«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2003-10-03 | #180, 2003-10-04 | #181, 2003-10-07


ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ

Տոնի առիթ իսկապես կա

Արդեն չորրորդ տարին «Կոտայք» գարեջրի գործարանը գարեջրի տոն է կազմակերպում։ Անցած կիրակի մայրաքաղաքի «Առագաստ» սրճարանում եւ մերձակա զբոսայգում հավաքվել էին բազմաթիվ երեւանցիներ եւ մայրաքաղաքի հյուրերՙ մասնակցելու տոնակատարությանը, լսելու համերգ հայկական էստրադային երգիչների մասնակցությամբ եւ, իհարկե, գարեջուր խմելու, որն այդ օրը բոլոր ցանկացողների համար անվճար էր։ Տոնը թերեւս կիսատ կլիներ առանց խաղարկության։ Բոլոր կտրոնները թվագրված էինՙ պարգեւների համար։ Այդ օրը «Կոտայք» գարեջուր համտեսողներից ամենահաջողակը տուն գնաց LADA 9915 մակնիշի ավտոմեքենայով։ Երեկոյի ընթացքում կազմակերպվեցին նաեւ բազմաթիվ խաղ-աճուրդներ։

Իբրեւ անակնկալ, աճուրդի հանված իրի համար ամենաշատ գումար առաջարկողն այն ի վերջո «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից ստանում էր իբրեւ նվեր։

Գարեջրի տոնն այս տարի փոքր-ինչ հետաձգվել էրՙ սեպտեմբերի 25-ից տեղափոխվելով հոկտեմբերի 5-ը։ Պատճառը հիմնավոր էր. Արգենտինայի մայրաքաղաքում կայացած գարեջրի միջազգային ստուգատես-փառատոնին 38 պետությունների 57 ֆիրմաների արտադրանքի կողքին մասնակցելով «Կոտայք» գարեջուրը ճանաչվել է լավագույնը եւ «տուն» վերադարձել որակի ոսկե մեդալով։

Մինչեւ ուշ երեկո շարունակվեց տոնակատարությունը եւ ավարտվեց հրավառությամբ։ «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր նախագահ եւ «Կոտայք» գարեջրի գործարանի նախագահ Գագիկ Ծառուկյանը, համենայն դեպս, կողմ է տարեկան մեկ անգամ անցկացվող ավանդական միջոցառումն ավելի հաճախակի դարձնելուն։ Համենայն դեպս, լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշեց. «Եթե ժողովուրդն այդպես ցանկանա, ես պատրաստ եմ»։

Այդ պատրաստակամությունը գործարարն ավելի ուշ հաստատեց իր ելույթում։ Ինչ վերաբերում է գարեջուր արտադրող բոլոր ընկերություններին տոնը կազմակերպելու գործում համախմբվելու գաղափարին, այս դեպքում «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի մոտեցումն այլ էր, թե յուրաքանչյուրը թող առանձին կազմակերպի։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4