ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է, եւ Հայաստանը այն նշում է ավելի քան 10 տարի։ Ինչպես հայտնեց ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը, ներկայումս Հայաստանում ապրում են 500 հազարից ավելի տարեցներ, եւ այդ իսկ պատճառով երկիրն այսօր համարվում է ծերացող։ Նախարարությանը պատկանող երկու տուն-ինտերնատներում խնամվում են 450 ծերեր, իսկ Միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոնը Երեւան քաղաքում տնային պայմաններում սպասարկում է 1200 միայնակ ծերերի եւ հաշմանդամների։ Վարչության պետը նշեց նաեւ, որ ի տարբերություն նախորդ տարիների, ներկայումս ծերանոցներ ընդունվելու համար հերթեր չեն գոյանում։ Դա, ըստ Ջեմմա Բաղդասարյանի, պայմանավորված է ոչ թե ծերանոցներում տեղերի ավելացմամբ, այլ դիմողների քանակի նվազմամբ։ «Նախարարության քաղաքականությունն է ոչ թե ավելացնել ծերանոցների թիվը, այլ հնարավորինս կազմակերպել տնային սոցիալական սպասարկումներ», ընդգծեց Բաղդասարյանը։