«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2003-10-02 | #179, 2003-10-03 | #180, 2003-10-04


ԿԱՍՊԱՐՈՎԸ ԹԻՄԻՆ ՓՐԿԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարներիՙ «Լադյա-Կազան-1000»-ի եւ ֆրանսիական ՆԱՕ թիմի մրցավեճն էր։ Համառ մրցապայքարն ավարտվեց ոչ-ոքի (3-3)։ Նախորդ 4 տուրերում կազանցիներն ընդամենը 3,5 միավոր էին կորցրել։ Իսկ թիմի առաջատարներըՙ Կասպարովն ու Բոլոգանը, մինչ ֆրանսիացիների հետ հանդիպումն անցկացրած բոլոր պարտիաներում հաղթանակ էին տոնել։ Այս անգամ Կասպարովը կրկին իր բարձրության վրա էր։ Նա առաջին խաղատախտակի վրա հաղթեց Գրիշչուկին, իսկ Բոլոգանը պարտվեց Սվիդլերից։ Փաստորեն, Գարրի Կասպարովը կազանցիներին փրկեց պարտությունից։ Մնացած չորս պարտիաները (Ռուբլյովսկի-Ադամս, Սմիրին-Լոթյե, Խառլով-Վալեյո Պոնս, Տիմոֆեեւ-Բաքրո) խաղաղ ելք ունեցան։ «Լադյա-Կազան-1000»-ը 23,5 միավորով գլխավորում է աղյուսակը, որին 2 միավորով է զիջում ֆրանսիական ՆԱՕ թիմը։ Նշենք, որ մրցաշարային աղյուսակում տեղերը բաշխվում են ոչ թե ընդհանուր միավորների քանակով, այլ թիմային հաշվարկով։ Կազանցիները, ՆԱՕ-ն եւ իսրայելական «Բեեր Շեւան» 5 հանդիպումներից չորսը շահել են, մեկն ավարտել ոչ-ոքի եւ վաստակել են 9-ական միավոր։ Սակայն քանի որ միավորների ընդհանուր քանակով լավագույն ցուցանիշն ունեն կազանցիները (23,5 միավոր), ուստի նրանք էլ գլխավորում են աղյուսակը։ 5-րդ տուրում հիանալի հանդես եկավ Մակեդոնիայի «Ալկալոիդը», որում հանդես է գալիս Վլադիմիր Հակոբյանը։ Բոլոր 6 պարտիաներն էլ ավարտվեցին մակեդոնյան թիմի շախմատիստների հաղթանակով։ Առաջին խաղատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Սոլոցեկինին։ Հակոբյանը վստահ է խաղում մրցաշարում։ Անցկացրած չորս պարտիաներից 3-ում հայ գրոսմայստերը հաղթել է, մեկն ավարտել ոչ ոքի։ «Ալկալոիդը» տոնել է 3 հաղթանակ, մեկական պարտիա ավարտել ոչ-ոքի եւ պարտություն կրել։ Մակեդոնացիները գրավում են 9-րդ տեղը, թեեւ ընդհանուր միավորների քանակով 2-րդ ցուցանիշն ունեն (23)։

Առաջատարների խմբում գտնվող «Նորիլսկի նիկել» եւ «Բեեր Շեւա» թիմերի մրցավեճը 3,5-2,5 հաշվով շահեցին իսրայելցիները։ Նույն հաշվով «Տոմսկ-400-Յուկոսը» պարտության մատնեց «Լենտրանսգազին»։ Մրցաշարում առաջին պարտությունը կրեց Սլովակիայի «Կորպորա Մարտին» թիմում հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը։ Նա պարտվեց Գերմանիայի «Վերդեր» թիմի շախմատիստ Հրաչեկից։ Իսկ սլովակյան թիմը 1,5-4,5 հաշվով զիջեց գերմանացիներին։ «Կորպորա Մարտինը» 6 միավորով 12-րդ տեղում է (ընդհանուր միավորների քանակըՙ 18,5)։

Կանանց մրցապայքարում առաջատարը «Թբիլիսին» է։ Վրաց շախմատիստները տոնել են 4 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի։ Միակ ոչ-ոքին գրանցվեց 5-րդ տուրում Ռուսաստանի «Լադյա-Կազան-1000»-ի հետ մրցավեճում։ Թիմերի առաջատարներիՙ Ձագնիձեի եւ Գալյամովայի հանդիպումն ավարտվեց ռուս շախմատիստուհու հաղթանակով։ Վրացիներին պարտությունից փրկեց Ջավախիշվիլինՙ հաղթելով Մաշինսկայային։ Սերբիայի «Ինտերնետ Պոդգորիցան», «Բելգրադն» ու «Լադյա-Կազան-1000»-ը 7-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը։ «Ինտերնետ Պոդգորիցան» 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց «Կաննին»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4