Հունաստանի Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում ռուսաստանյան երկու թիմերիՙ «Տոմսկ-400-Յուկոսի» եւ «Նորիլսկի նիկելի» մրցավեճն էր։ Առաջատարների խմբում գտնվող թիմերի հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի արդյունքով։ Առաջին խաղատախտակի վրա Տոմսկի թիմի առաջատար Խալիֆմանը հաղթեց Դոլմատովին։ «Նորիլսկի նիկելից» առավելության հասավ Օնիշչուկըՙ պարտության մատնելով Բելոզյորովին։ Մնացած պարտիաներում խաղաղ դաշն կնքեցին Մորոզեւիչն ու Դրեեւը, Կոբալիան ու Մալախովը, Ֆիլիպովն ու Զվյագինցեւը, Լանդան ու Նայերը։
Ֆրանսիական ՆԱՕ-ն 5-1 հաշվով առավելության հասավ Մինսկի «Վեսնիանկայի» նկատմամբ։ «Լադյա-Կազան-1000»-ը, որ նախորդ երկու տուրերում հարյուր տոկոսանոց արդյունքի էր հասել, այս անգամ Թբիլիսիի թիմի հետ մրցավեճում 1,5 միավոր կորցրեց։ 3-րդ տուրում կրկին խաղատախտակի առջեւ նստեց Գարրի Կասպարովըՙ տոնելով մրցաշարում իր 2-րդ հաղթանակը։ Կասպարովի մրցակիցը Ժոբավան էր։ Հաղթանակներ տոնեցին նաեւ Կասպարովի թիմակիցներ Բոլոգանը (Կախեշվիլու նկատմամբ), Ռուբլյովսկին (Գագանաշվիլու նկատմամբ), Խառլովը (Իզորիայի) եւ Տիմոֆեեւը (Պանցուլայայի)։ «Լադյա-Կազան-1000»-ը հաղթեց 4,5-1,5 հաշվով եւ 3 տուրից հետո 16,5 միավորով գլխավորում է աղյուսակը։
Մակեդոնիայի թիմի կազմում հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը, որ նախորդ երկու տուրերում հաղթել էր մրցակիցներին, 3-րդ տուրում հանգստանում էր։ Նրա բացակայությամբ մակեդոնական թիմը 6-0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց «Բելֆաստին»։ Այդ հաղթանակի շնորհիվ մակեդոնացիները վաստակեցին 15 միավոր եւ այժմ 2-4-րդ տեղերն են բաժանում ֆրանսիական ՆԱՕ եւ լեհական «Պոլոնիա» թիմերի հետ։ Վերջինս 5,5-0,5 հաշվով հաղթեց ֆրանսիական «Չեսս-92» թիմին։
Սլովակիայի «Կորպորա Մարտինը», որում խաղում է մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը, 5-1 հաշվով պարտության մատնեց Բելառուսի «Ռոյալին»։ Մովսիսյանը հանդես է գալիս երկրորդ խաղատախտակին եւ առայժմ բավական հաջող է ելույթ ունենում։ 3-րդ տուրում նա հաղթեց Ցեկրոյին։ Սերգեյն անցկացրած 3 հանդիպումներում իր թիմին 2,5 միավոր է պարգեւել։
Կանանց մրցաշարի միանձնյա առաջատար Սերբիայի «Ինտերնետ Պոդգորիցայի» շախմատիստուհիները, որ նախորդ երկու տուրերում միայն հաղթանակներ էին տոնել, այս անգամ 2 միավորի կորուստ տվեցին։ Սերբերի մրցակիցը ռուսական «Լադյա-Կազան-1000» թիմն էր։ Գրանցվեց ոչ-ոքի (2-2)։ Այս տուրում մրցակցիՙ Հունաստանի «Կուդոնի» նկատմամբ բացարձակ առավելության հասավ ֆրանսիական «Կան» թիմը։ 14 միավորով առաջատարն «Ինտերնետ Պոդգորիցան» է։