Յուրաքանչյուր հայ իր Արարատն ունի, լեռան իր գույնը, համը։ Հայի հոգու Արարատըՙ իր հին երազն է, կարոտըՙ հավերժորեն փնտրելի մեծ հայրենիքի։
Արարատն ինքը տարբեր կերպավորումներ ունի, օրվա ամեն ժամին եւ ամեն տեղից նույնը չէ. մերթ մտերիմ, մերթ հեռավոր, մատչելի ու պարզ, առինքնող կամ խստակյաց, բայց միշտ վեհաշուք։ Հոգեւոր լեռ, որի խորհուրդը բիբլիական սկզբնավորում ունի։ Դժվար է ասել, թե արվեստի որեւէ ստեղծագործություն ի զորու է եղել արտահայտելու Արարատի ողջ միստիկան, որովհետեւ իր մեջ կրող հզոր էներգիան հեռացնելու, իրեն մոտ չթողնելու վտանգը ունի։ Թերեւս բնության ամեն հզոր երեւույթ ունի այդ հատկանիշը։ Սակայն լեռը յուրաքանչյուր արվեստագետի եւ մարդու ներշնչում է երկնային մաքրությունների տեսիլքը։
Իր հոգու Արարատը կտավաշարին հանձնածՙ գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանը համոզված է, որ ինքը նկարում է կորցրած հեքիաթները։ Էդվարդ Վարդանյանի Արարատներն իր ծննդավայրիցՙ Թալինից են սերում, իր հարազատ բնաշխարհի ծանոթ վայրերից, իսկ գույներըՙ տաք, հյութեղ, ծնվում են հոգու խորքից։ Արտաքին աշխարհն էլ մինչեւ չվերլուծվի, չմաղվի, չանցնի արվեստագետի ներաշխարհով, ո՛չ գույն կդառնա, ո՛չ հնչյուն, ո՛չ բառ։ Իր ծննդավայր Թալինն առաջին հայացքից անհրապույր, քարեղեն աշխարհ է թվում, սակայն կտավների գույներն այնքան են հարուստ, որ մոռացության են տալիս ամենը, ինչ անհրապույր է։ Երբ հարցնում ես նկարչին, ինքն ասում է, թե մանկությունն է հիշել եւ այդ օրերն են գույներին խառնվել։ Հավանաբար դրանից է, որ 33 նկարներից բաղկացած շարքը այսքան մանկություն է բուրում, այսքան պարզ է, հեքիաթային, երազային եւ շա՜տ գունագեղ։ Կտավները հագեցած են մեղմ քնարականությամբ եւ նուրբ զգացմունքով։ Նկարիչը Արեւմտյան Հայաստանում չի եղել, իր հոգու Արարատն է նկարելՙ իր մանկության Արարատըՙ ծննդավայրից։
Գեղարվեստի ակադեմիայի «Ալբեր եւ Թոմ Բոյաջյան» ցուցասրահում վերջերս ցուցադրվեց Էդվարդ Վարդանյանի «Իմ Արարատը» նկարաշարըՙ բաղկացած նկարչի վերջին տարիների 33 աշխատանքներից։ Բոլոր գործերը նվիրված են հայոց բիբլիական լեռանըՙ Արարատին։ «Երկու-երեք նկարով կարելի է ներկայանալ, սակայն դժվար է 33 աշխատանք նվիրել մեկ թեմային եւ պահպանել բազմազանությունը եւ հետաքրքրությունը։ Ամեն նկարիչ իր ձեռագիրն ունի եւ ըստ թեմայի փոխում է ոճը», ասում է նկարիչը։ Այս նկարաշարը թեմատիկ ամբողջությամբ հանդերձ տարբեր զգացողություններ է առաջացնում։ Որովհետեւ արտաքին արտահայտչաձեւերից բացի նկարներից յուրաքանչյուրը ներքին ապրումի տարբեր արտահայտություն է, ժամանակի մեջ հասունացած, զուլալված զգացմունքներով, խոհերով։ «Արարատը նյութեղենացված կարոտ է ինձ համար, որ ամեն օր աչքիս առաջ է, իր համը, իր գույնն ունի»։
Ներկայացված յուրաքանչյուր կտավ իր առանձնահատկությունն ունիՙ իբրեւ գունազգացողություն, իբրեւ խոհ, փիլիսոփայություն։ Լեռն այս ամենի խորհրդանիշն է, Արարատի ֆոնի վրա ձեւավորվում է նկարաշարի ներքին բովանդակությունը, ծավալվում գունային սյուժենՙ պատմություն ու կենսագրություն ուրվագծելով։ «Հեթանոս Հայաստան», «Առավոտ լուսո», «Կարմիր օր», «Կարոտ», «Օգոստոս», «Նվիրված Սայաթ-Նովային», «Տեսիլք», «Գիշերերգ», «Մարութա սարին մի աստղ ընկավ», «Հրեշտակների հանգրվանը», սրանք մի քանի կտավների խորագրերն ենՙ բովանդակային առումով գտնված, խորհրդավոր, առասպելական տարրերով հագեցած, հեքիաթային իրականությունից ծնված պատկերներով, որտեղ ռեալությունը միայն նկարչի տրամադրություններն են։ Գրեթե բոլոր կտավները ներքին հեռավորության զգացում են ծնում, մշուշված երազով։ Յուրաքանչյուր Արարատ մի ներքին դիմանկարով է պատկերվածՙ մերթ տխրությամբ կամ հուսահատությամբ, մերթ թախծով կամ լույսով։ Տրամադրություններում բանաստեղծական նիրհող վերհուշ կա, չգտնված թափանցիկ երազ։
Ցուցասրահում իմ եղած ժամանակ նկարիչը, որ Գեղարվեստի ակադեմիայի դեկանն է, իր ուսանողների հետ էր եւ բացատրում էր գույնի ընկալման ու վերարտադրման արվեստը։ «Գույնը չեն սովորեցնում, գույնը ներսից է գալիս», ասում էր նա։ Նկարչի ներսի այդ գույնն է, որ աշխարհը փորձում է փոխել, քնքշացնել, հեքիաթի վերածել թեկուզ ցուցասրահի այս փոքրիկ տարածքում...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ