«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2003-10-08 | #183, 2003-10-09 | #184, 2003-10-10


ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ

«Նրանք ազգի հպարտությունն են»

«Իսկական կախարդանք էր։ Ես բառեր չեմ գտնում (հիացմունքս արտահայտելու)», ասել է կրթության եւ մշակույթի նախարարության ընդհանուր տնօրեն դոկտ. Պետրոս Կարկելասը Նիկոսիայում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին համերգից դուրս գալով։

Չնայած 32-ամյա տաղանդավոր Էդվարդ Թոփչյանի ղեկավարած նվագախումբը ելույթ էր ունենում բացօթյա համերգասրահում եւ եղանակն էլ ճնշող էր ու խոնավ, տպավորությունը ցնցող էր։ Հանդիսատեսը հմայված էր Խաչատրյանի եւ Չայկովսկու փայլուն կատարումներով, գրում է Նիկոսիայից մեր հատուկ թղթակից Ջորջ Տեր-Բարթողը եւ շարունակում.

¬ Ռուբեն Ահարոնյանի մենանվագը կատարելության անգերազանցելի մակարդակ էր եւ արժանացավ ինչպես տեղացի եւ օտար ունկնդիրների «բրավոների», այնպես էլ հայկական համայնքի ներկայացուցիչների «կեցցեներին» եւ «շատ ապրեսներին»։

Տարին Յունեսկոյի կողմից խաչատրյանական է հռչակված եւ բնական էր, որ ծրագրի առաջին մասն ամբողջությամբ նվիրված էր մեծ երգահանի ստեղծագործություններին, այդ թվում նաեւ, անշուշտ, «Սպարտակ» բալետին։ Երկրորդ մասը նվիրված էր Չայկովսկուն։

Կիպրոսում տարիներ առաջ լսել էին Հայաստանի ֆիլհարմոնիկին։ Այս անգամ նրանք գերազանցեցին իրենց կատարողական արվեստը։ «Սա հաղթանակ է հայ ժողովրդի համար եւ պատշաճ մեծարանքՙ Խաչատրյանին։ Նրանք իրենց ազգի հպարտությունն են», նշեց կիպրացի նշանավոր կոմպոզիտոր Ֆեդրոս Կավալարիսը, որը ներկա էր եղել նվագախմբի բոլոր երեք համերգներին, առաջինը Նիկոսիայում, իսկ մյուս երկուսը համապատասխանաբար Լիմասոլում եւ Լառնակայում։

Նվագախումբը, որը մասնակցում էր «Սայփրս ինտերնեշնլ ֆեստիվալ» հեղինակավոր փառատոնին, հրավիրվել էր Կիպրոսի կրթության ու մշակույթի նախարարության եւ հատկապես հայազգի պատգամավոր Պետրոս Գալայճյանի անդուլ ջանքերի, ինչպես նաեւ Կիպրոս-Հայաստան բարեկամության ընկերության համագործակցության շնորհիվ։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4