«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2003-10-08 | #183, 2003-10-09 | #184, 2003-10-10


ՃԵՊԱԶՐՈՒՑՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Ուշադրության կենտրոնում պաշտոնների կոալիցիոն բաժանումն է

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորհրդարանական ճեպազրույցները երեկ բացեց Գուրգեն Արսենյանը (ՄԱԿ)։ Ըստ պրն Արսենյանի, իրենց խմբակցությունը ողջունում է մի քանի օր առաջ Մոսկվայում կայացած Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը։ Իրենք գտնում են, որ ստեղծված կազմակերպությունը կարող է ավելի արդյունավետ ծառայել համահայկական հիմնահարցերի լուծման համար։ Գուրգեն Արսենյանի խոսքերով, համագումարը նախադեպը չունեցող երեւույթ է։

Պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես կոալիցիայի ներսում հայեցողական պաշտոնների բաժանման հարցին, խմբակցության ներկայացուցիչը նշեց, որ իրենց տեսակետով կոալիցիան իրականացնում է որոշ գործընթացներ։ Ճիշտ է, իրենք մտահոգություններ ունեն փոխնախարարական պաշտոնների բաժանման կապակցությամբ։ ՄԱԿ-ը որոշ ժամանակ անց, երբ կհամեմատի ներկա իրողությունները, կներկայացնի իր տեսակետը պաշտոնների կուսակցականացման արդյունավետության մասին։

Անդրադառնալով օրենսդրական գործունեությանը, Գուրգեն Արսենյանը նշեց, որ իրենց խմբակցությունը պատրաստվում է լրջորեն զբաղվել կառավարության ներկայացնելիք 2004 թ. բյուջեի նախագծով։ Իսկ ինչ վերաբերում է ավանդների մասին Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած օրինագծին կողմ քվեարկելուն, ապա պրն Արսենյանը դա բացատրեց հետեւյալ կերպ։ Խմբակցությունն ունի հստակ դիրքորոշում եւ կողմ քվեարկելը չի նշանակում դեմ խորհրդարանական ուժերից որեւէ մեկի։ Գ. Արսենյանն ավելացրեց նաեւ, որ խմբակցությունը կարտահայտի իր դիրքորոշումը, որն այնքան էլ չի տարբերվում Հանրապետական կուսակցության դիրքորոշումից։ Նշենք, որ, ըստ Հանրապետականի, ավանդները չեն կարող վերադարձվել, քանի որ նման գումարներ չկան։

Ալեքսան Կարապետյանը («Ազգային միաբանություն») ճեպազրույցի ժամանակ հայեցողական պաշտոնների կուսակցականացման կապակցությամբ հայտարարեց, որ այդպես շարունակվելու դեպքում կոալիցիայի ուժերը «կարող են հասնել մինչեւ ԺԵԿ-երի մակարդակի»։ Պրն Կարապետյանը հայեցողական պաշտոնների կուսակցականացումը որակեց ֆաշիզմ։

Դաշնակցության անունից երեկվա ճեպազրույցին մասնակցեց Լեւոն Մկրտչյանը։ Նա կարեւորեց նվազագույն սպառողական զամբյուղի օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումըՙ նշելով, որ երկու-երեք ամսվա ընթացքում էլ թերեւս հաստատվի երկրորդ փաթեթը, որը կսահմանի այդ զամբյուղի կառուցվածքը եւ պարունակությունը։

Ինչ վերաբերում է պաշտոնակռվի հարցին, ապա, ըստ Լեւոն Մկրտչյանի, կոալիցիան իր աջակցությունն է հայտնել հայեցողական պաշտոններ զբաղեցնողների ներկա մեծամասնությանը, որոնք ընտրվել են պրոֆեսիոնալության սկզբունքով եւ շարունակելու են պաշտոնավարել։ «Իսկ այն անձինք, որ կներկայացվեն կուսակցությունների կողմից, նույնպես պետք է բացարձակ կերպով բավարարեն պրոֆեսիոնալ պահանջներին», ավելացրեց Լեւոն Մկրտչյանը։

Սա դեռ կապրենքՙ կտեսնենք։

Վիկտոր Դալլաքյանը («Արդարություն») հետաքրքրական «շաբաթվա զավեշտ, զարմանք, զայրույթ եւ զրնգոց» նոմինացիաներով անդրադարձավ Սահմանադրական դատարանի նախագահի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, ընդհուպ նաեւ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հայտարարություններին։ Պաշտոնների բաժանման հետ կապված պրն Դալլաքյանը նշեց, որ անգամ թաղման բյուրոների պետերի մակարդակին իջնելու հավանականություն կա։ Նա ավելացրեց նաեւ, որ կոալիցիան սակագների հնարավոր թանկացումների հարցով զբաղվելու փոխարեն զբաղված է աթոռակռվով։ Ի դեպ, Վ. Դալլաքյանի կարծիքով, հայեցողական պաշտոնների կոալիցիոն բաժանումը հակասում է Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքին։

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանիՙ Նաիրի Հունանյանին այցելելու մասին տեղեկությանը, ապա պրն Դալլաքյանը նշեց, որ ժամանակին Վահան Հարությունյանի գործով անցնող անձանց այցելելիս նրանցից լսել է, որ Աղվան Հովսեփյանը նրանց այցելել է որոշակի առաքելությամբ, ներկայացրել է որոշակի առաջարկություններ։ «Մենք խիստ գնահատական ենք տալիս Աղվան Հովսեփյանի այցելությանը եւ համարում ենք, որ նա այդտեղ կատարել է միջնորդավորված դեր։ Ընդ որում, որոշակի կապ ենք տեսնում նրա այցելության եւ Հունանյանի այսպես կոչված թունավորման միջեւ։ Այսինքնՙ հոկտեմբերի 27-ի հանցագործների հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում»։

Նույնՙ պաշտոնների բաժանման հարցի կապակցությամբ Կարեն Կարապետյանը («Ժողպատգամավոր») ենթադրեց, որ թերեւս լուրջ փորձառու մասնագետներ դաշտից օտարվեն։ Պրն Կարապետյանը միեւնույն ժամանակ նշեց, որ եթե կոալիցիոն կուսակցությունները պատասխանատվություն են վերցրել կառավարության գործունեության համար, նրանք պետք է նաեւ ռեալ մեխանիզմներ ունենան։

«Օրինաց երկիրը» ներկայացնող Մհեր Շահգելդյանը կարեւորեց անցած եռօրյայում այլընտրանքային զինծառայության եւ նվազագույն սպառողական զամբյուղի օրինագծերը։ Սամվել Բալասանյանն էլ խոսեց Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարի ՕԵԿ-ի մասնակցության մասին, չգիտես ինչու հավելելով, որ պաշտոնակռիվը ԺԵԿ-երին չի հասնում։

Ճեպազրույցները եզրափակեց Գալուստ Սահակյանը (Հանրապետական)։ Անդրադառնալով ճեպազրույցների ընթացքում արդեն բազմիցս հնչած պաշտոնաբաժանման հարցին, պրն Սահակյանը նշեց, որ ներկայումս հարցն այլ կերպ է դրվում։ «Խոսքը վերաբերում է թափուր պաշտոններին, եւ պարտադիր չէ թեկնածուները լինեն կուսակցական։ Պարզապես կոալիցիայի շրջանակներում հաշվի կառնվի պրոֆեսիոնալիզմը, կկատարվեն նշանակումներ»։ Այնպես որ, երեկվանից Գալուստ Սահակյանը փոխել է իր մոտեցումը, չունի այդ հարցով մտահոգություններ։ Մինչդեռ «սովետական կոմիսարներ» չունենալու մտահոգությունն արտահայտել էր հենց ինքը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4