«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2003-10-04 | #181, 2003-10-07 | #182, 2003-10-08


ԿԱՆԱԴԱՅԻ ՄԱՔԳԻԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ

Դորա Սաքայանը լեզվաբան է, մանկավարժ, գերմանագետ ու հայագետ։ Ծնվել է 1931 թվականին, Սելանիկում (Հունաստան), 1946¬ին ծնողների հետ գաղթել է Հայաստան։ Ավարտել է Երեւանի օտար լեզուների ինստիտուտը, նշանակվել նույն ինստիտուտի դասախոս, որից հետո սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1966¬1974 թթ. եղել է Երեւանի պետական համալսարանի օտար լեզուների համահամալսարանական ամբիոնի վարիչ եւ ռոմանագերմանական ամբիոնի դասախոս։ 1975¬ին տեղափոխվել է Կանադա, Մոնրեալ, ուր աշխատանքի է անցել Մաքգիլ համալսարանումՙ որպես գերմանական բաժնի դասախոս։ 1987¬ին ստացել է դոկտորի եւ տիտղոսավոր պրոֆեսորի աստիճան։

Գերմանագիտությամբ զբաղվելուն զուգահեռ հիշյալ համալսարանում նա սկիզբ է դնում հայագիտությանըՙ դառնալով հեղինակը մի շարք մենագրությունների ու հոդվածների, բուհական դասագրքերի։ Հրավիրել է միջազգային բազմաթիվ գիտաժողովներ եւ լայնորեն ճանաչվել որպես կիրառական լեզվաբանության եւ հայագիտության մասնագետ։ Տիրապետում է 5 օտար լեզուներիՙ գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, ֆրանսերեն։ Արժանացել է պարգեւների, այդ թվումՙ գերմանական կառավարության ամենաբարձր շքանշանինՙ «Արժանյաց պատվո խաչին»։

Նրա նախաձեռնությամբ ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի «Լեզվի ընդհանուր տեսություն» մենագրության անգլերեն թարգմանության մասին գրել էինք մեր նախորդ հրապարակումներում («Ագգ», 2 հոկտեմբերի, 2003)։

Տկն Սաքայանի գործունեության մասին շատ ավելին իմացանք հայագիտական միջազգային գիտաժողովից հետո նրա հետ անմիջական զրույց ունենալով, որը ներկայացնում ենք ստորեւ։

¬ Դուք զգալի աշխատանք եք կատարել Կանադայում հայագիտությունը զարգացնելու առումով։ Ի՞նչ դժվարություններ ունեք այսօր։

¬ Կանադայում հայագիտություն պաշտոնապես չի եղել մինչեւ 1980¬ականները։ Հենց այդ տարիներին հիմնավորվեցի Մոնրեալի ամենաառաջավոր Մաքգիլ համալսարանի գերմանագիտության ամբիոնում եւ ստացա պրոֆեսորի կոչում։ Գերմանագիտական ուսումնասիրություններին զուգահեռ սկսեցի զբաղվել նաեւ հայագիտությամբ։ Առաջին գործս հայերենի դասընթացների ստեղծումն էր։ 1981 թվականին համալսարանի շարունակական կրթություն բաժնում սկզբում հիմնեցի արեւմտահայերենի դասընթացներ, ապաՙ արեւելահայերենի։ Վերջինում գրանցվողներ գրեթե չեղան, իսկ արեւմտահայերենի դասընթացներին մասնակցողների թիվը բավականին մեծ էր։ Ցավոք, անցյալ տարվանից Հայկական բարեգործական ընդհանուր միությունը դադարեցրեց ֆինանսավորումը, պատճառաբանելով, թե դասավանդողը գերմանագետ է եւ ոչ հայագետ։

¬ Ստացվում է, որ ձեր կազմած արեւմտահայերենի դասագրքով դասավանդում են Մ. Նահանգների մի շարք համալսարաններում, իսկ ձեր ղեկավարած դասընթացները փակո՞ւմ են։

¬ Այո, գիրքս կոչվում է «Անգլիախոս համալսարանների համար արեւմտահայերենի դասագիրք», որով այսօր դասավանդում են Հարվարդի, Ֆրեզնոյի, Չիկագոյի եւ այլ համալսարանների հայագիտության բաժիններում։ Օտարներին հայ բանահյուսական արժեքներին ծանոթացնելու նպատակով 1994 թ. Մ. Նահանգներում հրատարակեցի «Հայ¬անգլերեն առածանի» գիրքըՙ ընդարձակ ներածականով (155 էջ), որտեղ հանգամանալից խոսում եմ հայ փիլիսոփայական մտքի պատմության, հոգեբանության ու աշխարհայացքի, առածների լեզվական առանձնահատկությունների եւ այլ հարցերի մասին։ Գրքում տեղ են գտել 2500 առածներ, մի մասըՙ Արամ Ղանալանյանի «Առածանուց»։ Անգլերենից հետո նույնը թարգմանեցի գերմաներեն, 2001 թ.։ Ինձ համար առանձնապես թանկ է «Հայերեն անվանականացումներ» մենագրությունս, քանի որ արժանացել է ակադեմիկոս Ջահուկյանի բարձր գնահատականին։ Այս ամենից զատ, խմբագրել ու տպագրել եմ մեծ հորսՙ դոկտոր Կարապետ Խաչերյանի «Զմյուռնիական արկածներս 1922¬ին» օրագիրը, որը բավականին հետաքրքրեց կանադահայերին։ Դա 1922 թվականին Իզմիրում թուրքերի իրականացրած հրդեհի ու աղետի իրական պատմությունն է, որին զոհ դարձան հազարավոր հույներ եւ հայեր։ Գիրքը շատ արագ սպառվեց, հետեւաբար, նկատի ունենալով գրքի նշանակությունն իբրեւ պատմական վավերագրություն, որոշեցի թարգմանել եւ լույս ընծայել տարբեր լեզուներովՙ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, իսպաներեն, ռուսերեն։ Գերմաներեն տարբերակը լույս տեսավ անվանի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանի նախաբանով։ Իսկ «Բելգե» հրատարակչությունում պատրաստվում է թուրքերեն թարգմանությունը, հրատարակիչն է Ռաջըբ Զարաքոլուն։ Արեւելահայերեն տարբերակն էլ կհրատարակվի Հայոց ցեղասպանության թանգարան¬ինստիտուտում։

¬ Փաստորեն, գերմանագիտության ամբիոնում դուք միաժամանակ զբաղվում եք նաեւ հայագիտությամբ։ Հայագիտության առանձին բաժին բացելու փորձ երբեւէ եղե՞լ է։

¬ Նախ ասեմ, որ Մաքգիլը Կանադայի առաջատար համալսարաններից է, թերեւս ամենից առաջատարը, որտեղ հայագիտության ամբիոն կամ բաժին ունենալն, անշուշտ, մեծ նշանակություն պիտի ունենա հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը ուսումնասիրելի դարձնելու իմաստով։ Բայց դրա համար մեծ գումարներ են պետք, ոչ թե հարյուր հազարավոր, այլ միլիոնավոր դոլարներ։ Հասկանալի է, որ այդպիսի մեծ ձեռնարկումը պիտի ուղեկցվի բարդություններով։ Այդուհանդերձ, կանադահայ գաղութում այս հարցը կարծես դեռեւս չի հասունացել։ Թեեւ ունենք բավականաչափ կազմակերպված համայնք, գործում են բազմաթիվ կենտրոններ, դպրոցներ, որտեղ ուսանում են նաեւ օտարները։ Չմոռանանք, որ Կանադայում մեծ համբավ ունի Զորյան ինստիտուտը, ուր հայ գիտնականների հետ համատեղ աշխատում են նաեւ օտարները, հրատարակում բազմաթիվ ուսումնասիրություններ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Անկախ այն բանից, թե համալսարանական հայագիտություն զարգացնելու հարցը երբ կհասունանա, ես իմ գործը կատարում եմ եւ շարունակելու եմ, քանի դեռ շունչ կա մեջս։ Եթե ինձ համար մի ոգեւորության աղբյուր կա, դա հայրենիքն է, այն ջերմ հարաբերությունները, որ ունեմ իմ նախկին ուսանողների ու գործընկերների հետ։ Ամբողջ ներշնչանքս նրանցից է բխում։ Ցավոք, նույնը դժվար է ասել Հյուսիսային Ամերիկայի հայագիտական կենտրոնների մասին, քանզի Կանադան նրանց ուշադրությունից մի տեսակ դուրս է մնացել։ Գուցե պատճառը հենց հայագիտական բաժնի բացակայությունն է։ Ես հավատում եմ, որ ժամանակն ամեն ինչ կկարգավորի։ Ամենագլխավորը հայագիտությանը ողջ էությամբ նվիրվելն ու մնայուն արժեքներ ստեղծելն է։

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4