«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2003-10-01 | #178, 2003-10-02 | #179, 2003-10-03


ԱՊԵՐԻ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ Է

Տեսնենք, թե այս ցուցմունքներից ինչ կժխտի Արմեն Սարգսյանը

Երեկ Նոր Նորքի դատարանի շենքում շարունակվեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատաքննությունը։ Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը (Ապերը) հրաժարվեց ցուցմունք տալուց, ուստի դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները։ Ըստ Հարությունյանի ցուցմունքի, Նաղդալյանի սպանության գործին իր մասնակցությունը սկսվել է նրանից, որ սպանության պատվեր ստացած Գեղամ Շահբազյանը դիմել է իրենՙ Արմեն Սարգսյանից ճշտելու, թե արդյոք վերջինս իսկապես պատվիրե՞լ է այդ սպանությունը եւ որքա՞ն պիտի վճարի։ Գեղամ Շահբազյանը ցանկացել է իմանալ նաեւ, թե Արմեն Սարգսյանը կվճարի՞ Լյովա Հարությունյանին ասած 30 հազար դոլարը։ Ընդ որում, Շահբազյանն Ապերին ասել է նաեւ, որ սպանությունը կատարելու համար կպահանջվի 100 հազար դոլար։

Գեղամ Շահբազյանն, իր իսկ խոսքերով, հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ եւ նրանից լսել, որ պատվիրատուն հենց Արմենն է, իսկ գնի վերաբերյալ որոշել են սպանության 3 մասնակիցներից յուրաքանչյուրին տալ 20 հազարական դոլար։ Այսինքնՙ արդյունքում Հովհաննես Հարությունյանի ներկայացմամբ Արմեն Սարգսյանը համաձայնել է Տիգրան Նաղդալյանի սպանության համար վճարել 60 հազար դոլար։

Երբ սպանությունն արդեն իրողություն էր, հաջորդ օրը, ըստ պայմանավորվածության, Արմեն Սարգսյանը պիտի վճարեր գումարը։ Սակայն վճարվել է 25 հազար դոլար, իսկ մնացյալ 35 հազարը, Ապերի ցուցմունքի համաձայն, Արմեն Սարգսյանի վարորդի միջոցով ուղարկել է Հարությունյանենց տուն։ Նախաքննության ժամանակ ցուցմունք տալիս Հովհաննես Հարությունյանը հարցաքննվել է նաեւ Արմեն Սարգսյանի ցուցմունքների բոլոր դրվագների կապակցությամբ։ Մասնավորապես Արմեն Սարգսյանի այն ցուցմունքի կապակցությամբ, թե Նաղդալյանի սպանությունը կազմակերպել էր Հովհաննես Հարությունյանը եւ Արմեն Սարգսյանից շորթել 75 հազար դոլար, Հ. Հարությունյանը պատասխանել է, թե դա ակնհայտ եւ լկտի սուտ է։ Հարությունյանը նշել է նաեւ, թե Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրել է Արմեն Սարգսյանը 60 հազար դոլարով, որը եւ վճարել է։

Գումարները Հովհաննես Հարությունյանը փոխանցել է Գեղամ Շահբազյանին։ Առաջին 25 հազարից Գեղամ Շահբազյանը Հովհաննես Հարությունյանին վճարել է իր 1000 դոլար պարտքը։ Իսկ 35 հազար դոլարից 10 հազարը Հարությունյանն ինքն է վերցրել, իր իսկ խոսքերով, Գեղամ Շահբազյանի եւ Գրիգոր Պետրոսյանիՙ 10 հազար դոլար իրեն պարտք լինելու դիմաց։ Բացի այդ, Հ. Հարությունյանի ցուցմունքի համաձայն, սպանության համար վճարված գումարից ինքը եւ Գ. Պետրոսյանը վերցրել են 5 հազար դոլար, այսպես ասած պարտքով, եւ կիսել իրար մեջ։ Պարտքը մինչ օրս չեն վերադարձրել։

Իսկ Արմեն Սարգսյանի այն ցուցմունքի մասով, թե Բեյրութից երեք մեքենա իր բիզնեսի համար ապրանք բերելիս է Հ. Հարությունյանն Արմեն Սարգսյանից 25 հազար դոլար խնդրել, Ապերն իր ցուցմունքում նշել է, որ երբեւէ իր բիզնեսի համար Արմեն Սարգսյանից գումար չի խնդրել, Բեյրութից մեքենաներով ապրանք չի բերել։

Ըստ Հովհաննես Հարությունյանի, գումարներն Արմեն Սարգսյանից վերցնելու համար Արարատ երբեք մենակ չի գնացել։ Նրա հետ եղել են Գրիգոր Պետրոսյանը, Գեղամ Շահբազյանը։ Բայց Հարությունյանի հետ Արարատ գնացածներին Արմեն Սարգսյանը չի ընդունել։ Սարգսյանի այն ցուցմունքի կապակցությամբ, թե Լյովա Հարությունյանենց տանն Ապերը հաստատել է, որ Նաղդալյանի սպանության կազմակերպիչն ինքն է, բայց փող չունի, Հովհաննես Հարությունյանը պատասխանել է, որ Սարգսյանի ցուցմունքը սուտ է։ Ըստ Ապերի, սպանությունը պատվիրել է Արմեն Սարգսյանն իր միջնորդությամբ։ Արմեն Սարգսյանի ցուցմունքները կեղծ են նաեւ նրանով, որ, ըստ Հ. Հարությունյանի, իրեն պետք չէր Նաղդալյանի սպանությունը։

Անդրադառնալով Գ. Շահբազյանին եւ Գ. Պետրոսյանին 10 հազար դոլար պարտքով տալու պատմությանը, ամբաստանյալ Հարությունյանն իր նախաքննական ցուցմունքում պարզաբանել է հետեւյալը։ Նաղդալյանի սպանությունից մի քանի ամիս առաջ Գեղամն ու Գրիգորը Ապերից 10 հազար դոլար են խնդրելՙ Թուրքմենստանից թունաքիմիկատներ բերելու եւ վաճառելու նպատակով։ Իրականում, Ապերի ցուցմունքի համաձայն, Գեղամն ու Գրիգորը ծախսել են 10 հազար դոլարըՙ չկարողանալով գնալ Թուրքմենստան, իսկ Հ. Հարությունյանին համոզել են, որ պարտքը կտան։ Դրա համար էլ, երբ Արմեն Սարգսյանի հետ պայմանավորվել են 60 հազար դոլարով իրականացնել Նաղդալյանի սպանությունը, Գ. Շահբազյանն առաջարկել է հենց այդ գումարից էլ վերցնել 10 հազար դոլարը պարտքի դիմաց։

Բացատրելով, թե ինչու ձերբակալվելուց հետո Հովհաննես Հարությունյանն, ըստ իրեն, անմիջապես ասել է ճշմարտությունը, իր ցուցմունքում նա նշել է, որ դեռեւս թաքնված ժամանակ նրան Խաչիկ Ահագինյանի միջոցով տեղեկացրել են, որ բռնվելու դեպքում ինքը հանդես գա որպես պատվիրատու։ Բայց Ապերն իր տրամաբանությամբ որոշել է ասել ճշմարտությունը, քանի որ Նաղդալյանին սպանելու պատճառը չի կարող ասել։

Հրապարակված նյութերի համաձայն, Ապերը սպանությանն օժանդակելու եւ ապօրինի զենք ձեռք բերելու մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել։

Դատարանում հրապարակվեց նաեւ Հ. Հարությունյանի եւ Գ. Պետրոսյանի ու Գ. Շահբազյանի առերեսումների արձանագրությունները։ Ըստ այդ առերես հարցաքննությունների, Գրիգոր Պետրոսյանը ժխտել է, որ ինքը Հովհաննես Հարությունյանի հետ կիսել է 5 հազար դոլարը եւ Գեղամ Շահբազյանին գումար տալիս ներկա է եղել միայն մեկ անգամ եւ Հ. Հարությունյանին պարտք չի եղել 10 հազար դոլար։ Ինչ վերաբերում է Հ. Հարությունյան-Գ. Շահբազյան առերեսմանը, ապա Շահբազյանը ճշմարիտ է համարել Ապերի գումարը վերցնելու մասին ցուցմունքները, ի դեպ, փիլիսոփայելով, թե ինքն էլ պետք է շուտ ճշմարիտ ցուցմունք տար, քանի որ «ճիշտ ցուցմունք տալն ամենաճիշտ բանն է»։

Քանի որ ցուցմունք տալու հերթն ամբաստանյալ Արմեն Սարգսյանինն էր, նախ նրան բերեցին դատարան։ Այնուհետեւ պետք է Արմեն Սարգսյանի համար ընթերցվեր այն ամբաստանյալների ցուցմունքները, որոնց ժամանակ ինքը հեռացվել է դատարանի դահլիճից։ Սակայն Արմեն Սարգսյանը փորձեց տեղեկանալ, թե ի վերջո ինչ է պատահել իր երկրորդ փաստաբան Հովիկ Արսենյանին, ե՞րբ կարող է նա մասնակցել նիստերին։ Այլապես եթե Հովիկ Արսենյանը չի գալու, ապա Արմեն Սարգսյանը ցանկանում է նոր փաստաբան ունենալ։ Այս հարցերը պարզելու համար Ա. Սարգսյանը դատարանից ժամանակ խնդրեց մինչեւ երեքշաբթի։ Դատարանը վճռեց ընդմիջել նիստը մինչեւ այսօր, ժամը 12-ը։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4