«Getting closer» ցուցահանդեսում
«Բանանայի՞ն երկրի մշակույթ ենք ներկայացնում» իմ առաջին հարցը ծնվեց Բոննում «Getting closer. չորս հայ ելք են որոնում» ցուցահանդեսի հրավիրատոմսը տեսնելով։ Ընդհակառակը, ասաց ցուցասրահում առաջինն ինձ հանդիպած Նարեկ Ավետիսյանըՙ շարունակելով, մեր մշակույթի նախարարությունն է ուզում, որ մենք այդպիսի տպավորություն թողնենք, երբ ժամանակակից ցուցահանդես կազմակերպելիս հին հայկական կարպետներն է ցուցանմուշ դարձնում։ Հայաստանյան ոչ վաղ անցյալի քաղաքական կարկառուն դեմքերից մեկի բառարանում Հայաստանը բանանային երկիր էր, իսկ «նարինջ ուտողներ» բնորոշումն էլ կարծեմ օվկիանոսը հատած մեր հայրենակիցներին էր վերաբերվում։ Գերմանահայերը Բոննի կենտրոնում գտնվող այս սրահը փնտրելու ցանկություն կունենայի՞ն, եթե հրավիրատոմսի վրա, ասենք, հայկական ծիրան կամ նուռ պատկերված լիներ ումի՞ց պարզեմ, երբ ifa-ում իտալացի ծանոթս շփոթված հարցրեցՙ ինչո՞ւ հայեր չկան։
Սեպտեմբերի 9-ին Բոննի ifa գալերիում պաշտոնապես բացված «Getting closer. չորս հայ ելք են որոնում» վերնագրյալ ցուցահանդեսը հունիսի 5-օգոստոսի 3-ին ներկայացվել էր Բեռլինի նույնանուն ցուցասրահում։ Չորս հայերըՙ Աշոտ Աշոտը, Կարինե Մացակյանը, Նարեկ Ավետիսյանն ու Արչի Կալենցը առաջին հայերն են, որոնց ներկայացնում է վերջին տասնամյակներին աշխարհում ուշագրավ քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններն իր տեսադաշտում պահող ifa-ն (գերմաներենից թարգմանաբարՙ արտասահմանյան կապերի ինստիտուտ)։ Ցուցասրահում 2001-ից հեղինակած «Ազգություն, ինքնություն» շարքի թվով հինգերորդ հիշյալ ցուցահանդեսը բեռլինաբնակ Արչի Կալենցի նախաձեռնությամբ է իրականություն դարձել։ «Շատ ուրախ եմ, որ 3 տարվա մեր նախապատրաստական աշխատանքը վերջապես կայացավ, ասում է Արչի Կալենցը։ Այս նախագծի նպատակը արվեստի դերի հնարավորությունները պարզելն էր։ Ժամանակակից արվեստը հասարակության մի մասնիկն է։ Մեր ազգը դեռ չի ըմբռնում արվեստի իմաստը, այն ֆորումի պես մի բան է, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին կարող է միայն մշակույթը միավորել»։ Հելսինկիի կերպարվեստի ակադեմիայի ռեկտոր Միկա Հաննուլայի հայեցակարգով հղացած «Getting closer» ցուցահանդեսը միավորում է արվեստի տարբեր ըմբռնումներ, ներկայացնում հայ արվեստի արդի հետաքրքրություններն ու ֆենոմենները, հայ ազգի վիճակը ցեղասպանության ու օկուպացիայի, ներկայի ու անցյալի համապատկերում ու դրանց արտահայտություն-արտացոլանքը հայրենի երկրում ու սփյուռքում։ 1967-ին ծնված քաղաքական փիլիսոփայության դոկտորի աստիճան ունեցող Հաննուլան մինչ հիշյալ նախագիծն իրականացնելը եղել է Հայաստանում, հանգամանալից ուսումնասիրել դաշտը, ցուցահանդեսի առիթով նրա հեղինակած 64 էջանոց պատկերագիրքը (կատալոգ) դրա վկայությունն է։ Ներկայացված են երկու տարբեր սերունդՙ Աշոտը ծնվել է 1961-ին, Կարինենՙ 1959-ին, Նարեկըՙ 1969-ին, Արչինՙ 1971-ին։ Երկուսն ապրում են Հայաստանից դուրսՙ Աշոտը 90-ականներից ապրում է Փարիզում, Արչինՙ 9 տարի է արդեն Բեռլինում է, երկուսըՙ Կարինեն ու Նարեկը, Երեւանում։
4 սենյակներում ամփոփված ստեղծագործություններից միայն մեկն է գետնին փռված. մոխրագույն տախտակե «ուղեգորգի» մի ծայրում 12 անգույն, թափանցիկ պլաստմասե ուղղանկյուն պատուհանների տակ վառ գույներով ներկված մտացածին քարտեզներ են։ Ինստալացիայի հեղինակ Արչի Կալենցն ասում է, թե ուրախ կլիներ, եթե մարդիկ քայլեին դրա վրայով, ինչպես սովորաբար, առանց հատուկ ուշադրության շատերը քայլում են երկրի վրայով, բայց դե մարդիկ էլ կան, որ ոտքերը զգույշ, տնտղելով են դնում հողին։ Արչին ճիշտ էր նկատելՙ պարզապես այցելուները մեծ հարգանքով վերաբերվեցին իր ստեղծագործությանը։ «Որտե՞ղ փնտրել Հայաստանը, ինստալացիան շատ հավանած ախենաբնակ իտալացի ճարտարապետ Ջորջիո Բավայն ինձ բացատրում է, հենց այդՙ ժամանակի սկիզբն ու վերջն իր մեջ ներառնող 12-ի մեջ, եւ ոչ միայն այսօրվա աշխարհին հայտնի Հայաստանի 29 հազար քառ կմ սահմաններում։ Արչիի քարտեզները նայելիս մեկ անգամ եւս համոզվեցիՙ Հայաստանն այնտեղ է, ուր հայեր են ապրումՙ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում, Գերմանիայում, Իրանում»։ Բեռլինի կոնֆերանսին նախորդած ժամանակահատվածում, երբ աշխարհի քարտեզը եվրոպացիների հայեցողությամբ էր վերափոխվում, ինձ հուշեց «Կորուսյալ դրախտ» թեման, ասում է Արչի Կալենցը, ով ifa -ում իր գծած քարտեզների մի քանի տարբերակ էլ ներկայացնում է խորանարդ գլոբուսի միջոցով։ «Քարտեզներ կան, ուր Հայաստանը չկա։ Դա իմ չար ցանկությունը չէ, մեր հարեւանների, մեծ պետությունների աչքը նոր չէ, որ մեր երկրի վրա է սեւեռված», ասում է հեղինակը, որի «քաղաքական» այս շարքում քարտեզային տարբերակներ էլ կան, ուր Հայաստանի սահմանները հաճախ նաեւ ընդարձակվում են։
Բոննի ցուցահանդեսում ներկա Նարեկ Ավետիսյանի օգնությամբ շատերն են նրաՙ համակարգչով ստեղծված արվեստի գեղագիտությանը «մերձենում»։ «Տարիներ առաջ նկատելի էր, որ նորարարներս գոյություն չունեինք կիբեռ տարածության մեջ։ Շատերը համակարգիչ չունեին, հեռու էին ծրագրերով աշխատելու հնարավորությունից, որոշեցի այդ մասին ցուցահանդես բացել, իսկ հետո պրոֆեսիոնալների դասախոսությունները օգնեցին, որ մեզնից մի քանիսն արվեստի այդ տեսակը զարգացնի։ Հարցնում եքՙ ինչու՞ ընտրեցի ֆրակտալ արվեստը, պատասխանեմՙ որովհետեւ ես ոգեշնչվում եմ գիտությունից, դրա մեջ գաղափարական հսկա ներուժ կա»։ Ցուցասրահի պատի վրա Նարեկը տպել է ներկի մեջ թաթախված իր ձեռքը, բազմապատկել գործողությունն այնպես, որ կարմիր-կապույտ նախշից դժվարկռահելի է դառնում դրա արարման տեխնիկան։ «Տեսնես ցուցահանդեսի ավարտից հետո այս պատն ի՞նչ են անելու, բարձրաձայնում են երկու գերմանուհիներ, ովքեր Նարեկի աշխատանքի առջեւ երկար են կանգնել, դեմքերին հիացմունքի արտահայտություն կա, հարցի մեջՙ ակնհայտ ափսոսանքՙ ցուցահանդեսից հետո պատը միագույն ներկի տակ «թաղելու» հավանականությունից։ «Ֆրակտալ նշանակում է ինքնավերարտադրվող։ Անձի հետքը բազմապատկվելով դադարում է միայն անձին պատկանելուց, դրանից չի դառնում անանձնական, այլ գերանձնական, բացատրում է Նարեկը, ում կարծիքով, հումանիստական մոտեցումն առկա էՙ մարդկային գենոտեսակի վերարտադրման հարցն է ծագում»։
«Ցուցահանդեսի կազմակերպիչների խոսքից տեղեկացանք, որ Նարեկն ու Կարինեն իրենց վառ երեւակայությամբ արդեն ներկայացել են միջազգային հանրահայտ տաղավարումՙ Վենետիկի բիենալեում։ Մեր կարծիքով, այս ցուցահանդեսում ներկայացված չորս արվեստագետներն էլ հրաշալի կրթություն են ստացել եւ կուտակած մեծ ինֆորմացիան միջազգային տարբեր սրահներում նորանոր նախագծերի առիթ է դառնալու», ասաց ցուցահանդեսի տպավորություններն անպայման մեր թերթին հաղորդելու պատրաստակամություն հայտնած մի գերմանացի պարոն։ Ինչպես խոստովանեց, նրան ամենաշատը դուր էր եկել Կարինե Մացակյանի «12 վերնաշապիկ» վիդեոինստալացիան, ուր տղամարդ-կին փոխհարաբերությունը շատ հստակ էր ընդգծվում։ Կարինեն տարբեր ակցիաների, փերֆորմանսների հեղինակ է, Հայաստանի նահապետական հասարակության մեջ կնոջ ինքնության փնտրտուքներում հաճախ, ինչպես այս ցուցահանդեսում, հենց սեփական մարմնին է վերապահում կանացիություն «ցուցադրելը»։ Մացակյանի յուղաներկ փոփ ոճով «Լավ տղերք» շարքն արդեն հայացք է տղամարդուն, արտաքուստ հակիրճ, ինչ-որ տեղ նույնիսկ հեգնախառը, ու հայկական փակ հասարակության տաբուները բեկող։ Հայաստանյան ժամանակակից ծանոթ մթնոլորտՙ հագեցած թշվառությամբ ու ցինիզմով։
Աշոտ Աշոտի, ինչպես ինքն է կոչում, մեդիտատիվ ոճով արված աշխատանքներում վրձինը բացակայում է։ Ներկի մեջ թաթախված զգույշ մատնահպումներով կամ ինքնաշեն կնիքների օգնությամբ, ներդաշնակ գույների համադրությամբ կազմված, անընդհատ կրկնվող պատկերների մեջ նոր պատկեր որոնելը կամ պարզապես ամբողջ տարածության վրա աչք սեւեռելը ցուցահանդեսում շատերին է գրավում։ Ակնհայտ է, որ լուսանկարչությունն ու վիդեոն նրա ստեղծագործության մեջ նույնքան կարեւոր դերակատարում ունեն, որքան նկարչությունը։ Աշոտի ստեղծած նկարը կարող է անվերջ շարունակվել, եթե հեղինակային սահմանափակումը այն որոշակի չափերի մեջ չզսպի։ «Հրաշալի է ներկայացված, մեր զրույցում ցուցադրության մասին կարծիք է հայտնում Քյոլնի մշակույթի վարչության միջմշակութային հարցերով զբաղվող Յոհաննես Բունկը, այցելուն ինքն էլ կարող է ցուցահանդեսը դիտել առանց օգնության ու լավ հասկանալ։ Կարծում եմ այս ցուցահանդեսը ներկայացնում էր, թե Հայաստանում բարձրագույն դպրոցում ինչ կրթություն են ստանում, այնուհետեւ արվեստագետներն ի՞նչ են ստեղծում. կարելի է արձանագրել, թե սա հաջող խառնուրդ է արվեստի միջազգային լեզվի եւ անկասկած տարրերի, որ Հայաստանի տեղանքի, պատմության հետ են կապված։ Չորս արվեստագետներին հաջողվել է անհատականությունը պահելով միջազգային լեզվով վերարտադրել ասելիքը, դրանով այն տպավորությունն ունեմ, թե Հայաստանը կարող է ողջ աշխարհում քննություն բռնել։ Արտահայտչաձեւերը, տեխնիկան միջազգային լինելով ինձ դուր է գալիս, որ հայկականին հատուկ տարրերն առկա են։ Իմ կարծիքով, արվեստում անհրաժեշտ է, որ երեւա երկրագնդի ողջ մարդկության ու ծագումով պայմանավորված առանձնահատկությունների հարաբերումը, կապը, ինչն այս ցուցահանդեսում շատ լավ արտահայտություն է գտել, հավելում է Հայաստանի մասին վերջերս գրքերից ու քարտեզներից գաղափար կազմած պարոն Բունկը, ով մեր զրույցի վերջում խոստովանեցՙ «Getting closer»-ը դիտելուց հետո Հայաստանը տեսնելու իմ ցանկությունն ավելի առարկայական է դառնում։
Ցուցահանդեսը մինչեւ հոկտեմբերի 26-ն է։
Անահիտ Հովսեփյան, Բոնն