Սեպտեմբերի 26-ին ժամը 17.30-ին Բեռլինի համերգային դահլիճի «Բեթհովեն» սրահում մատուցված հյուրասիրությամբ, այնուհետեւ ժամը 19-ին համերգասրահի փոքր դահլիճում սկսված տոնական համերգով Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը նշեց ՀՀ ազգային տոնըՙ անկախության 12-րդ տարեդարձը։ 400 տեղանոց դահլիճն անշուշտ լեփ-լեցուն պիտի լիներ, հրաշալի առիթ էր ջութակահար Արաբելլա Շթայնբախերի եւ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի համերգն ըմբոշխնելու։
Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հրավերին արձագանքել էին Բեռլինում հավատարմագրված մոտ 30 դեսպանությունների դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ, Բունդեսթագի պատգամավորներ, որոնց մեջ մեծ թիվ էին ներկայացնում Հարավկովկասյան խմբակցության անդամները, գերմանական խոշոր բանկերի ներկայացուցիչներ, բիզնեսի աշխարհի մարդիկ, ինչպես նաեւ հայ համայնքի ճանաչված դեմքեր։
Տիկին Ղազինյանի ողջույնի համառոտ խոսքին հետեւեց Արաբելլա Շթայնբախերի եւ Վարդան Մամիկոնյանի մեկուկես ժամանոց համերգը։ Ծրագրումՙ Ֆրիթց Քրայսլերի ջութակի համար գրված Re՛citatif et scherzo-ն, Ռավելի ջութակի եւ դաշնամուրի համար գրված սոնատը, Ռավելի Valses Nobles et Sentimentales-ը դաշնամուրի համար, Բաբաջանյանի «Պոեմ» էլեգիան, Խաչատրյանի «Տոկկատան»։ Իսկ ամենավերջում, պարզ է, որոտընդոստ ծափեր, բիս, օվացիա...
Ան. Հ., Գերմանիա