Երեկ ՀՀ Կենտրոնական բանկում հանդիսավորապես նշվեց Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) գործունեության 5-ամյակը։ Ինչպես իր ելույթում նշեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, առաջին պայմանագիրը 6 մլն մարկ արժողությամբ ՀՀ ԿԲ-ի եւ գերմանական KfW բանկի միջեւ կնքվեց 1998 թ.-ին։ Դրանից հետո յուրաքանչյուր տարի գերմանական կողմը, տեղեկանալով ծրագրի հաջող իրագործման մասին, ավելացնում էր գումարը։ Ծրագրի արդյունքում ստեղծվել է 2500-3000 աշխատատեղ Երեւանում եւ 10 մարզերում։ Հիմնադրամը որպես գործընկեր բանկեր ընտրվել են 4-ըՙ «Անելիք» բանկը, «Հայէկոնոմբանկը», ACBA (Հայգյուղփոխօգնության բանկը), «Կոնվերս բանկը»։ Վարկերը 100 տոկոս վերադարձվելիություն ունեն։ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ ԳՀՀ ծրագիրն ապացուցեց, որ Հայաստանում հնարավոր է հաջողությամբ իրականացնել վարկային ծրագրեր եւ իր շնորհակալությունը հայտնեց Գերմանիայի կառավարությանը։
Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Վուլֆ Բարտելսը նշեց, որ Գերմանիայում ամենամեծ թվով աշխատատեղեր են ապահովում եւ նպաստում տնտեսության զարգացմանը փոքր եւ միջին ձեռնարկատիրությունները։ Այդ պատճառով էլ իրենք նպատակահարմար համարեցին աջակցել Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությանը։ Դեսպանը հայտնեց, որ 5 տարում 6 հազար վարկեր են տրամադրվել 40 մլն եվրո արժողությամբ, ինչի շնորհիվ պահպանվել են 10 հազար աշխատատեղեր եւ ստեղծվել մոտ 3 հազար նոր աշխատատեղեր։
Հիմնադրամի տարեդարձի կապակցությամբ ելույթ ունեցողներից KfW բանկի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանը տեղեկացրեց, որ որոշվել է բանկային համակարգում եւ տնտեսության մեջ ընդլայնել կազմակերպության ֆինանսավորած գործարար ծրագրերը։ Վերջերս ստորագրված համաձայնագրի համաձայն, եւս 7, 6 մլն եվրո է տրամադրվելու Հայաստանին։ Ելույթ ունեցողը նշեց նաեւ, որ նախապատրաստման փուլում են վարկային երաշխիքների եւ ավանդների ապահովագրման հիմնադրամների ստեղծման ծրագրերը, որոնց իր նպաստն է բերում գերմանական կողմը։
Հայաստանի բանկերից շնորհավորանքի եւ շնորհակալական խոսքով հանդես եկավ Բանկերի միության եւ «Անելիք» բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը, ընդգծելով ԳՀՀ-ի նշանակությունը Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման գործում։ Նա ցանկություն հայտնեց նաեւ, որ ապագայում հիմնադրամի գործունեության ոլորտում ընդգրկված բանկերի թիվն ընդլայնվի։
Ա. Մ.