Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը գերազանց հանդես եկավ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։ Ավարտական խաղում հաղթելով Բոսնիայի իր հասակակիցներին (4-1), մեր ընտրանին 11-րդ խմբի հաղթող ճանաչվեց։ Այդ խաղում առաջինը հաջողության հասան բոսնիացիները, սակայն հետագայում հայ պատանիները չորս անգամ ստիպեցին մրցակցին գնդակը հանել ցանցից։ Գոլերի հեղինակներ դարձան Ժորա Հովհաննիսյանը (2 գոլ), Էդգար Մանուչարյանն ու Մխիթար Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ մինչ այդ մեր հավաքականը 1-0 հաշվով հաղթել էր ուկրաինացիներին եւ ոչ-ոքի ավարտել հանդիպումը ֆրանսիացիների հետ։ Հաջորդ փուլում պայքարը կշարունակեն նաեւ ուկրաինացիները, որոնք եւս կամային հաղթանակ տոնեցին ֆրանսիացիների նկատմամբ (2-1)։ Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ Եվրոպայի 2004 թ. առաջնությունն անցկացվելու է Շվեյցարիայում, մայիսին։ Եզրափակիչի 7 ուղեգրերի համար (8-րդ մասնակիցն առաջնության կազմակերպիչ երկրի հավաքականն է) առաջին փուլում մեկնարկի դուրս եկած թիմերը բաժանվել են ընտրական 12 խմբի։ Խմբերից պայքարը շարունակելու իրավունք են ստանում 2-ական թիմեր, ինչպես նաեւ 3-րդ տեղ գրաված հավաքականների մեջ լավագույն արդյունքն ունեցող ընտրանին։ Երկրորդ փուլում նրանց կմիանան ամենաբարձր վարկանիշ ունեցող 3 հավաքականները եւ 28 թիմերը վիճակահանությամբ կբաժանվեն 7 խմբի։ Այդ խմբերի հաղթողներն էլ իրավունք կստանան մասնակցելու եզրափակիչ փուլին։
Ի դեպ, մեկնելուց առաջ «Ազգի» թղթակցի հետ զրույցում ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկան նշել էր, որ ընտրական մրցաշարում հավաքականի առջեւ լուրջ խնդիր չի դրված եւ առանձնակի սպասելիքներ չունի։ Այնպես որ, կարելի է փաստել, որ մեր պատանիները գերազանցեցին բոլորի սպասելիքները։ Մնում է հուսալ, որ մեր ֆուտբոլիստները նույնպիսի հաջողությամբ հանդես կգան նաեւ երկրորդ փուլում։ Հարկ է նշել, որ Եվրոպայի պատանեկան առաջնությունների ընտրական մրցաշարերում սա Հայաստանի պատվիրակների երկրորդ հաջող ելույթն է, երբ հաղթահարվում է առաջին փուլի արգելքը։ Առաջին անգամ ՀՀ պատանեկան հավաքականը (մինչեւ 18 տարեկաններ) խմբային մրցաշարի արգելքը հաղթահարել էր 1998 թ.։ Այն ժամանակ Սեյրան Գալստյանի գլխավորությամբ պատանեկան հավաքականը հաջողությամբ հաղթահարելով խմբային մրցաշարի արգելքը, 1/8 եզրափակիչում երկու հանդիպումներում էլ զիջեց պորտուգալացիներին (1-2, 0-2) եւ դուրս մնաց հետագա պայքարից։
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Հայաստան | 3 | 2 | 1 | 0 | 5-1 | 7 |
2. Ուկրաինա | 3 | 2 | 0 | 1 | 6-5 | 6 |
3. Ֆրանսիա | 3 | 1 | 1 | 1 | 2-2 | 4 |
4. Բոսնիա | 3 | 0 | 0 | 3 | 4-9 | 0 |