«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2003-10-02 | #179, 2003-10-03 | #180, 2003-10-04


ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՙ ՄՈՍԿՈՎՅԱՆ, ՏԵՂԱԿԱՆ, ՆԱԵՎ... ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՈՒՐՋ

Արթուր Բաղդասարյանը «փայլուն» քաղաքական կապեր ունի արտասահմանում, բայց դրանք «մասոնությանը» չեն առնչվում

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Մոսկվա իր առաջին պաշտոնական այցի շուրջ զրուցելու համար էր, որ երեկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց լրագրողների հետ։ Նա կարեւորեց հատկապես գործնական հիմքի վրա 10-ից ավելի պայմանավորվածությունների կնքումը, եւ որ առավել հիշատակելի է, ռուս-հայկական առնչությունների վերաբերյալ քաղաքական փոխադարձ պատրաստակամության արձանագրումը։ Առաջիկայում սպասվում է նաեւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահի ժամանումը Երեւան։ Իսկ այս մի քանի օրը ՌԴ կառավարությունը քննարկելու է «Գույք պարտքի դիմաց» բանաձեւով իրենց տրված հայկական ձեռնարկությունների վերագործարկման հնարավորությունը։ Հնարավոր է, որ դրանք բոլորը, բացի թերեւս «Մարսից», շատ շուտով աշխատեն։ Իսկ «Մարսը» ռուսները մտադիր են վերածել տեխնոպարկի։

Այնուամենայնիվ, քանի որ այս ուղեւորությունը հնարավորինս մանրամասնվել է ԶԼՄ-ներով, հանդիպման առանցքը դարձան ավելի շատ այս պահի համար արդիական հարցադրումները։ Ներքին քաղաքական կյանքում շարունակում է կրքեր բորբոքել փոխնախարարական պորտֆելները բաժանելու խնդիրը։ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ կոալիցիայի ներսում այս առթիվ ալեբախումները հանդարտվել են, եւ որոշակի սկզբունքային համաձայնություններ են կայացել։ Գալ շաբաթ կոալիցիայի նիստում փորձ կարվի քանդել փոխնախարարական ոլորտներըՙ կոնկրետ ում ընծայելու խճճված հանգույցը։ Իսկ կադրերի քաղց, ըստ նախագահի, ամենեւին չկա, եւ կոալիցիոն ուժերը կառավարությունում լիարժեք ներկայացվելու հնարավորություն ունեն։

«Ազգի» հարցը, թե Արթուր Բաղդասարյանն ինչպես է վերաբերվում իր մասոն լինելու մասին հրապարակումներին, ԱԺ նախագահին հանեց հավասարակշռությունից։ Նա մեղադրանքի սլաքն ուղղեց լրագրողների կողմը, ում մեղքի բաժինը տվյալ պարագայում նվազագույն էր, քանի որ տեղեկատվության հեղինակներն ամենեւին էլ իրենք չէին, միայն փաստն էր արձանագրվել։ «Այ, դրա համար ենք ասում, որ պետք է ընդունել ԶԼՄ օրենք, որովհետեւ սեւ քարոզչությունն ու իրական ազատ մամուլը տարբեր բաներ են»։ Ինքըՙ Ա. Բաղդասարյանը, որոշել է հետեւել «Առավոտի» խորհրդինՙ հումորով վերաբերվել եւ մամուլը չհեղեղել հերքումներով։ Իսկ ընդհանրապես, ԱԺ նախագահը նշեց, որ փայլուն քաղաքական կապեր ունի ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ եվրոպական երկրներում, բայց դրանք որեւէ առնչություն չունեն նման «դրսեւորումների» հետ։ Եվ մտադիր չէ բան ու գործը թողած անհեթեթ դատական գործընթացների մեջ ընկնել։ Բնականաբար, ԱԺ նախագահը դեմ է նաեւ զրպարտությունն ապաքրեականացնելու լրագրողական ու պատգամավորական առաջարկներին։

«Ձեզ դրեք այն մարդու տեղը, ում զրպարտում են։ Մամուլն ազատ պիտի լինի, բայց պիտի լինի նաեւ պատասխանատու, ամենազարգացած եվրոպական երկրներում էլ զրպարտության համար պատասխանատվություն նախատեսված է», ասաց նա։ Նաեւ հավատացրեց, որ աջակցելու են այն բազմաթիվ լրագրողներին, ովքեր ճիշտ են իրականացնում իրենց առաքելությունը։

Ոչ հեռավոր ապագայում ԱԺ նախագահը պաշտոնական այցեր է կատարելու եվրոպական երկրներ (առաջինըՙ երեւի Ֆրանսիա) եւ խոստացավ պատվիրակության կազմում ներառել ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր մամուլի (ոչ սեւ փիարի ) ներկայացուցիչներին։ Վերջիններս բարի գործ են անումՙ մատնանշելով այն, ինչ «մոռանում» է իշխանամետ մամուլը։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու հետ կապված ընդդիմությանՙ հոկտեմբերի 22-ին ԱԺ շենքի շրջափակման հեռանկարին, ապա Արթուր Բաղդասարյանն այն տեղին չի համարում, քանի որ «Սահմանադրական դատարանը վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկի լիազորություններ չունի, բնական է, որ այդ որոշումը չի կարող որեւէ իրավական հետեւանքներ ունենալ»։

Մեր այն դիտողությունը, թե գազի, ջրի, հոսանքի հունվարյան թանկացման համար խիստ անպատեհ ժամանակ է ընտրվել, քանի որ ձմռան ցրտերին շատերը բնակարանը տաքացնում են հոսանքով կամ գազով, ԱԺ նախագահը պատասխանեց. «Գազի կամ որեւէ այլ սակագնի բարձրացման որոշում չի եղել։ Դա կոալիցիայի ներսում դեռեւս քննարկման ենթակա խնդիր է, քանի որ քաղաքական մեծ հնչեղություն ունի եւ հայեցակարգային որոշում է լինելու։ Ջրի գնի թանկացման մասին է խոսվում, երբ 37 մլն դոլարի վարկային ծրագիր է սպասվում։ Պետք է հասկանալ, ինչ պատճառներով ու հիմնավորումներով է ջուրը թանկացվելու»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4