«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2003-10-02 | #179, 2003-10-03 | #180, 2003-10-04


«ԻՐԱՔ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԵ՞Լ, ԹԵ՞ ԴԱՌՆԱԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԹԻՐԱԽԸ»

Թուրքական իշխանությունները երկընտրանքի առջեւ են

Վերջին ամիսներին Իրաք թուրքական զորք ուղարկելու հարցը անընդմեջ զբաղեցնում էր պաշտոնական Անկարայի օրակարգը։ Հարցի շուրջ թուրքական կողմի հետ բանակցություններում ամերիկյան կողմն, ըստ երեւույթին, հասել է նպատակին։ Դրա վկայությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից Վաշինգտոնի պահանջի ընդառաջումն է, ինչպես նաեւ «Իրաք զորք ուղարկելու» կառավարական օրինագիծը Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի քննարկմանը ներկայացնելու պատրաստակամությունը։

Հոկտեմբերի 3-ի առավոտյան թուրքական հանրային հեռուստատեսությունը վերստին անդրադարձավ Իրաք զորք ուղարկելու հարցին։ Թերթերը հետեւեցին դրա օրինակին։ Ամենայն հավանականությամբ, հարցը Մեջլիսում քննարկման կդրվի հոկտեմբերի 8-ին կամ 9-ին։

Հեռուստատեսության էկրանից հնչեց վարչապետ Էրդողանի դիմումը Մեջլիսի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորներին հետեւյալ ձեւակերպմամբ. «Այս անգամ անակնկալ չեմ ուզում»։ Ակնարկը «Թուրքիայի տարածքում ամերիկյան զորք տեղաբաշխելու» կառավարական նախորդ օրինագծի մասին էր, որը մարտի 1-ի նիստում մինչ Իրաքում ռազմական գործողությունների սկզբնավորումը Մեջլիսը մերժել էր։ Դրա հետեւանքով թուրք-ամերիկյան հարաբերություններն աննախադեպ սրվել էին։ Սրման պայմաններում նախագահ Ջորջ Բուշի վարչակարգը թուրքական իշխանություններին կարգի հրավիրելու մղումով սպառնացել է, թե կասկածի տակ է դրվում երկու բարեկամ երկրների ռազմավարական դաշինքի նպատակահարմարությունը։

Ակնհայտ է, որ Իրաք զորք ուղարկելու ամերիկյան պահանջի մերժումը որպես մարտահրավեր ամերիկացիներին կստիպի ոչ թե կասկածի տակ դնել ռազմավարական նշված դաշինքի նպատակահարմարությունը, այլ դիմել դաշինքը վերանայելու գործնական քայլերի։

Այլ կերպ, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս անգամ Մեջլիսի պատգամավորներն էլ Էրդողանի կառավարությանը կընդառաջեն եւ կհաստատեն «Իրաք զորք ուղարկելու» կառավարական օրինագիծը։ Հարցը սակայն օրինագիծը չէ, այլ Իրաք զորք ուղարկելու դիմաց Թուրքիային տրամադրվող 8,85 մլրդ դոլարի ամերիկյան վարկը, դրա տրամադրման համար թուրքական եւ ամերիկյան կողմերի պայմանավորվածությունը, ինչպես նաեւ երկրում զինվորական հեղաշրջման սպառնալիքը։

Պայմանավորվածության պարագայում խոսքը Հյուսիսային Իրաքի մասին է։ Իսկ սպառնալիքն անմիջականորեն պայմանավորվում է «Իրաք զորք ուղարկելու» կառավարական օրինագծին Մեջլիսի մոտեցմամբ։ Թուրքական «Yarn» եւ «Dunya» թերթերը հոկտեմբերի 3-ի համարներում այս երկու հարցն արծարծելիս տեղեկացնում են, որ հատկացված վարկն ստանալու համար Թուրքիան պարտավորվել է ոչ միայն Իրաք զորք ուղարկել, այլեւ Հյուսիսային Իրաք չմտնելու երաշխիք է տվել ԱՄՆ-ին։

ինչ վերաբերում է ռազմական հեղաշրջմանը, ապա դա, ըստ նշված աղբյուրների, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանություններին սպառնում է այն դեպքում, եթե Մեջլիսը մերժի կառավարական օրինագիծը։ Որքան է հավաստի հեղաշրջման սպառնալիքի մասին թուրքական թերթի տեղեկությունը, դժվար է ասել։ Չի բացառվում, որ դա թերթին տրամադրած լինեն թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ծառայությունները ինչպես երկրում համապատասխան հասարակական կարծիք ձեւավորելու, այնպես էլ պատգամավորների վրա հավելյալ ճնշում գործադրելու նպատակով։

Սակայն ինչպիսի պատճառներ էլ դա ունենա, թուրքական իշխանությունները հայտնվել են Իրաք զորք ուղարկելու նկատմամբ Մեջլիսի բացասական դիրքորոշումը թեկուզ ռազմական հեղաշրջման սպառնալիքով դրականի վերածելու հարկադրանքի տակ։ Հարկադրանքի առումով պետք է ասել, որ ավելի քան ծանր է զինված ուժերի գլխավոր շտաբի վիճակը։ Ի վերջո, չմոռանանք, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը Թուրքիայի տարածքում ամերիկյան զորքեր տեղակայելու պահանջի մերժման համար թուրքական իշխանություններին դատապարտելիս նշանառության գլխավոր թիրախ էր դարձրել հենց բանկի գլխավոր շտաբը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4