«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2003-09-30 | #177, 2003-10-01 | #178, 2003-10-02


ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 100 ՏՈԿՈՍՈՎ ԱՆՀԻՄՆ ԵՆ

Բազմիցս ենք անդրադարձել մեր թերթի հոդվածագիրներից Հակոբ Ճարոյանի արդեն 8 ամիս շարունակվող ապօրինի ձերբակալությանը։ Սակայն կացությունը չի փոխվել, եւ ապօրինությունների շղթան շարունակվում է ձգվել։ Սա, թերեւս, այն աղաղակող դեպքն է, երբ բացահայտորեն երեւում է անձի անպաշտպանությունը չինովնիկական, տվյալ դեպքում Գեղարքունիքի մարզի դատախազության կամայականությունների առջեւ։ Կոռուպցիայի դեմ պայքարը ռազմավարություն հռչակող երկրի ղեկավարները լավ կլիներ ամպագոռգոռ հայտարարություններ կատարելու կամ հանձնաժողովներ ստեղծելու փոխարեն իրենց ուշադրությունը բեւեռեին կոնկրետ փաստի վրա։ Հակոբ Ճարոյանի այս նամակը մասնակի կրճատումներով հրապարակելով, նպատակ ունենք հանրությանը եւ խուլուհամր ձեւացող համապատասխան անձանց ներկայացնել ապօրինության այն մթնոլորտն ու օրենքի բազմաթիվ խախտումները, որոնք ուղեկցել են այս գործի ամբողջ ընթացքին։

27.08.2002 թ. իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի արդյունքում 30.01.03 թ. կալանավորվել ու մինչեւ օրս առանց համապատասխան դատավճռիՙ ավելի քան 260 օր գտնվում եմ անազատության մեջ, ընդ որում մեղադրական եզրակացությունը Գեղարքունիքի մարզի դատախազը հաստատել ու դատարան է ուղարկել 2003 թ. մարտի 25-ին։

Որ քրեական գործը կազմվել է օրենքի կոպիտ խախտումներով, կեղծ եւ շինծու ապացույցների հիման վրա, ապացուցել ու հիմնավորել եմ բազմիցս եւ այժմ էլ պնդում եմ, որ թե՛ քրեական գործ հարուցելու որոշումը եւ թե՛ կազմած մեղադրական եզրակացությունը 100 տոկոսով անհիմն են (մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ եւ գիտակցում եմ, թե ինչ է նշանակում գրված թիվը)։

Սակայն իր սխալն ընդունելու փոխարեն Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամեն քայլի դիմում է, որ «հիմնավորի» իմ «կատարած» հանցանքը, որովհետեւ իմ արդարացման դեպքում առաջանում են որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն դրանից հետո։

Քննարկենք, թե ինչո՞ւ է Գեղարքունիքի մարզի դատախազությունը ցանկանում իմ մեղքը «հաստատող» դատավճիռ վերցնել։

Անձին անհիմն մեղադրանք հնարավոր է ներկայացնել 2 դեպքումՙ

ա) քննիչն անգրագետ է, չի կարողացել օբյեկտիվ ու բազմակողմանի վերլուծել փաստերը եւ կայացնում է չհիմնավորված որոշում.

բ) քննիչը «տուժողից» կաշառք է վերցրել ու այդ նպատակով անհիմն քրգործ հարուցել։

Դիտարկենք յուրաքանչյուր դեպքն առանձին։

Գաղտնիք չէ, որ մինչեւ քրեական գործ հարուցելը այդ գործընթացն անցնում է որոշակի ճանապարհ. քրգործ հարուցելու մասին զեկուցվում է մարզի դատախազին, ՀՀ գլխավոր դատախազության տվյալ մարզի գործունեությունը վերահսկող դատախազին ու վարչության պետին, ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան բնագավառը կոորդինացնող դատախազի տեղակալին (նաեւ ՀՀ գլխավոր դատախազինՙ կախված գործի կարեւորությունից)։ Եթե քննիչի անգրագիտության պատճառովՙ փաստերի ոչ ճիշտ մեկնաբանման արդյունքում քրգործ հարուցվի, ապա այն անմիջապես կնկատվի վերոհիշյալ շղթայի որեւէ օղակում, քննիչին ցույց կտրվեն իր ոչ ճիշտ եզրակացությունները եւ քրգործ չի հարուցվի։ Նույնը վերաբերում է նաեւ անձին մեղադրանք առաջադրելուն եւ կալանավորելուն։

Հետեւաբար, քննիչի անգրագիտության եւ փաստերի ոչ ճիշտ մեկնաբանման արդյունքում անձին անհիմն մեղադրանք առաջադրելու եւ քրեական գործ հարուցելու, ինչպես նաեւ մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու տարբերակը բացառվում է։

Եթե ենթադրենք, որ քննիչը կաշառք է վերցրել ու պետք է կաշառատուի պատվերը կատարի ու քրգործ հարուցի, ապա նա միտումնավոր վերոհիշյալ շղթայի բոլոր օղակներում թաքցնում է անձի անմեղությունը հիմնավորող բոլոր փաստարկները, ներկայացնում է միայն այն «փաստերն» ու «ապացույցները» (հաճախ իր ստեղծած), որոնցով «հիմնավորում» է անձի մեղավորությունը, հասնում նրան, որ անձի նկատմամբ անհիմն քրեական գործ է հարուցվումՙ դրանից բխող բոլոր «դրական» (անձը, գիտենալով, որ անմեղ է ու «իր գլխին գործ է սարքվում», չդատապարտվելու համար «լեզու» է գտնում իրեն մեղադրողների հետ ու անազատության մեջ չի հայտնվում) կամ «բացասական» (անձը չի կարողանում «լեզու գտնել» իր նկատմամբ քրգործ հարուցողների հետ, նրան կալանավորում են ու դատապարտում եւ նա որպես «հանցագործ» որոշակի ժամկետով անազատության մեջ է գտնվում) հետեւանքներով։

Երկու դեպքում էլ քննիչը հասնում է իր նպատակին, կատարում է կաշառատուի պատվերը եւ հանգիստ խղճով անցնում հաջորդ հանձնարարության կատարմանը։

Սակայն իմ դեպքում կատարվեց անսպասելին, ես որոշեցի ոչ մեկի հետ բանակցությունների մեջ չմտնել. ՀՀ սահմանադրությամբ եւ գործող օրենքներով հիմնավորել իմ անմեղությունն ու Գեղարքունիքի մարզի դատախազության աշխատողների (Հովսեփ Սարգսյան, Վարդան Ավետիսյան, Ալբերտ Մարգարյան) կատարած անօրինականությունները բացահայտել։

Քրգործ հարուցվելուց ընդամենը 1 օր հետո, համաձայն չլինելով քննիչ Հովսեփ Սարգսյանի քրգործ հարուցելու որոշմանը, սկսել եմ բողոքարկել, դիմել եմ նաեւ դատարան, սակայն պատճառաբանում էին, որ ես քրգործ հարուցելու որոշումն իրավունք չունեմ բողոքարկելու, եւ ոչ ոք չէր հիմնավորում, թե ինչո՞ւ։

Նյութերին ծանոթանալուց հետո կազմեցի հիմնավորում, որ քր.գործ հարուցելու որոշումն անհիմն է եւ որ նյութերի նախապատրաստման ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազությունը սերտ համագործակցել է դիմումատուիՙ Ճոճկանի գյուղապետ, նախկինում ԲԽՍՍ-ում աշխատած, պաշտոնական դիրքի չարաշահման եւ կաշառք վերցնելու համար դատապարտված Վարուժան Թամազյանի հետ, նրա միջոցով ստեղծել ու քրգործում դրել է կեղծ ապացույցներ, որ նրանք քրեական հանցագործներ են ու պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Եթե իմ հիմնավորումները սխալ լինեին, ապա արդեն 2 դատավոր չէր փոխվի, իսկ 3-րդ դատավորը «Քրգործն ըստ ընդդատության Լոռու մարզի առաջին ատյանի դատարան ուղարկելու մասին» որոշում չէր կայացնի։ Սակայն, այդ որոշումն անմիջապես բողոքարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազի կողմից եւ բողոքը բավարարել է վերաքննիչ դատարանը (նախագահող դատավորՙ Ս. Ավետիսյան)։ Ընդ որում, Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանից վերաքննիչ բողոքի մասին ինձ չեն տեղեկացրել եւ պատճենը չեն տրամադրել (խախտվել է ՀՀ քրդատ. օր.-ի 382-րդ հոդվածի պահանջը), որպեսզի ես չկարողանամ բողոքի դեմ առարկություններ ներկայացնել, իսկ վերաքննիչ դատարանն էլ ինձնից գաղտնի ու առանց իմ մասնակցության է դատական նիստ հրավիրել ու որոշում կայացրել (խախտվել են ՀՀ քրդատ. օր.-ի 390-րդ, 391-րդ հոդվածների պահպանջները)։ Սա մեկ անգամ եւս հիմնավորում է, որ Գեղարքունիքի մարզի դատախազը վախենում է այլ մարզի 1-ին ատյանի դատարանում գործը լսվելուց, որովհետեւ ինքը բոլորից լավ գիտի, որ անհիմն քրգործ է հարուցել ու դատարան ուղարկել։ Ավելացնենք, որ Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանում 1-ին դատավորը 3-րդ դատական նիստին ինքնաբացարկ հայտնեց (ՀՀ քրդատ.-ով չնախատեսած տարբերակ), 2-րդ դատավորին մեղադրողն ու տուժողը 3-րդ դատական նիստին բացարկ հայտնեցին (գրեթե չկիրառվող տարբերակ), ինչպես նաեւ 1-ին դատավորի նախագահությամբ 2-րդ դատական նիստին «տուժողը» չներկայացավ ու դատավորը նրան բերման ենթարկելու որոշում կայացրեց, 2-րդ դատավորի նախագահությամբ 2-րդ դատական նիստին «տուժողը» պատճառաբանելով իր վատ զգալըՙ հրաժարվեց ցուցմունք տալը շարունակել, 2-րդ դատավորի նախագահությամբ 1-ին նիստին մեղադրողը նյութերին ծանոթանալու համար 15 օր ժամանակ խնդրեց եւ 3-րդ դատական նիստին դատավորին բացարկ հայտնեց։ Արդյունքում, առանց իմ մեղքը հիմնավորող դատավճռի ես ավելի քան 260 օր ազատազրկված եմ։

Ինձ առանց համապատասխան դատավճռի անազատության մեջ պահելու եւ դատական նիստերի ձգձգման պատճառն այն է, որ Գեղարքունիքի մարզի դատախազությունում արդեն հասկացել են, որ չեն կարողանալու գտնել այն դատավորին, որը կհամաձայնի եւ իրենց անհիմն մեղադրանքը «կհիմնավորի»ՙ իմ նկատմամբ մեղադրական դատավճիռ կկայացնի։ Չէ՞ որ ՀՀ քր. օր.-ում առկա է 352-րդ հոդվածը (ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ որոշում կայացնելը), ըստ որի (իմ դեպքում) «ակնհայտ անարդար դատավճիռ» կայացնելու համար դատավորը «պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթը տարի ժամկետովՙ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործողությամբ զբաղվելու իրավունքից զրկվելովՙ առավելագույնը երեք տարի ժամկետով»։ Եթե հաշվի առնենք, որ ըստ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի «դատավորն անփոխարինելի է ու պաշտոնավարում է մինչեւ իր 65 տարին լրանալը» (հոդված 10), «դատավորն անձեռնմխելի է» (հոդված 10) եւ «Դատավորի լիազորություններն արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա դադարեցնում է հանրապետության նախագահը, եթե...8) նա արդարադատությունն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում» (հոդված 30), ապա պարզ է, որ ոչ մի դատավոր իր աթոռը կորցնելու կամ ազատազրկման վտանգն աչքի առաջն ունենալով անարդար դատավճիռ չի կայացնի, որքան էլ իրեն այդ մասին խնդրի Գեղարքունիքի մարզի դատախազը։

Գեղարքունիքի մարզի դատախազությունում նաեւ չեն կարողանում համաձայնել այն փաստին, որ ես պետք է արդարացվեմ, որովհետեւ, անկախ այն բանից, թե ի՞նչ պատճառով (անգրագիտության թե շահագրգռվածության) է իմ նկատմամբ ակնհայտ անհիմն հետապնդում սկսվել, իմ արդարացման դեպքում եթե մեղադրանք ներկայացվի Գեղարքունիքի մարզի դատախազ Ալբերտ Մարգարյանին, դատախազի օգնականներ Հովսեփ Սարգսյանին ու Վարդան Ավետիսյանին, նրանց կողմից տուժող ճանաչված Ճոճկանի գյուղապետ Վարուժան Թամազյանին եւ ակնհայտ սուտ ցուցմունքներ տված վկաներին, ապա կստացվի մի իրավիճակ, որտեղ ենթակա-ղեկավար հարաբերությունները չեն գործելու, բոլորն էլ ցանկանալու են փրկվել ու ամեն ինչ դիմացինի վրա բարդել։ Արդյունքում ճշմարտությունը կպարզվի եւ յուրաքանչյուրն իր արածին համարժեք պատիժ կստանա։

Իսկ բոլոր անկանխատեսելի հետեւանքներից կարելի է ձերբազատվել, եթե «հիմնավորվի» իմ «կատարած» հանցագործությունը եւ ես հայտնվեմ անազատության մեջ։ Եվ այդ է պատճառը, որ Գեղարքունիքի մարզի դատախազն ամեն քայլի դիմում է, որ իմ նկատմամբ մեղադրական դատավճիռ վերցնի։ Սակայն ես մտադրություն չունեմ հանցագործի անուն վաստակելու եւ պայքարելու եմ իմ արդարացման, իմ խախտված իրավունքները վերականգնելու, իմ իրավունքներն ու արժանապատվությունը խախտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համարՙ անկախ դրա համար ծախսվող ժամանակահատվածից։

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4