«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2003-09-30 | #177, 2003-10-01 | #178, 2003-10-02


ԱՆԿԱՐԱՆ ԱՆՑԱՆԿԱԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ

Շվեյցարիայի Վո կանտոնի կողմից այս տարվա սեպտեմբերի 23-ին Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը բավականին սրել է թուրք-շվեյցարական հարաբերությունները։ Առաջիկա հոկտեմբերի 6-ին նախատեսված Շվեյցարիայի արտգործնախարար տկն Միշելին Կալմի-Ռեյի երկօրյա աշխատանքային այցը Թուրքիա չի կայանալու, քանի որ սեպտեմբերի 29-ին Թուրքիայում Շվեյցարիայի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ եւ տեղեկացվել, որ Շվեյցարիայի ԱԳ նախարարի այցը անցանկալի է Վո կանտոնի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման պատճառով։

Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում էր նախարարի այցելությունը Անկարա եւ Թուրքիայի քրդաբնակ շրջանները, որտեղ Շվեյցարիան օգնության ծրագրեր է իրականացնում։

Մեկնաբանելով թուրքական իշխանությունների նման որոշումը ԱԳ նախարար տկն Կալմի-Ռեյը հայտարարել է, որ այցի չկայանալը «չի խթանում Թուրքիայի հետ վեջին տարիներին դանդաղորեն վերականգնվող հարաբերությունները... Նախարարների մակարդակով երկխոսությունը դժվարանում է, եթե չասենք անհնար է դառնում», ավելացնելով, որ կանտոնալ բանաձեւը Ֆեդերալ իշխանություններին ոչինչ չի պարտադրում։

Տկն Կալմի-Ռեյը թուրքական իշխանությունների որոշումը անվանել է «չափազանցված» նշելով, որ «մենք մեր դժգոհությունը փոխանցել ենք թուրքական իշխանություններին»։

Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված շվեյցարական իշխանությունները բավականին զգուշավորություն են ցուցաբերում։ Այսպես, այս տարի մայիսին Շվեյցարիայի պառլամենտի օրակարգի քննարկման ընթացքում Հայոց ցեղասպանության հարցը հանվեց օրակարգից, հիմնականում կառավարության եւ մասնավորապես Շվեյցարիայի ԱԳՆ-ի ներկայացրած փաստարկների հիման վրա։ Շվեյցարիան հանդիսանում է հինգերորդ երկիրը Թուրքիայում կատարված ներդրումների քանակով եւ մեծ զգուշավորություն է դրսեւորում Թուրքիայի հետ հարաբերություններում, չվտանգելու համար այդ երկրում իր տնտեսական հետաքրքրությունները։ 2002 թ. Շվեյցարիայի նախագահ Պասկալ Կուշպենը Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել էր, որ «հարգում է հայկական հարցի նկատմամբ թուրքերի նրբազգացությունը»։

Այսօր Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային խորհրդի պաշտոնական դիքորոշումը հետեւյալն է. «Ափսոսում եւ դատապարտում է ողբերգական տեղահանումներն ու կոտորածները, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրության վերջին տարիներին եւ որոնցից բազմաթիվ զոհեր եղան հայ ազգաբնակչության շրջանում»։ Դրա հետ մեկտեղ շվեյցարական իշխանությունները գտնում են, որ իրենք չէ, որ պետք է մեկնաբանեն Անատոլիայի պատմությունը եւ որ Շվեյցարիայի արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանըՙ խթանելով երկու երկրների երկխոսությունը եւ նման բանաձեւի ընդունումը կարող է վնասել այդ գործընթացին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Շվեյցարիայի Վո կանտոնի Մեծ խորհուրդը (օրենսդիր մարմին) ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության բանաձեւը առաջադրել էր Վո կանտոնի Մեծ խորհրդի պատգամավոր Մասիմո Սանդրին, եւ ձայների զգալի առավելությամբ ընդունվել Մեծ խորհրդի կողմից։

1998 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Ժնեւ կանտոնը։

2001 թ. մարտի 13-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը դրվել էր քվեարկության նաեւ Ազգային խորհրդում, որը քվեարկությամբ չընդունվեցՙ 73 դեմ եւ 70 կողմ։

Նախատեսվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւը, որն առաջադրել է Ազգային խորհրդի պատգամավոր Ժան-Կլոդ Վոդրոն (Ժնեւի կանտոն) եւ որը ստորագրել են Ազգային խորհրդի 114 պատգամավորներ (ընդհանուրըՙ 200 պատգամավոր), Ազգային խորհրդի քննարկմանը կներկայացվի գալիք դեկտեմբերին։

Այս հարցում Շվեյցարիայի ներքին քաղաքական ակտիվությունը կարող է պայմանավորված լինել նաեւ հոկտեմբերի 19-ին կայանալիք Շվեյցարիայի դաշնային պառլամենտի ընտրություններով։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4