Ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Մասնագետները հավաստիացնում են, որ Աշտարակի կամրջով արդեն կարելի է անվտանգ երթեւեկել։ 1994 թվականից ժամանակավոր շահագործման հանձնված այս կամրջի առաջին հատվածն անապահով էր ու վտանգավոր երթեւեկության համար, իսկ երկրորդ հատվածը գրեթե կառուցված չէր։ «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրով 2002 թվականի հունիսից սկսվեց շինարարությունը։ Երեկ տեղի ունեցավ կամրջի բացման արարողությունը։
Շինարարությունն իրականացրած «Կամուրջշին» ընկերության ղեկավար Վլադ Ասատրյանը հավաստեց, որ երկար թռիչքային կառուցվածքը ութ տարի շարունակ տատանվում էր, սկսվել էր քայքայում։ Այս ծրագրի շնորհիվ Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշտարակի շրջանցիկ հատվածը վերակառուցվեց։
365 մետր երկարությամբ եւ 60 մետր բարձրությամբ կամուրջն անցյալ շաբաթ փորձարկվել էր։ «Ճանապարհաշինություն» ԾԻԳ տնօրեն Էդուարդ Բեզոյանի խոսքերովՙ «280 տոննա բեռ ենք անցկացրել կամրջով, սա առավելագույնից էլ ավելի է, այնպես որ կամուրջն անկասկած անվտանգ է»։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, «Լինսի» հիմնադրամի խորհրդի անդամ Արտաշես Թումանյանը, ամփոփելով հիմնադրամի ֆինանսավորմամբ կատարված աշխատանքները, նշեց, որ ավարտին են մոտենում 150 մլն դոլար արժողությամբ ծրագրի բոլոր ենթաբաժինները։ Այս ընթացքում եղել է 3700 բնակարանամուտ, կառուցվել են 100-ավոր կիլոմետրանոց միջպետական ճանապարհներ, կամուրջներ, մշակութային օջախներ։
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հիշեցրեց, որ մինչեւ աշնան վերջ դեռ շատ ճանապարհներ կբացենք։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ