ՀԱՀ-ի շրջանավարտների ավարտական շաբաթը
Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսությունը կատարվում է այս օրերին։ Համալսարանական կյանքի վերջին ակորդըՙ վկայագրերի հանձնման պաշտոնական արարողությունը, ՀԱՀ-ում կազմակերպվում է հանդիսավորությամբ եւ անցնում տոնական մթնոլորտում, որն արդեն գեղեցիկ ավանդույթի է վերածվել։
Մինչ այդ համալսարանում տոնական ավարտական շաբաթն անցնում է մի շարք ձեռնարկներով։ Երեկ տեղի ունեցավ ՀԱՀ-ի հիմնադիր եւ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի վերջերս հրատարակած գրքի շնորհանդեսը։ Գիրքը, որի վերնագիրն է «AUA. A New Beginning for a New Generation», ներկայացնում է ՀԱՀ-իՙ իբրեւ արեւմտյան կրթական մոդելի հաստատության սկզբնավորումից մինչեւ նրա տասներկուամյա ճանապարհի դժվարություններն ու ձեռքբերումները։
Այսօրվա հոգեւոր խորհրդի արարողության ընթացքում կհնչի ուղերձՙ ուսանողների գիտելիքը հանրությանը ծառայեցնելու եւ նրանց արժանավայել ապրելու կարեւորության մասին։ Միջոցառումը կսկսվի Սեւանի հոգեւոր դպրանոցի սաների եւ Սբ. Գայանե եկեղեցու երգչախմբի երաժշտական կատարումով։ Կբանախոսի Երեւանի ճարտարագիտական համալսարանի ռեկտոր, ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Յուրի Սարգսյանը։ Շրջանավարտներին եւ ծնողներին կշնորհավորեն ՀԱՀ-ի նախագահ Հարություն Արմենյանը եւ դասախոսները։
Արդեն ավանդույթ դարձած շրջանավարտների ավարտական ճաշկերույթին կմասնակցեն նաեւ նախորդ տարիների շրջանավարտները։ Երեկոն հիշարժան կլինի ՀԱՀ-ի առաջին տարվա շրջանավարտների համար։ Իրենց ավարտական տասնամյակի օրը նրանք շուրջ 3000 դոլար կնվիրաբերեն համալսարանի գրադարանինՙ օդափոխման համակարգ անցկացնելու նպատակով։
Ավարտական շաբաթը կեզրափակվի հոկտեմբերի 5-ի մեծ հանդիսությամբՙ մասնակցությամբ մեծաթիվ հյուրերի, ծնողների, պաշտոնատար անձանց։ Ընդունված կարգով շրջանավարտների տոնական շքերթին կհաջորդի ՀԱՀ-ի նախագահի, քոլեջների դեկանների եւ դասախոսների մուտքը։ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի ազգային օրհներգերից հետո ներկաներին ողջույնի խոսքեր կհղեն ՀԱՀ-ի նախագահ Հարություն Արմենյանը, ՀԱՀ-ի հիմնադիր եւ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը։ Համալսարանի առաջին շրջանավարտների երախտագիտական խոսքին կհետեւի այս տարվա 151 շրջանավարտներին մագիստրոսի վկայագրեր շնորհելու արարողությունը։ 2003-ի ավարտական տարին եւս մեկ առանձնահատկություն ունի։ Համալսարանը մագիստրոսի աստիճան կշնորհի իր 1000-րդ շրջանավարտին։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ