Նիստն ընդմիջվեց երկու շաբաթով
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ շարունակեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործի քննությունը։ Նախ դատարան էր ներկայացել փաստաբան Ամալյա Ավագյանը, որին ամբաստանյալ Արմեն Սարգսյանի ցանկությամբ եւ դատավարության մասնակիցների համաձայնությամբ դատարանը ներգրավեց որպես պաշտպանի։ Արդեն որպես պաշտպան Ամալյա Ավագյանը միջնորդեց դատարանին քրեական գործի նյութերին ծանոթանալու եւ իր պաշտպանյալիՙ Արմեն Սարգսյանի հետ զրուցելու համար մեկ ամիս ժամանակ տրամադրել։
Ամբաստանյալ Արմեն Սարգսյանը նշված միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելով, առաջարկեց իր պաշտպանին տեղավորվել 20-օրյա ժամկետում։ Իր առաջարկը Արմեն Սարգսյանը պատճառաբանեց, որ շահագրգռված է դատավարության արագ ընթացքով։
Պաշտպանական կողմը համաձայնեց միջնորդությանը։ Տուժողի շահերի ներկայացուցիչ Կարինե Նաղդալյանը դեմ էր։ Ինչ վերաբերում է մեղադրող կողմին, ապա մեղադրող Գեւորգ Երեմյանը հիշեցրեց, որ իրենց դիրքորոշումն արդեն իսկ հայտնել են։ Բայց ավելացրեց, որ գործի նյութերին ծանոթանալու համար ժամկետ տրվում է այն դեպքում, երբ դատավարությանը ներգրավվում է նոր պաշտպան։ Ըստ պրն Երեմյանի, տվյալ դեպքում նոր պաշտպան չկա, այլ կա երկրորդը։ Այսինքնՙ մեղադրողի կարծիքով, Ամալյա Ավագյանին ժամկետ տրամադրելու նորմ օրենսդրորեն սահմանված չէ։ Ուստի միջնորդությունը սահմանվեց ոչ հիմնավոր։
Սրան ի պատասխան Ամալյա Գեւորգյանը նշեց. «Ես հին փաստաբան եմ, բայց նոր պաշտպան եմ։ Ես ձեւի պարագա չեմ, որ նստեմ այստեղ եւ ոչինչ չանեմ»։ Այս կապակցությամբ մեղադրող Գեւորգ Երեմյանն, այսպես ասած, դիտողություն արեց դատարանին, թե դատավորի մեղավորությամբ անհարկի քննարկումներ են առաջանում դատարանում։
Երբ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն, ըստ էության, հուշեց դատավորին, որ պետք չէ համբերել նման պահվածքի առումով, դատավոր Սարո Արամյանը բարկացավ, որ դատարանին քննադատելու իրավունք կողմերը չունեն։ Եվ հայտարարեց ընդմիջում։
Ընդմիջումից հետո դատավոր Արամյանը հրապարակեց իր որոշումը պաշտպան Ամալյա Ավագյանի միջնորդության կապակցությամբ։ Միջնորդությունը մերժվեց։ Տկն Ավագյանն առարկեց որոշման դեմ եւ դատարանից փոքրիկ ընդմիջում խնդրեց իր պաշտպանյալի հետ զրուցելու համար։ Մեղադրող կողմն այս անգամ գրեթե միաձայն չառարկեց։
Արմեն Սարգսյանի հետ իր պաշտպանների զրույցից հետո ամբաստանյալ Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարվում է Ռոբերտ Գրիգորյանի ծառայությունից։ Գրիգորյանը լքեց դահլիճը, իսկ Ամալյա Գեւորգյանն արդեն փոխված իրադրության մեջ գործի նյութերին ծանոթանալու համար դատարանից խնդրեց 20 աշխատանքային օր։ Ոչ ոք չառարկեց։ Միայն նշվեց, որ ժամկետը շատ է։ Դատավորն էլ որոշեց տրամադրել 2 շաբաթ։
Հաջորդ դատական նիստը կլինի հոկտեմբերի 17-ին։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ