«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2003-09-30 | #177, 2003-10-01 | #178, 2003-10-02


ՄՏԱՀՈԳԻՉ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՎՐԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

Նախընտրական պայքարում վրացի քաղաքական գործիչները միմյանց վիրավորանք հասցնելու նպատակով օգտագործում են «հայի մեկը» արտահայտությունը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի

Սեպտեմբերի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Ս. Օգանեզովայի հետ հեռախոսազրույցում Մառնեուլի շրջանային վարչության նախագահի տեղակալ Գոչա Լորիան հայտնել է, որ տեղի բնակչությունը (Մառնեուլի, Բոլնիսի, Դմանիսի եւ Գարդաբանի շրջանները գերազանցապես ադրբեջանաբնակ են- խմբ.) շրջանային վարչությանը տեղեկացրել է, որ նպատակադրվել է հոկտեմբերի 1-ից Հայաստանը Վրաստանի հետ կապող երկաթուղին եւ ավտոճանապարհը փակել եւ իբր այդ գործողություններն իրականացվելու են շրջանի էլեկտրամատակարարումը վերսկսելու պահանջով։

Նույն օրը ուշ երեկոյան Վրաստանում Հայաստանի դեսպան Գեորգի Խոսրոեւը հանդիպել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեի հետՙ ներկայացնելով հայկական կողմի մտահոգությունները հոկտեմբերի 1-ից Հայաստանը Վրաստանի հետ կապող ավտոճանապարհը եւ երկաթուղին փակելու մտադրությունների կապակցությամբ։

«Ազգը» դիվանագիտական աղբյուրներից տեղեկացավ, որ Թեդո Ջափարիձեն խոստացել է անել հնարավորը, որպեսզի Հայաստանի ճանապարհը չփակվի։

Լինելով Բոլնիսի եւ Մառնեուլի շրջաններում, մենք տեղեկացանք, որ ե՛ւ սեպտեմբերի 30-ին, ե՛ւ հոկտեմբերի 1-ին փորձ է արվել փակելու ճանապարհը։ Ընդսմին պարզ չէ, թե ովքեր են փորձում փակել ճանապարհըՙ տեղի ադրբեջանցինե՞րը, ովքեր իրոք ամիսներով լույս չեն ստանում, թե՞ այդ տարածաշրջանում նախագահ Էդ. Շեւարդնաձեի նախկին լիազոր Լեւան Մամալաձեն։

Մամալաձեն տարիներ շարունակ համարվում է Շեւարդնաձեի հավատարիմը Քվեմո Քարթլիում եւ նահանգապետի պաշտոնը թողեց մի քանի օր առաջ, որպեսզի մասնակցի նոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Հիշեցնենք, որ Մառնեուլի շրջանում Հայաստան մտնող ճանապարհները փակվել էին սեպտեմբերի 15-ին, ճիշտ է, միայն մի քանի ժամով։ Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում եւ Թբիլիսիում տարածվում են խոսակցություններ, թե ադրբեջանցիների դժգոհությունների հետեւում թաքնվում է քաղաքականություն, որն ուղղորդվում է Թբիլիսիից։

Ընդհանուր առմամբ, որքան մոտենում են ընտրությունները, Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում իրավիճակը դառնում է մտահոգիչ։

Սեպտեմբերի 26-ին Բոլնիսի շրջանի ադրբեջանաբնակ Թալավերի գյուղի մոտակայքում տեղի ունեցավ զանգվածային ծեծկռտուք, որին մասնակցում էին մի կողմից հայ լինելու մեջ մեղադրվող Միխայիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության, մյուս կողմիցՙ ներքին գործերի աշխատակիցները եւ կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» նախընտրական միավորման կողմնակիցները, երբ Սահակաշվիլին եւ նրա համախոհները փորձում էին նախընտրական հանդիպում անցկացնել ի պաշտպանություն իրենց կուսակցության մեծամասնական պատգամավորության թեկնածուՙ ազգությամբ ադրբեջանցի Ջեմալ Մուրադխանովի։

Ծեծկռտուքի ընթացքում, որին մասնակցել է ավելի քան 200 մարդ, մի քանի տասնյակը ստացել է մարմնական վնասվածքներ, Բոլնիսի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն Սահակաշվիլուն վիրավորելու նպատակով կոպիտ եղանակով դիմել է նրան հետեւյալ խոսքերով. «Շեն, սումեխո» (Դո՛ւ, հայի մեկը)։

Ջարդուփշուր մեքենաներով եւ բզկտված վերնաշապիկներով Բոլնիսից վերադառնալով Թբիլիսի, Սահակաշվիլին մամուլի ասուլիս տվեց եւ հայտարարեց. «Շեւարդնաձեն արդեն կորցրել է Վրաստանի տարածքի 1/3-ը եւ թող ուշադիր լինի, այլապես նման առճակատման հետեւանքով կարող է կորցնել ամբողջ երկիրը»։

Բացի Միխայիլ Սահակաշվիլուց, մի շարք այլ վրացի գործիչներ մեղադրվում են հայ լինելու կամ հայկական արմատներ ունենալու մեջ, այդ թվում Նինո Բուրջանաձեն եւ Զուրաբ Ժվանիան։ Այս երեք երիտասարդ քաղաքական գործիչներն ունեն ամենաբարձր վարկանիշը։

Մի քանի ամիս առաջ խորհրդարանի փոխնախագահ Վախթանգ Ռչեուլիշվիլին Զուրաբ Ժվանիային անվանել էր «արվամոլ եւ հայ», ինչի պատճառով դաժան ծեծի ենթարկվեց Ժվանիայի կողմնակիցների կողմից։

Բոլնիսի միջադեպին արձագանքել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթյանըՙ կոչ անելով Զուրաբ Ջափարիձեին հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնիցՙ նրա արարքը գնահատելով հակապետական գործողություն եւ հայ ժողովրդի նկատմամբ վիրավորանք։ Այդ հայտարարության համար, ինչպես տեղեկացավ «Ազգը» վստահելի աղբյուրներից, Վան Բայբուրթյանն ստացել է խիստ նախազգուշացում Էդ. Շեւարդնաձեից աջակցություն ստացող «Հանուն նոր Վրաստանի» նախընտրական բլոկի ամենաազդեցիկ գործիչներից մեկիցՙ նույն Լեւան Մամալաձեից։

Բոլնիսի դեպքերի կապակցությամբ սեպտեմբերի 29-ին վրացական ԶԼՄ-ներում հայտարարությամբ հանդես էր եկել Թբիլիսիում ՀՀ դեսպան Խոսրոեւը։

Մասնավորապես դեսպան Խոսրոեւը նկատել էր տվել, որ նման հայտարարությունները, նկատի ունի «դու, հայի մեկը» արտահայտությունը, եւ վրացական մամուլում որոշ քաղաքական գործիչներիՙ հայկական ծագման մասին հրապարակումները կարող են Վրաստանում ազգամիջյան առճակատումների հանգեցնել։

Դեսպանը ցավով նշել է, որ «հայ» բառը բացասական իմաստով օգտագործել է պաշտոնատար անձը, այս դեպքումՙ Բոլնիսի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Զ. Ջափարիձեն, եւ հույս հայտնեց, որ վրաց ժողովուրդը թույլ չի տա նման փաստերի կրկնությունն ապագայում։

Բոլնիսի միջադեպի առիթով հայտարարություն են տարածել Թբիլիսիում ԱՄՆ եւ Ադրբեջանի դեսպանատները, իսկ «Նոր աջեր» կուսակցության առաջնորդ Դավիթ Գամղրելիձեն ասել է. «Վրաստանը պետք է մտահոգվի ոչ թե ազատ, արդար ընտրությունների, այլՙ անարյուն ընտրությունների անցկացումից»։

Նախագահ Էդ. Շեւարդնաձեն, որ երբեմն հայտարարում է հայ ժողովրդի հանդեպ իր տածած հարգանքի մասին, չի դատապարտել Զ. Ջափարիձեի անպարկեշտ կեցվածքը։ Ուշագրավ է, որ Շեւարդնաձեն չդատապարտեց իր համախոհ Վ. Ռչեուլիշվիլուն, երբ վերջինս Զ. Ժվանիային անվանեց «արվամոլ եւ հայ»։

Մոտ երկու ամիս առաջ ընդդիմությունը հանրահավաքում հայտարարել էր, թե Շեւարդնաձեի ռեժիմը չի տարբերվում Ալիեւի եւ Թյուրքմենբաշու ռեժիմից։ Հաջորդ օրը Շեւարդնաձեն իր ռադիոելույթում ներողություն էր խնդրել Ալիեւից. ինչը չարեց նա հայերի դեպքում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4