Նշեց առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը
Սեպտեմբերի 22-29-ը Հայաստան-սփյուռք տնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված Panarmenian Expo ցուցահանդեսների արդյունքները երեկ ամփոփեց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ Նա նշեց, որ մասնակցում էին 160 տեղական կազմակերպություններ, որոնք ներկայացնում էին իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Ցուցահանդեսը չէր ֆինանսավորվում պետբյուջեից։ Այստեղ առաջին անգամ կիրառվեց ինտերնետ բիզնեսի գաղափարը։ Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ 3-5 րոպեի ընթացքում ներկայանալ եւ ներկայացնել իր արտադրանքը։ Ցուցահանդեսի էջը, կազմակերպիչների կարծիքով, մեծ հետաքրքրություն էր առաջացրելՙ այցելուների թիվը կազմել էր մոտ 36 հազար։ Այդ թվում Եվրոպայից այցելուների թիվը մոտ 8200 էր, ԱՄՆ-իցՙ 7600, Ռուսաստանիցՙ 6500 եւ Հայաստանիցՙ 14 հազար։
Դարձյալ ԱԱՊ նախագահի հավաստմամբ, ցուցահանդեսը դրական արդյունքներ տվեց։ Մասնակիցների ավելի քան 80 տոկոսը ձեռք բերեց կոնկրետ պայմանավորվածություններ, կնքվեցին պայմանագրեր։ Մարտին Սարգսյանն առանձնացրեց ցուցահանդեսին մասնակից միակ բանկիՙ «Կոնվերս բանկի» մատուցած ֆակտորինգի ծառայության առնչությամբ շուրջ 30 պայմանավորվածությունները եւ 3 կնքված պայմանագրերը։ Այդ ծառայության մասին մանրամասներ ներկայացրեց բանկի մարկետինգի բաժնի պետ Կոնստանտին Սարոյանը։
Մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացվեց նաեւ, որ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատ են այցելել Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները եւ ներկայացրել հայկական համաշխարհային առեւտրային կազմակերպություն ստեղծելու ծրագրերը։
ԱԱՊ ցուցահանդեսների կազմակերպման պատասխանատու Աննա Հակոբյանը հայտնեց, որ նախապես խոստացվել էր, որ մասնակիցների թիվը կլինի մոտ 100, բայց եղավ 160։ Որոշ կազմակերպություններ էլ մերժվել են տարածքի սղության պատճառով։ Մասնակիցների մոտ 80 տոկոսը պատրաստակամություն է հայտնել նորից մասնակցելու նման ցուցահանդեսներին, որովհետեւ կոնկրետ արդյունքներ են ունեցել։ Նշվեց նաեւ այս ցուցահանդեսի մասնակցության վճարի չափըՙ 1 քառ. մետրի համար 40 դոլար։ Վարձակալվել էր 1200քմ տարածք։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ