«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2003-10-03 | #180, 2003-10-04 | #181, 2003-10-07


ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ ԱԺ փոխնախագահ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին մասնակցած մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը լրատվամիջոցներին ներկայացրեց սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 2-ը Ստրասբուրգում կատարված աշխատանքները։ Պրն Թորոսյանը սկսեց նրանից, որ ավանդույթ դարձող հանդիպումը կարեւոր էրՙ հաշվի առնելով 2 խնդիր։ Առաջինը հետընտրական շրջանին էր վերաբերում, երկրորդը պատվիրակության լիազորությունների ճանաչման հարցն էր։

Եվրախորհրդի ղեկավարության Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումների ժամանակ ներկայացվել է Հայաստանում առկա վիճակը, ինչպես նաեւ ժամանակացույցՙ Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Քննարկումների արդյունքում ձեւավորվել է նաեւ հուշագիր, որում արձանագրվել են հիմնական հարցերի վերաբերյալ դիրքորոշումներն ու անելիքները։

Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանադրական փոփոխությունների մասին անցկացնել կոնֆերանս, որին կմասնակցեն նաեւ եվրոպացի մասնագետներ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, ըստ Տիգրան Թորոսյանի, որեւէ ցանկություն չի եղել մերժելու Եվրոպայի խորհրդի ընտրությունների վերաբերյալ տեսակետը։ Արձանագրվել է, որ մեր վերջին երկու ընտրություններն էլ չեն համապատասխանել միջազգային չափանիշներին։ Դրա հետ մեկտեղ կարեւորվել է հաջորդ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հարցը։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանը կփորձի ամփոփել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ երկրում եղած առաջարկությունները, Վենետիկի հանձնաժողովը կամփոփի միջազգային դիտորդների եւ փորձագետների առաջարկությունները։ Ի վերջո կձեւավորվի ԸՕ բարեփոխումների համադրված փաթեթ։

Վեհաժողովում քննարկվել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանի օրենքի նախագծին առնչվող մի քանի հարցեր։ Որեւէ դիտողություն կամ առաջարկություն չի արվել։ Չնայած կարեւորվել է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի հարցը։

Ինչ վերաբերում է այլընտրանքային զինծառայության հարցին, ապա ստեղծվելիք օրենքը, ըստ պրն Թորոսյանի, պիտի բավարարի ե՛ւ Եվրախորհրդին, ե՛ւ մեր երկրին։

Հետաքրքրական է, որ, Տիգրան Թորոսյանի խոսքերով, վեհաժողովում ներկայացվել է մեր պարտավորությունների կատարման ժամանակացույց։ Պատվիրակության լիազորությունների ճանաչման հարցում էլ որեւէ բարդություն չի եղել։ Հանդիպումներ են տեղի ունեցել Ագոյի խմբի հետ, ճշտվել են որոշ հարցեր։

Անդրադառնալով ժողովրդավարական ինստիտուտների խնդրին, Տիգրան Թորոսյանը նշեց, որ այս հարցը հետաձգելու քայլեր Հայաստանը չի արել, չնայած չի բացառվում, որ քննարկվի հունվարյան նստաշրջանում։ «Ակնհայտ է, որ այդ քննարկումների ժամանակ կխոսվի մեր երկրում ընտրություններում արձանագրված բարդությունների թերությունների մասին», ասաց պրն Թորոսյանը։ Նա նշեց նաեւ, որ քննարկումը տեղի չի ունեցել նաեւ այն պատճառով, որ կարճ ժամանակ անց Ադրբեջանում կլինեն նախագահական, ապա Վրաստանումՙ խորհրդարանական ընտրություններ, եւ վտանգ կար, որ քննարկումները եւ քննադատությունները կդիտվեին որպես միջամտություն ընտրական գործընթացներին։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4