«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2003-10-03 | #180, 2003-10-04 | #181, 2003-10-07


ՆԵՐԿԱ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԹԱՆՈՒՄ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ» ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄԸ

«Լի փակլիս էնտերփրայսիս» թատերական գործիչների ընկերության մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ առաջիկա հոկտեմբերի 19-ին Չելտենհեմի (Փենսիլվանիա, ԱՄՆ) Սուրբ Երրորդություն Հայ առաքելական եկեղեցու դահլիճում տեղի է ունենալու Բիլ Ռոլերիի եւ Աննա Անթառամյանի հեղինակած «Հայկական հարց» դրամայի թատերականացված ընթերցումը։

Առաջին անգամ Նյու Յորքում 25 տարի առաջ թատերական հասարակությանը ներկայացված պիեսը վերստին կյանքի կոչվեց զույգ աշտարակների դեմ 2001 թ. սեպտեմբերի 11-ին իրագործված հայտնի ահաբեկչական գործողություններից հետո։ «Ֆիլադելֆիայի դրամատիկական կենտրոնի» եւ «Ամերիկյան կոնսերտ թեատրի» գեղարվեստական ղեկավար, մրցանակակիր Էդ. Շոկլին, հանդես գալով որպես ե՛ւ դրամատուրգ, ե՛ւ պրոդյուսեր, դուրս բերեց սցենարը փոշու միջից եւ ձեռնարկեց թատերական ընթերցումների մի շարք, որը նոր կյանք պարգեւեց պիեսին։

Սուրբ Վարդան տաճարում 1977-ին եւ ապա Մանհեթենի «Ուեստ վիլեջ» շրջանի Ռաֆթ թատրոնում կայացած առաջին ներկայացումները տեղի են ունեցել լեփ-լեցուն դահլիճներում եւ արժանացել «Նյու Յորք Դեյլի նյուզ» թերթի մշակույթի սյունակագրի գնահատանքին։

Շոկլին, անշուշտ, վերանայել է պիեսը եւ համահունչ դարձրել միջազգային ներկա իրադարձություններին։ «Մեր նպատակն է եղել հետամուտ լինել ճշմարտությանը եւ ստեղծել որոշակի հիմք ամերիկացիների համար, որպեսզի ավելի լավ հասկանան ճգնաժամային հարցերը», ասել է այդ առթիվ Շոկլին։

Չելտենհեմի ներկայացման իրականացմանը մասնակից է նաեւ թատերական արվեստի ամենափայլուն ռեժիսորներից Մարկ Հալենը, որը միացել է «Լի Փակլիսի» խմբին որպես ներկայացման տնօրեն։ Հալենը 1995-ին ղեկավարել է «Գազանը լուսնի վրա» ներկայացման բեմադրությունը, որն արժանացավ լավագույն պիեսի, լավագույն թատերական խմբի եւ լավագույն դերասանի (Խուանիտա Վեգա) մրցանակներին, եւ որը դասվեց «1995-ի լավագույն 10 ներկայացումների» շարքը։

«Հայկական հարցն» այսօր էլ շարունակում է գրավել օտարների ուշադրությունը հավանաբար, ըստ Փակլիսի, «շնորհիվ իր վերանայված տարբերակին եւ միջազգային ներկա իրադարձություններից քաղված դասերին»։ «Մենք բախտավոր ենք, որ գործ ունենք մի խմբի հետ, որտեղ Էդ Շոկլին, Լի Փակլիսն ու Մարկ Հալենն են ընդգրկված», նշել է պիեսի համահեղինակ Բիլ Ռոլերինՙ ընդգծելով, որ ավելի մեծ ֆինանսավորման դեպքում կարող էին ավելի արդյունավետ գործ տեսնել։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4