«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2003-09-30 | #177, 2003-10-01 | #178, 2003-10-02


ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՄԱՍՈ՞Ն Է

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Մեր կուսակցական ղեկավարները քաղաքական հեռատեսություն չեն ունեցած անցեալին եւ չունին այսօր իսկ։ Տարված են անձնական շահերեն։ Իրենց աթոռը պահելու, իրենց դիրքը ամրացնելու մասին կմտածեն։ Դիվանագիտության եւ քաղաքական հեռատեսության պակասը թե արտասահմանի մեջ է, թե Հայաստանի մեջ», իր նամակներում գրել է միջազգային դեմք դարձած, հեղինակավոր մի հայ, հայտնի «գնդապետ Քեշիշյան բեյ» մականունով, որ ավելի քան 40 տարի եղել է մասոնական, ու նաեւ սիոնական, իսկ կյանքի վերջումՙ 93 տարեկանում, 1972 թվականին մահացել որպես հակասիոնիստ։ «Մեծ Մերձավոր Արեւելք հրեական ծրագրի համաձայն, համաթրքական ուժ պիտի ստեղծվի Թուրքիո եւ Ադրբեջանի միացումով եւ Իրանի գործակցությամբ, հակադրվելու համար արաբական հսկա աշխարհին, սանձելու համար արաբական շարժումը դեպի Իսրայել։ Պանթուրանիզմի ծրագիրն է, որ պիտի իրագործվի, բայց անոր իրագործման ճամփուն վրա մեծ արգելք մըն է Հայաստանի գոյությունը։ Խաղ մը պիտի խաղցվի հայության գլխուն, որպեսզի մեջտեղեն վերցնեն զինքը» նախազգուշացրել է նա։ Այս մասին տեղեկացանք «Հայ արիական միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանի հրավիրած երեկվա մամլո ասուլիսում, որի նպատակը, ինչպես հայտնեցին կազմակերպիչները, մեր քաղաքական ու մտավորական դաշտի վրա մասոնական կազմակերպությունների ազդեցության վտանգի մասին հանրությանը տեղեկացնելն էր։

Նրա դիտարկմամբ, ներկայումս մեր ղեկավար շրջաններում իրենց ազգերի ու երկրների շահերն են պաշտպանում «յան» ազգանվամբ ռուսներ, հրեաներ, քրդեր, եզդիներ, ասորիներ, թուրքեր, ադրբեջանցիներ եւ այլն։ Կազմակերպվում է նպատակային ազգափոխություն, որի մասին են վկայում վերջերս Հայաստանում քաղաքական ապաստան խնդրող հազարավոր քրդերի, աֆրիկացիների եւ այլոց դիմումները, որոնց մի մասը, պրն Ավետիսյանի հավաստմամբ, արդեն բավարարված է։ Մյուս վտանգավոր երեւույթը, ըստ նրա, հայ մասոնների առկայությունն է, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են երկրում անբարոյական մթնոլորտ ստեղծելունՙ ենթարկվելով օտար ուժերին։ Եվ այսպես, մասոն են եղել Գրիգոր Աշերյանը, Սիմոն Վրացյանը, Ռուբեն Տեր¬Մինասյանը եւ այլք։ Խիստ անսպասելի էր նրա հայտարարությունը, չնայած արդեն տարածված լուրերի, որ այսօրվա քաղաքական ղեկավարներից մասոն է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ «Մոսկվայում այս օրերին նա ավարտեց մեծ օթյակի առաջին փուլը եւ շուտով կմեկնի Փարիզՙ օծվելու որպես Հայաստանի ապագա նախագահ։ Դա կլինի ջհուդա¬մասոնական ագրեսիայի վերջին փուլը», ասաց պրն Ավետիսյանը։

Լրագրողների հարցին, թե ինչ ասել է վերջին փուլ, տրվեց պատասխան, որ նրա նախագահ դառնալու դեպքում Հայաստանը հիմնովին կկործանվի։ Ովքե՞ր են մյուս մասոնները։ «Անի» հյուրանոցում գործող «Ռոտարի» ակումբի անդամներ են պատմաբաններ, ազգագրագետներ, գործարարներ։ Նրանց անուններն ամբողջությամբ կհրապարակվեն առանձին, իսկ մինչ այդ պրն Ավետիսյանը նշեց մի քանիսիՙ հիշյալ ակումբի նախագահ Ահարոն Ադիբեկյանի, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի անունները։ Մեր հարցին, թե խոսե՞լ է ինքը նրանց հետ եւ հաստատե՞լ են նրանք իրենց մասոն լինելը, որքան էլ տարօրինակ է, հնչեց դրական պատասխան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4