«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2003-10-01 | #178, 2003-10-02 | #179, 2003-10-03


ԾՐԱԳՐԵՐ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կառավարությունում երեկ հաստատված ավիացիոն անվտանգության ծրագրի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանը։ Ծրագրի հիմնական նպատակը ավիացիան անհարկի միջամտություններից զերծ պահելն է, նրա անվտանգ գործունեությունն ապահովելը, սպասարկման ընթացակարգերի պարզեցումը։ Այդուհանդերձ մեր այն հարցերին, թե ինչպիսի մեխանիզմներ են նախատեսված, որպեսզի ուղեւորները զերծ մնան մաքսավորների ապօրինի պահանջներից եւ բեռների գերակշռման փաստերից, չստացանք հիմնավոր պատասխան։ ՔԱԳՎ պետն ընդամենը խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի այդ երեւույթները չլինեն։

Կուրորտային առողջարանների եւ հանգստյան տների հեռանկարային զարգացման ծրագրի մասին խոսեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը։ Նա նշեց, որ այս ծրագիրը հնարավորություն կտա լուծելու մի շարք խնդիրներՙ զարգացնել ներքին եւ ներգնա զբոսաշրջությունը, համալրել համայնքների բյուջեները եւ այլն։ Նախատեսվում է նաեւ մասնավորեցնել առողջարաններն ու հանգստյան տներըՙ ձեւավորելով ներդրումային փաթեթներ։ Այդ փաթեթների համար հիմնական պայմանն օբյեկտի պրոֆիլի պահպանումն է լինելու։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ կանխատեսվում է 2005 թ. հասնել առողջարանների եւ հանգստյան տների 30-35 տոկոս ծանրաբեռնվածության։ Այսօր այդ ծանրաբեռնվածությունը 1988 թ. համեմատ իջել է մոտ 40 անգամ։ Ներկայումս մասնավորեցված է մոտ 70 հանգստյան տների եւ առողջարանների 20-25 տոկոսը։ Մնացածը կա՛մ մասնավորեցման փուլում է, կա՛մ նախապատրաստվում է։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4