Հոկտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը բացառիկ հարցազրույց է տվել հանրապետության պաշտոնական լրատվամիջոցներինՙ «Ազատ Արցախ» թերթին եւ հանրային հեռուստառադիոյին։
Նախագահը, մասնավորապես, անդրադարձել է բյուջետային համակարգում աշխատավարձերի հնարավոր բարձրացման խնդրին, որը նախատեսվում է իրականացնել նոր տարվա սկզբից։ Ա. Ղուկասյանի խոսքերով, այդ առնչությամբ փոխհամաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի կառավարության հետՙ համապատասխան օժանդակություն ստանալու հարցում։ Միեւնույն ժամանակ, գործատուի եւ բյուջետայինների միջեւ փոխհարաբերությունների հստակ կանոնակարգման համար ԼՂՀ խորհրդարանը պատրաստվում է ընդունել պետական ծառայության մասին օրենքը։ Մշակման փուլում է կենսաթոշակների մասին օրենքը։ Դրանց ընդունումը, ըստ նախագահի, հնարավորություն կտա կանոնակարգել աշխատավարձերի բարձրացման ու տրման դրվածքը։
Ա. Ղուկասյանն այս կապակցությամբ կարեւորեց նաեւ ԼՂՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների ընդլայնման անհրաժեշտությունը։ «Այսօր առանց արտաքին ներդրումների չի գոյատեւում ԱՊՀ տարածքի ոչ մի ճանաչված պետություն։ Էլ ինչ ասենք մեր չճանաչված Ղարաբաղի մասին, որը նաեւ գտնվում է Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի պայմաններում», նշել է պետության ղեկավարը։ Իսկ որպես երեւույթի գործնական արտահայտություն նախագահը մատնանշել է ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերության հետ «Ղարաբաղ Գոլդ» ընկերության վերջերս կնքած պայմանագիրը, ինչպես նաեւ «Մանեքս եւ Վալեքս» ընկերության գործունեությունը ԼՂՀ ընդերքի յուրացման բնագավառում։
ԼՂՀ նախագահը լրագրողներին տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջիկայում նոր գործնական ուղեւորությունների։ Մասնավորապես, մոտակա օրերին Մոսկվայում նա կմասնակցի Համահայկական վեհաժողովի հիմնադիր համագումարին։ Իսկ հոկտեմբերի վերջին նախատեսվում է ուղեւորություն ԱՄՆՙ նոյեմբերին կայանալիք հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով։
Ա. Ղուկասյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ «Իրավունք» թերթի այն հրապարակումներին, որոնք վերաբերում են նրա, այսպես կոչված, հիվանդությանն ու խաղատուն հաճախելուն։ Նախագահը «բացարձակ հերյուրանք ու լկտի սուտ» անվանեց դրանք։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ