Երեկ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում աշխատանքն սկսեց Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարի ընդլայնված նիստը։ Ինչպես մեզ հեռախոսով տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, նիստին մասնակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քաղաքապետ Յուրի Լուժկովը, արտգործնախարար Իգոր Իվանովը, ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ, խմբակցությունների ղեկավարներ, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքների պատվիրակներՙ թվով 300 հոգի, որոնք ներկայացնում են 52 երկրների շուրջ 138 հայկական կազմակերպություններ։
Համագումարի աշխատանքները բացել է Համաշխարհային հայկական կազմակերպության (ՀՀԿ) կազմկոմիտեի նախագահ Արա Աբրահամյանը, անդրադառնալով շուրջ մեկ տարի կազմկոմիտեի իրականացրած աշխատանքինՙ հիմնադիր համագումարը նախապատրաստելու համար։ Համագումարի մասնակիցներին եւ հյուրերին ողջունել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը։ Նա վստահություն է հայտնել, որ նոր միջազգային կազմակերպությունն ակտիվորեն կաշխատի ազգային համախմբման, հայկական պետականության ամրապնդման եւ համաշխարհային հանրակցության մեջ Հայաստանի ինտեգրման համար։ Ելույթ է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վ. Պուտինըՙ բարձր գնահատելով հայ-ռուսական բարեկամությունը։ Ելույթ է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպս. Ներսիսյանը, նաեւՙ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի ներկայացուցիչը։
Վլադիմիր Աղայանի խոսքերով, այսօր համագումարը կշարունակի իր աշխատանքները։ «Համաշխարհային հայկական կազմակերպություն. նպատակները, խնդիրները» զեկույցով հանդես կգա Արա Աբրահամյանը, այնուհետեւ ՀՀԿ կանոնադրության նախագիծը կներկայացնի Վլադիմիր Աղայանը։
Զեկուցումների քննարկումից հետո կընտրվեն ՀՀԿ ղեկավար մարմիններ։
Ա. Հ.