Այս տարի ամռանը Մարտակերտի շրջանի Վանք գյուղի գազիֆիկացման ներքին ցանցի բացման արարողության ժամանակ «Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը հայտարարեց, որ կանադահայության միջոցներով կառուցվելու է նաեւ Շոշ գյուղի նոր դպրոցը։ Խոստումը չուշացավ։ Օրերս Տորոնտոյի տեղական մարմնի փոխատենապետ Արա Բոյաջյանը եւ տեղական մարմնի անդամ Ժիրայր Ազնավուրյանը կատարեցին դպրոցի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցում էին աշակերտները, գյուղի բնակչությունը, ԼՂՀ ղեկավարության եւ հիմնադրամի ներկայացուցիչներ։
Դպրոցի հին շենքը, որն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի, այրվել է եւ դարձել անօգտագործելի։ Նոր շենքը շահագործման կհանձնվի 2004-ի սեպտեմբերին։ Դպրոցում կսովորի 120 աշակերտ։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծումից ի վեր կանադահայությունը մեծ նշանակություն ունեցող ծրագրեր է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ Նրանց նվիրատվություններով են կառուցվել «Բալուջա-Ստեփանակերտ» ջրագիծը, Ստեփանակերտի ջրամատակարարման օղակաձեւ համակարգը։ Կանադահայերի շնորհիվ է լուծվել Շոշ, Վերին Սզնեք, Ներքին Սզնեք, Գիշի, Խնածախ գյուղերի ջրամատակարարման խնդիրը, կառուցվել Առաջաձոր, Ծմակահող, Շահմասուր եվ Վանք գյուղերի գազամուղը, Վանք գյուղի գազամատակարարման ներքին ցանցը։ Կանադահայերը մասնակցել են նաեւ Ստեփանակերտի ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցի շինարարության ծրագրին, համակարգչային դասարաններ ստեղծել այդ եւ Մարտակերտի թ. 2 դպրոցում։