«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2003-10-01 | #178, 2003-10-02 | #179, 2003-10-03


ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Թենիսի «Կրեմլի գավաթի» մրցաշարում տեղի ունեցան հերթական հանդիպումները։ Տղամարդկանց մրցաշարում իր երկրորդ հաղթանակը տոնեց Սարգիս Սարգսյանը։ Նրա մրցակիցը «Կրեմլի գավաթի» հնգակի հաղթող Եվգենի Կաֆելնիկովն էր։ Սարգիսն այս մրցախաղում էլ իրեն գերազանց դրսեւորեց։ Առաջին խաղափուլում հայ թենիսիստը մրցակցին հաղթեց 6-4 հաշվով, երկրորդում զիջեց (2-6)։ Վճռորոշ 3-րդ խաղափուլում Սարգիսը կրկին իրեն լավագույն կողմերով դրսեւորեց եւ հաղթելով 6-4 հաշվով, շահեց մրցախաղը։ Այսպիսով, «Կրեմլի» հնգակի գավաթակիրը դուրս մնաց պայքարից։ Իսկ նախորդ օրը երեկոյան Սարգիսը հաջող էր խաղացել նաեւ զուգախաղում։ Իրակլի Լաբաձե-Սարգիս Սարգսյան զույգը պարտության մատնեց Յոնաս Բյորկման-Մարկ Նոլուս երկյակին (7-6, 6-2) եւ մտավ քառորդ եզրափակիչ։ Դա Սարգսի երկրորդ հաղթանակն էր զուգախաղում։

Երկամսյա վնասվածքից հետո կորտ վերադառնալով, Մարատ Սաֆինն անհաջող անցկացրեց հանդիպումը Ուեյն Բլեքի հետ (4-6, 7-6, 4-6)։ Կարոլ Կուչերան առավելության հասավ Նիկոլաս Մասուի նկատմամբ (6-7, 6-2, 6-2)։ Իրակլի Լաբաձեն պարտության մատնեց Յարկո Նիեմինենին (3-6, 6-4, 6-2)։ Հաջորդ փուլ մտան նաեւ Թեյլոր Դենտը, Փոլ Անրի Մաթյեն։

Կանանց մրցաշարում անակնկալ գրանցեց ռուսաստանցի Ելենա Բովինան, որը դրամատիկ պայքարում հաղթեց ամերիկուհի Ջենիֆեր Կապրիատուն (4-6, 6-4, 7-6)։ 20-ամյա Բովինայի համար այդ մրցամարտը սկզբունքային նշանակություն ուներ, քանի որ օգոստոսին նա Նյու Յորքում երեք խաղափուլում զիջել էր Կապրիատուն։ Եվ ահա Մոսկվայում Բովինան ռեւանշի հասավ անվանի թենիսիստուհու նկատմամբ։ Ֆրանսիացի Մորեսմոն պարտության մատնեց Սթիվենսոնին (3-6, 6-4, 6-3)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4