Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզասրահում մեկնարկել է թենիսի «Կրեմլի գավաթի» խաղարկությունը։ Արդեն մեկնարկից կանանց մրցաշարում, որտեղ խաղարկվում է 1,3 մլն դոլար մրցանակային հիմնադրամ, առաջին անակնկալները գրանցվեցին։ Որակավորման փուլի արգելքը հաղթահարած ռուսաստանցի Վերա Դուշեւինան հաղթեց փորձառու ամերիկուհի Լայզա Ռեյմոնդին (6-2, 7-6)։ Վերա Զվոնարյովան պարտության մատնեց գերմանուհի Ամանդա Կյոտցերին։ Հաջորդ փուլ դուրս եկան նաեւ Մառլեն Վայնգարտները, Տատյանա Պերեբեյնիսը, Ելենա Կոստանիչը, Թինա Պիսնիկը։
Տղամարդկանց մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը 1 մլն դոլար է, հանդես է գալիս նաեւ Սարգիս Սարգսյանը։ Սարգիսը մրցումները սկսեց զուգախաղից, որտեղ ընկերակցելով վրաց թենիսիստ Իրակլի Լաբաձեին, մրցեց Եվգենի Կաֆելնիկով-Միխայիլ Յուժնի զույգի հետ։ Առաջին խաղափուլն ավարտվեց 7-6 հաշվովՙ հօգուտ ռուսական զույգի։ 2-րդ եւ 3-րդ խաղափուլերում Սարգիսն ու իր խաղընկերն ամեն ինչ արեցին հաղթանակի համար եւ կարողացան պարտության մատնել ահեղ մրցակիցներին (6-4, 7-5)։
Զուգախաղում հաղթանակ տոնելուց հետո, Սարգիսը հաջող հանդես եկավ նաեւ մենախաղում։ Նա երկու խաղափուլում պարտության մատնեց իտալացի Ֆիլիպո Վոլանդրիին (6-1, 6-2)։ Հաջորդ փուլում Սարգսի մրցակիցը կլինի «Կրեմլի գավաթի» հնգակի գավաթակիր Եվգենի Կաֆելնիկովը։ Առաջին անգամ նա հաջողության էր հասել 1996 թ.ՙ եզրափակիչում հաղթելով Անդրեյ Չերկասովին։ Երկու տարի անց նա կրկին հաղթեց Չերկասովին։ 2000 թ. նրա մրցակիցը Դենիս Գոլովանովն էր, իսկ մեկ տարի անց Կաֆելնիկովը պարտության էր մատնել Միխայիլ Յուժնուն։ Անցյալ տարի Կաֆելնիկովը եզրափակիչում հաղթել էր Վլադիմիր Վոլչկովին։ «Կրեմլի գավաթի» ընթացիկ մրցաշարում Կաֆելնիկովի մրցակիցը թենիսիստների դասակարգման ցուցակում 160-րդ տեղում ընթացող Իգոր Կուրիցինն էր։ Կաֆելնիկովը, որն այս տարվա վերջին մտադիր է ավարտել ելույթները մեծ թենիսում, առաջին խաղափուլում 6-0 հաշվով հաղթեց մրցակցին։ Երկրորդ խաղափուլում համառ ու անզիջում մրցապայքար ծավալվեց, որն ի վերջո ավարտվեց փորձառու Կաֆելնիկովի հաղթանակովՙ 7-6։
Անակնկալ մատուցեց Դինարա Սաֆինան։ Նա 2 ժամ 25 րոպեում պարտության մատնեց անցյալ տարվա չեմպիոնուհի Մագդալենա Մալեեւային։ 17-ամյա Դինարան, իրեն հիանալի դրսեւորեց։
Տղամարդկանց մրցաշարում եւս անակնկալ գրանցվեց։ Ռուսաստանցի Իգոր Անդրեեւը հաղթեց փորձառու հոլանդացի թենիսիստ Սյենգ Շալկենին։ Ռոխուսը պարտության մատնեց Բյորկմանին (6-4, 6-4), Վինսետ Սպեյդան առավելության հասավ Անդրեյ Ստոլյարովի նկատմամբ (1-6, 6-4, 6-4)։