Համաշխարհային հայկական կազմակերպությունն արդեն իրողություն է։ Հոկտեմբերի 8-ին Երեւանում այդ մասին հայտարարեց կազմակերպության հիմնադիր համագումարի նախաձեռնող եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ «Ազգը» վերջին համարներում լայնորեն լուսաբանում է ինչպես նորաստեղծ կազմակերպության համագումարի աշխատանքները, այնպես էլ նրա հիմնադիր նախագահ Արա Աբրահամյանի գործունեությունը։ Ուստի մնում է փաստել, որ վերոհիշյալ իրողությունը նաեւ նշանակալից երեւույթ է հայկական իրականության մեջ։
Այս հանգամանքն ինքնին ենթադրում է միջազգային արձագանքները, որոնց մեջ թերեւս առանձնանում է թուրքականը։ Հոկտեմբերի 8-ին «Հյուրիեթը» Մոսկվայում իր սեփական թղթակից Ներդուն Հաջըօղլուի թղթակցությամբ, որը կրում է «Ծանր արտահայտություններ Թուրքիայի հասցեին» խորագիրը, շտապեց արձագանքել Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադրմանը։ Թղթակցությունը նույն օրվա համարում թարգմանաբար հայ ընթերցողի ուշադրությանն է ներկայացրել պոլսահայ «Մարմարա» թերթը։
«Հյուրիեթի» արձագանքում ուշադրություն է հրավիրվում կազմակերպության հիմնադիր համագումարի Մոսկվայում հրավիրման, նրա աշխատանքներին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության, ամերիկահայ մտավորական Երվանդ Ազատյանի ելույթի, ինչպես նաեւ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկու այսպես կոչված հակաթուրքական արտահայտությունների վրա։
«Հյուրիեթի» թղթակիցն, ընդգծելու համար հայերի միավորման աշխատանքների Մոսկվայում սկզբնավորումը մատնացույց է անում Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը Միությունների տան սյունազարդ դահլիճում հրավիրելու փաստը, ապա անդրադառնում է Երվանդ Ազատյանի ելույթինՙ նրա ելույթից մեջբերելով հետեւյալ տողերը. «Միասնաբար աշխատել եւ կարեւոր հաղթանակ ենք ապահովել Լեռնային Ղարաբաղում։ Այս նոր կազմակերպության շնորհիվ էլ ավելի զորացնելու ենք մեր միասնականությունը»։
Քանի որ զորացումը ենթադրում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեության ակտիվացում, ուստի թղթակիցը պրն Ազատյանի ելույթից հետո անմիջապես անդրադառնում է Արա Աբրահամյանի ելույթին։ Նա նշում է, որ պրն Աբրահամյանը եւս կենտրոնացավ Ցեղասպանության հարցի վրա եւ հայտարարեց. «Ցեղասպանության ճանաչումը մեր ազգային հարցն է, եւ մենք մեր գործունեությունն այդ ուղղությամբ շարունակելու ենք»։
Դրա հետ կապված թղթակիցը հարկ է համարում նշել, որ հայ-թուրքական հարաբերությունները քննարկման նյութ են դառնալու կազմակերպության հանձնաժողովներում, եւ դրա շրջանակներում հիմնադրվելու է նաեւ «հայկական հարցի» ուսումնասիրման հատուկ կենտրոն։
Թղթակիցն առանձնակի ուշադրություն է դարձնում Ժիրինովսկու ելույթին, դա պայմանավորում է դահլիճից Պուտինի հեռանալով, եւ դրա առնչությամբ նշում է, որ Պուտինի հեռանալուց հետո Թուրքիան դարձավ համագումարի թիրախը։ Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ։ Որովհետեւ Ժիրինովսկին ելույթում ասել է. «Հայկական դրոշը 15 տարի հետո կծածանվի Արարատ լեռան վրա։ Պետք է մերկացնել թուրքերին եւ հետամուտ լինել Ցեղասպանության հարցինՙ ստիպելու համար Թուրքիային փոխհատուցում վճարել»։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Թուրքիայի հիվանդագին մոտեցումն ակնհայտ է, փոխհատուցման հանգամանքինՙ առավել եւս։ Ինչպես երեւում է, Թուրքիան հիվանդագին մոտեցում է ցուցաբերում նաեւ Ժիրինովսկու ելույթին։ Այլապես Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թուրքուլուշ Թաշքենթը չէր հայտարարի. «Դեսպանատունը մոտիկից հետեւում է համագումարի աշխատանքներին։ Մենք համագումարից իրազեկ ենք։ Մեզ համար մեծ կարեւորություն են ներկայացնում ռուս բարձրաստիճան պետական գործիչների հայտարարությունները։ Մանրամասն կուսումնասիրենք Թուրքիայի հասցեին արված հայտարարությունները, ապա նոր հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»։ Մնում է սպասել այդ հաղորդագրությանը։
Հ. Չ.