություն ունենալ, քանի որ նրանից հետո կհարցաքննվի Հովհաննես Հարությունյանը։

Չնայած դրան, դատարանն արդեն որոշում էր կայացրել վկային հարցաքննելու, ուստի սկսեց ցուցմունք տալ Գայանե Մելքոնյանը։ Նա պնդեց իր նախաքննական ցուցմունքները։ Վկան նշեց, որ պարտավոր է համարում պաշտպանել իր ամուսնուն եւ միեւնույն ժամանակ իրեն թույլ չի տա կեղծ ցուցմունք տալ Արմենի դեմ։

Վկան սկսեց հենց այն պահից, երբ Ապերին հետախուզում հայտարարելու ժամանակ նա փախել է տնից։ Այդ պահին կնոջ այն հարցին, թե ինչ կապ ունի Տիգրան Նաղդալյանի սպանության հետ, Ապերը պատասխանել է. «Արմենի կեղտերն են քաշում»։ Այնուհետեւ, վկայի ցուցմունքի համաձայն, Մելքոնյանը լուր է ստացել Ապերիցՙ խնդրանքով իր հետագա անելիքը ճշտել Արմեն Սարգսյանից։ Տեղեկատվության փոխանակումից հետո Արմեն Սարգսյանի քեռու կին Մանիկ Վարդանյանը լուր է բերել (ենթադրվում էՙ Արմենից), թե Ապերը պիտի աշխատի չբռնվել, բռնվելու դեպքում էլ ամեն ինչ վերցնել իր վրա։ Այնուհետեւ Գայանե Մելքոնյանը գնացել է Արարատ, տեսել Արմեն Սարգսյանի մորըՙ տկն Գրետային եւ դիմել օգնելու խնդրանքով։

Սրանից հետո չստանալով օգնություն, իր իսկ խոսքերով, Մելքոնյանը համոզվել է, որ Ապերին ոչ ոք չի պատրաստվում օգնել, դրա համար էլ իր ամուսնուն լուր է ուղարկել, թե ոչ մեկի վրա հույս մի դիր։ Երկրորդ անգամ Արարատ Ապերի կինը գնացել է ամուսնու ձերբակալվելուց հետոՙ խնդրելով դատապաշտպան գտնել։ Իսկ երբ ձերբակալվել է Արմեն Սարգսյանը, տկն Գրետան գնացել է Ապերենց տուն եւ դատապաշտպան առաջարկել։ Գայանե Մելքոնյանը, չհավանելով դատապաշտպանի վերաբերմունքը, հրաժարվել է նրա ծառայությունիցՙ ընտրելով մեկ այլ դատապաշտպանիՙ Հոկտեմբեր Քարամյանին։

Խոսելով դատարան ներկայացրած երկտողի մասին, վկան նշեց, որ երկտողը վեց ամիս պահել է տանը։ Ըստ նրա, գրության հեղինակն Ապերն է։ Բովանդակությունը մոտավորապես հետեւյալն է։ Ապերը գրել է, թե այսպես շարունակվելու դեպքում իրեն փաստացի ստիպում են լինել պատվիրատու։ Ըստ գրության, պետք է անպայման խոսվեր տկն Գրետայի հետ, քանի որ պատվիրատու լինելը շատ վտանգավոր է։ Այնուհետեւ գրության մեջ նշվում է, թե Ապերը հետախուզման մեջ եղած ժամանակ ուրիշի տներում թաքնվելիս էլ չի դիմանա, ամեն մի թխկոց իր համար մահ է։ Գրելով Գրիգոր Պետրոսյանի մասին, Ապերը գրության մեջ նշել է, որ վերջինը կարող է զենքերի մասով հրաժարվել եւ ամեն ինչ գցել իր վրա։

Հարցերին ի պատասխան վկան նշեց, որ Ապերը պատվիրատու չէ։ Նա մեղավոր է այնքանով, որ գումարն Արմեն Սարգսյանից վերցրել եւ տվել է Գեղամ Շահբազյանին։ Գայանե Մելքոնյանը, անդրադառնալով մինչեւ Տիգրան Նաղդալյանի սպանությունը եղած հեռախոսազանգերին, նշեց, որ դեկտեմբերի 23-ին կամ 24-ին ուշ գիշերը Արմեն Սարգսյանը զանգել է Ապերին։ Քանի որ զանգը բավականին ուշ ժամի էր, Գայանե Մելքոնյանը կասկածելով վերցրել է զուգահեռ հեռախոսափողը եւ լսել, թե ինչպես Արմենը դիմելով Ապերինՙ ասում է, որ ազգի մեջ թասիբովն ինքն ու Ապերն են։ Իր լսած մի քանի բառ խոսակցությունից Գայանե Մելքոնյանը հասկացել է, որ երեւի մինչեւ Նոր տարի ինչ-որ բան պիտի լինի, որի համար երինջ պիտի մորթեն։ Ըստ Գայանե Մելքոնյանի, Ապերն անջատել է հեռախոսը։ Իսկ երբ եկել է երկրորդ զանգը, Ապերը բղավել է, որ հեռախոսը չվերցնի։ Այն հարցին, թե ինչ էր ասում Արմեն Սարգսյանը, Ապերը կնոջը պատասխանել է, թե խմած էր, հենց այնպես խոսում էր։

Արդեն դատարանում այն հարցին, թե ինչու տկն Գրետան պիտի օգներ թաքցնել Ապերին, վկան պատասխանեց, որ, ըստ իրեն, Արմենն էր այս ամենը կազմակերպել։ իր ամուսնու նամակով էլ ինքը համոզվել է, որ պատվիրատուն Ապերը չէ։ «Իսկ թե ո՞վ է պատվիրատուն» հարցին Գայանե Մելքոնյանը պատասխանեցՙ Արմեն Սարգսյանը։

Վկային հարցեր ուներ նաեւ ամբաստանյալ Արմեն Սարգսյանը։ 1-2 ճշգրտող հարցից հետո Սարգսյանը որոշեց հարցեր չտալՙ պատճառաբանելով, թե ամոթ է։ Գայանե Մելքոնյանն էլ ի պատասխան նշեց, որ ամաչելու շատ բաներ ունի Արմեն Սարգսյանը։ Ապա պարզաբանեց, որ նկատի ուներ Արմեն Սարգսյանի պատճառով իրենց անտերության մատնվելը։

Վկայի հարցաքննությունից հետո հայտարարվեց ընդմիջում, որից հետո ամբաստանյալ Արմեն Սարգսյանն արդեն դահլիճում չէր։ Այսինքնՙ դատարանը վերադարձավ ապացույցների հետազոտման նախկին կարգին։ Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նա նշեց, որ այսպես ասած ամբաստանյալներին մշակում են։ Այս կապակցությամբ դատավոր Սարո Արամյանը բացառիկ նորություն հայտնեցՙ նշելով, որ իր որոշմամբ թույլատրված է մեկուսարանում հարցաքննել ամբաստանյալներից ոմանց, քանի որ կա գործով անջատված մաս։ Թե ինչ է քննվում անջատված մասով, անհայտ է։

Դատավարությունը պետք է շարունակվեր Հովհաննես Հովհաննիսյանի ցուցմունքներով, բայց քանի որ պաշտպան Լուսնթագ Բադալյանը հայտնեց, թե վատ է զգում իրեն, նիստն ընդմիջվեց մինչեւ հինգշաբթի։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4