ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Վստահության հանրաքվեն կորցրել է իր հրատապությունը ձեւի եւ բովանդակության առումով։ Այս մասին հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, հոկտեմբերի 3-ի ասուլիսին պատասխանելով թղթակիցներից մեկի հարցին։ Նա պարզաբանեց, որ ձեւի առումով հրատապությունը կորել է այն պատճառով, որ այն իրավասուբյեկտները, որոնց ուղղված էր ՍԴ-ի առաջարկը, «դե-ֆակտո մերժեցին կամ ըստ էության մերժելու են առաջարկության ընդունումը»։ Իսկ բովանդակային առումով, ըստ ՍԴ նախագահի, հրատապությունը կորել է այն պատճառով, որ հարցադրումը վերաբերում է որոշակի իրավիճակներում հասարակական դիմակայության հաղթահարմանը, մինչդեռ այսօր իրավիճակի գնահատմամբ կարելի է վերապահումով խոսել նույնիսկ քաղաքական դիմակայության մասին, այսինքնՙ «դիմակայությունը այն աստիճանի չէ, որ այդ ճանապարհով լուծում կարող է գտնվել»։
Գ. Հարությունյանը նշեց, որ եթե ստեղծվում է այնպիսի ճգնաժամային իրավիճակ, երբ օրենսդրական կարգավորումը բավարար չէ, ապա միջազգային պրակտիկայում կիրառվում է հանրաքվեի տարբերակը։ Ըստ ՍԴ նախագահի, դատարանի անդրադարձը այդ հարցին ժամանակին շահարկվել եւ աղավաղվել է, մինչդեռ խոսքը գնում էր հնարավոր խորացող հասարակական դիմակայության հաղթահարման մասին։
Ի պատասխան թղթակիցներից մեկի հարցին, որ առնչվում էր քաղաքացիների խաղաղ երթերի եւ ցույցերի իրավունքի ոչ բավարար կարգավորմանը, Գ. Հարությունյանը գոհունակություն հայտնեց, որ ներկայումս խնդիրը կանոնակարգող օրենքի նախագիծ կա շրջանառության մեջ, որը մշակվում է, եւ հույս հայտնեց, որ այն հրատապ խնդրին օրենսդրորեն լուծում կտա։