«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2003-10-03 | #180, 2003-10-04 | #181, 2003-10-07


«ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ ԱՌԿԱ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՍԱՏԱՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»

Վերջին շրջանում կայացած համահայկական միջոցառումների օրերին իր տիկնոջ հետ Երեւան էր այցելել նաեւ Տորոնտոյի (Կանադա) Թեքեյան մշակութային միության վարչության ատենադպիր Ալեքսան Պալթայանը, որին էլ խնդրեցինք պատմել ընդհանրապես Տորոնտոյի հայ համայնքի եւ մասնավորապես Թեքեյան մշակութային միության գործունեության մասին, այն նկատառումով, որ սովորաբար կանադահայության մասին խոսելիս, ընդարձակ տեղեկություն ենք ստանում ավելի մոնրեալաբնակ, քան տորոնտոյաբնակ մեր հայրենակիցների մասին։ Խմբագրությունում կայացած մեր զրույցի ընթացքում ահա թե ինչ պատմեց մեր հարգարժան հյուրը։

¬ Տորոնտոյի ԹՄՄ-ն մեկ բաղկացուցիչ մասն է համագաղութային այս միության, որը կոչված է պահպանելու, առավել զարգացնելու եւ մեր ազգային արժեքները ծանոթացնելու մեր աշխարհացրիվ ժողովրդին։ Ունենք փոքր, բայց կոկիկ մի կենտրոն, իր գրադարանով, որտեղ կարելի է գտնել նաեւ զանազան պարբերաթերթեր։ Մեր գործունեությունը հասարակական-մշակութային է, սեւեռուն ուշադրություն ենք դարձնում մայրենի լեզվին։ Սփյուռքահայ համայնքներում անհրաժեշտություն են հավաքման վայրերը, ինչպիսին մերն է, որտեղ ժողովուրդը կարելիություն կունենա մեկտեղվելու եւ ընտանեկան ջերմ մթնոլորտում շարունակելու բարեկամական եւ մշակութային կյանքը։

Տորոնտոյի ԹՄՄ-ն իր հիմնադրման 36 տարիների ընթացքում մշակութային զանազան ձեռնարկներ կազմակերպելուն առընթեր ընդարձակ գործունեություն է ծավալել մեր հայրենի հյուրերին ու արվեստագետներին ծանոթացնելու մեր հասարակությանը։ Գաղութի կազմավորման սկզբնական շրջանում մենք միակ կազմակերպությունն էինք, որն զբաղվում էր այդ գործով։ Այժմ մշակութային միությունների քանակն անհամեմատ բազմացած է, մինչ տեղվույն արվեստագետների թիվը զգալի նվազած է, եւ ժողովրդի ճաշակն ու հետաքրքրությունն էլ մեր մշակույթի հանդեպ ստացել են տարբեր ուղղություններ ու մակարդակներ, մանավանդ եթե նկատի ունենանք Կանադայում ծնված ու հասակ առած նոր սերնդին։

- Որո՞նք են հայապահպանման հեռանկարները համայնքում։

¬ Նոր սերնդի հայապահպանման հեռանկարներն առավել կամ նվազ չափով նույն մակարդակի վրա են, ինչ մյուս աշխարհացրիվ գաղութներում։ Լավատեսորեն մոտենալով այս հարցին նշենք, որ եթե շարունակվի այս թափով մեր գաղութում ծավալված աշխույժ գործունեությունը, ապա նոր սերունդը հայ կմնա դեռ բավական երկար ժամանակ։ Եթե լեզուն անգամ ինչ-որ չափով նահանջ ապրի, ոգին անպայման մնալու է, եւ ինչպես ԱՄՆ-ում է տեղի ունենում, այստեղ եւս որոշ տարիքի հասնելով, մեր ժողովրդի հաջորդ ներկայացուցիչները թեկուզ անգլերենով սկսելու են որոնել իրենց արմատները եւ փորձելու են հասու լինել մեր պատմությանն ու արժեքներին։ Անշուշտ, հայրենիք-սփյուռք փոխհարաբերություններն զգալիորեն նպաստում են գաղութային հայապահպանմանը։

- Ի՞նչ ընդհանուր տեղեկություններ կարող եք հաղորդել Տորոնտոյի հայության մասին։ Որքա՞ն հայ կա համայնքում։ Քանի՞ եկեղեցի, դպրոց են գործում։

¬ Տորոնտոյի հայ համայնքը մոտ 30 հազար է։ Ունենք չորս եկեղեցի, ներառյալ մեր հարանվանականները, որոնք կանոնավորապես կգործեն եւ ունեն երիտասարդական, մշակութային, դաստիարակչական եւ ընկերային-հասարակական իրենց հանձնախմբերը։

Տորոնտոյի մեր համեմատաբար փոքր գաղութը հարուստ է երեք հայկական ամենօրյա վարժարաններով, որոնք են «ՀԲԸՄ-Ծառուկյան վարժարանը», «Սուրբ խաչ ազգային վարժարանը» եւ «ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը»։ Դրանց զուգընթաց գործում են նաեւ երկու շաբաթօրյա վարժարաններ, որտեղ առիթ կընձեռվի հայերեն եւ ազգային պատմություն ուսուցանելու բոլոր այն հայ աշակերտներին, որոնք տեղական, օտար վարժարաններ կհաճախեն։

Գործող բազմաթիվ մշակութային միություններից այստեղ կարող եմ նշել Թեքեյան մշակութային միությունը, ՀԲԸՄ-ն, Համազգայինը եւ Նոր սերունդ մշակութային միությունը։ Պետք է հիշատակել նաեւ Տորոնտոյում գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը կառուցողական եւ վերանորոգման խոշոր ծրագրերով մեծապես սատարում է Հայաստանի եւ Արցախի բարգավաճմանը։ Հայաստանում շենքերի վերականգնման աշխատանքներին մասնակցում է նաեւ հետերկրաշարժյան օրերին ստեղծված կաթի հանձնախումբը։ Չի կարելի թերագնահատել վերոհիշյալ եւ մյուս մշակութային միությունների, եկեղեցիների ու դպրոցների դերը համայնքի կենսունակության պահպանման գործում։ Նրանք ամեն առիթով եւ տարբեր միջոցներով իրենց օգնության բաժինն են բերում Հայաստանին եւ Արցախին։

Մի խոսքով, Տորոնտոն ակտիվ համայնք է եւ, որ անժխտելի է, հայրենիքին սատար կանգնելու ցանկությունն այնտեղ առկա է։

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4