«Ազգի» 2003 թ. սեպտեմբերի 12-ի համարի հրապարակման մեջ հանիրավի նշվել է «Մահմուդօղլու» ընկերության անունը, որն իբր թե հայ մարմնավաճառների է տեղափոխել Թուրքիա։ Ասվածը վերագրվում է անանուն ինչ-որ դիվանագետի, որի գոյությունը հավատընծա չէ, եւ ակնհայտ է, որ թերթը կատարել է ինչ-որ մեկի պատվերնՙ արատավորելու մեր ընկերության բարի համբավը, ինչը եւ հաղորդվել է նաեւ հեռուստահաղորդման ժամանակ։ «Մահմուդօղլուն» ապահովում է եւ պատասխանատվություն է կրում միայն ուղեւորների անվտանգ տեղափոխմանՙ Երեւան-Ստամբուլ եւ հակառակ ուղղությամբ։ Մարմնավաճառությամբ մեր ազգը խայտառակողների վարքագիծը դատապարտելի է ոչ միայն մեր ընկերության անդամների, այլեւ մեր մշտական ուղեւորների համար։
ՍԵՐԳՈ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Խմբագրության կողմից.- Ի գիտություն պրն Ս. Մուրադյանի, հավաստիացնենք, թե մեր թերթը պատվերով հոդված չի տպագրում։ Ինչ վերաբերում է հիշյալ դիվանագետի «հավատընծա» լինելու հարցին, խմբագրությանս իրավունք չի տրված նրա անունը բացահայտելու, այլապես «հավատընծայության» որեւէ հարց չէր մնա։