ՄՈՍԿՎԱ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ինչպես գրում է «Ռոսսիյսկայա գազետան» վկայաբերելով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, հայերի առաջին համաշխարհային համագումարի աշխատանքին կմասնակցեն Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները։ Նա հայտնեց նաեւ, որ Ռուսաստանում իշխանությունները բոլոր պայմաններն ստեղծել են այդ ֆորումի կազմակերպման համար, որը կկայանա հոկտեմբերի 6-7-ը Միությունների տան Սյունազարդ դահլիճում եւ որին կմասնակցեն աշխարհի 52 երկրների ներկայացուցիչներ։ Մոտ մեկ տարի առաջ Ռուսաստանում ծնվեց Համաշխարհային հայկական կազմակերպություն (ՀՀԿ) ստեղծելու նախաձեռնությունը, գրում է թերթը։ Ինչպես հայտարարել է ՌՀՄ ղեկավարը, «կազմակերպության հիմնումը չի ոտնահարում որեւէ մեկի իրավունքները, հակամարտային իրադրություններ չի ստեղծում, այլ ընդհակառակըՙ կնպաստի միջպետական հարաբերությունների բարելավմանը»։ Կազմակերպության նպատակներից են լինելու պայքարը ահաբեկչության դեմ, տնտեսական աջակցությունը Հայաստանին եւ հայերին։ ՀՀԿ հիմնական կենտրոնակայանը կլինի Մոսկվան։ Չի բացառվում, որ կառույցներից մի քանիսը հետագայում կտեղաբաշխվեն եւ այլ երկրներում, որոնք կարող են, ըստ Ա. Աբրահամյանի, նույնքան մեծ աջակցություն ցուցաբերել։ Ենթադրվում է, որ ՀՀԿ Մեծ խորհուրդը կգործի Երեւանում։