Այսպես է եղել. հայ մարդը ինչ նպատակով ուր էլ մտած լինի, գոնե եկեղեցի ու դպրոց մաքուր հոգով է մտնում, որ տարիքում էլ լինի։ Չի կարելի ասել, որ այսօրվա հայ դպրոցը փայլում է, չի կարելի ասել, թե իշխանություններն այսօր հատուկ հոգատարություն են ցուցաբերում հայ դպրոցի նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, երեխաները դպրոցի շեմն անցնում են երկյուղածությամբ, տարեցներըՙ կարոտով ու բարի հիշողություններով։ Այսպես է։
Այսպես է նաեւ մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 դպրոց մտնելիս։ Այսպես է տոնական օրերին (սեպտեմբերի 1-ին եւ Ուսուցչի օրը) եւ սովորական օրերին։ Հավատում ես դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանին, մանկավարժներ Սվետլանա Պողոսյանին, Սոֆյա Խաչատրյանին, մյուսներին, ովքեր ասում են, թե դպրոցի շեմից արդեն մոռանում են, որ աշխատավարձերը քիչ են, որ այս դպրոցն էլ կարող է «օպտիմալիզացիայի» ծանր մահակի տակ հայտնվել մի օր, որ... հազար ու մի «որ» կա։ Սակայն այս ամենն անցողիկ է, որովհետեւ Արթուրի ու Սոնայի նման հրաշք երեխաների համար, նրանց վաղվա օրվա համար մոռանում ես ամեն մի հոգս ու նեղություն։ Առաջին բառերն են կարդում նրանք, հայոց մեծ պատմության առաջին էջերն են կարդում, որպեսզի վաղն այս երկրին տեր կանգնեն։
Հայոց պատմության մեջ մեր բոլոր մեծերըՙ զորավարները, պատմիչները, ծաղկողները, երկիրը շեն պահող շինականները հենց վարժապետ են եղել, ուսուցիչ, գեղեցիկ ապրելու եւ գեղեցկությունն զգալու այբուբենն են ուսուցանել։ Այսօր եւս այդպես է, որովհետեւ վաղվա Հայաստանը փրկելու խնդիր ունենք, վաղվա հային փրկելու խնդիր։ Եվ այն, ինչ արվում է թիվ 189 դպրոցում, համոզված ենք, որ արվում կամ արվելու է մյուս դպրոցներում։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ