«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2003-10-08 | #183, 2003-10-09 | #184, 2003-10-10


ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՁԳՏՈՒՄ ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌՈՒ ՄՆԱԼ»

Օրերս Մոսկվայում ավարտված թենիսի «Կրեմլի գավաթի» խաղարկությունում հաջող մրցելույթներով իր երկրպագուներին ուրախացրեց Հայաստանի թենիսիստների առաջատար Սարգիս Սարգսյանը։ Նա հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ զիջեց ամերիկացի Դենտին։ Ընթերցողներին ենք ներկայացնում «Գազետա.ռու» ինտերնետային սայթում զետեղված հարցազրույցը Սարգիս Սարգսյանի հետ։

- Ինչի՞ հաշվին հաջողվեց 3-րդ փուլում հաղթել Ագուստին Կալյերիին։

¬ Իրականում Կալյերին շատ վտանգավոր թենիսիստ է։ Երբ նա լավ մարզավիճակում է, նրան հաղթելը գրեթե անհնար է։ Բայց այս անգամ նա, չգիտես ինչու, շատ էր սխալվում։

- Դու պայքարից հանեցիր մրցաշարի ուժեղագույն թենիսիստներից մեկին։ Ինչի՞ մասին է վկայում այդ փաստը։

¬ Այդպիսին է ժամանակակից թենիսը։ Ցանկացած թենիսիստ կարող է իր հակառակորդներից յուրաքանչյուրին հաղթել, հատկապես այն մրցաշարերում, որոնցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է երկու խաղափուլ շահել։ Բացի այդ էլ, մրցաշարում ուժեղ թենիսիստներ դեռ շատ կան։

- Ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ, օրինակ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ավելի հաջող ես խաղում, քան սովորական մրցումներում։

¬ Կարծում եմ, պատճառն այն է, որ թույլ եմ անցկացնում մրցախաղի մեկնարկը, առաջին խաղափուլը։ Ուստի 3 հաղթանակից մրցաշարերում ավելի հաճախակի եմ հաջողության հասնում, քանի որ հետագայում «բացվում» եմ։ Իսկ եթե հարկ է լինում 5 խաղափուլ անցկացնել, արդեն առավելություն եմ ստանում ի հաշիվ ֆիզիկական լավ պատրաստվածության։

- Ընթացիկ մրցաշրջանը լավագույնն է քո կենսագրությունում։ Ի՞նչ ես կարծում, հաջորդ տարի կարո՞ղ ես լավ հանդես գալ։

- Հուսով եմ, որ դա այդպես կլինի։ Միակ նախապայմանն այն է, որ պահպանեմ լավ մարզավիճակս, զերծ մնամ վնասվածքներից։ Իմ հաջողության գլխավոր գրավականը մարզիչս էՙ Գերի Մյուլլերը։ 1,5 տարի առաջ եմ սկսել մարզվել նրա գլխավորությամբ եւ առաջընթացն առկա է։

- Դու հատկապես շատ լավ անցկացրիր մրցաշրջանի մեկնարկըՙ տեղ զբաղեցնելով 20 ուժեղագույն թենիսիստների շարքում։

¬ Դա Ավստրալիայում եւ Հնդկաստանում ունեցած հաջող մրցելույթների արդյունք էր։ Որպեսզի տեղդ պահպանես 20 ուժեղագույնների ցանկում, անհրաժեշտ է ողջ մրցաշրջանում հաջող ու հավասար հանդես գալ։

- Ի՞նչ ծրագրեր ունես մինչեւ մրցաշրջանի ավարտը։

¬ Մինչեւ տարեվերջ մասնակցելու եմ եւս 4 մրցաշարի։ Կձգտեմ հաջող հանդես գալ եւ տեղ զբաղեցնել թենիսիստների դասակարգման ցուցակի 3-րդ տասնյակում։

- Ավստրալիայի բաց առաջնությունում քեզ հաջողվեց խաղափուլերից մեկում Մարկ Ֆիլիպուսիսին հաղթել 6-0 հաշվով։

- Անկեղծ ասած, ինքս էլ չհասկացա, թե ինչպես պատահեց։ Այո, Ֆիլիպուսիսի մատուցումները շատ հաջող են, բայց ինձ հաջողվում էր հակահարված հասցնել։ 4 անգամ խաղացել եմ Մարկի դեմ եւ երեքում հաղթել եմ։

- Կարելի՞ է Ֆիլիպուսիսի հետ անցկացրած մրցախաղը համեմատել Մոսկվայում Կաֆելնիկովի հետ կայացած մրցավեճի հետ։

¬ Համեմատության եզրեր կարելի է գտնել։ Երկու մրցախաղերում էլ հանդիսականները երկրպագում էին մրցակիցներիս։ Սիրում եմ նման մթնոլորտում խաղալ, այն ինձ լրացուցիչ լիցք է հաղորդում։

- Կաֆելնիկովը չկարողացավ բացատրել քեզանից կրած պարտության պատճառները։ Ինչպիսի՞ն է քո կարծիքը։

- Լինում են այնպիսի մրցախաղեր, երբ խաղի ելքը վճռում են մեկ-երկու գնդակները։ Ով հաղթում է, նա էլ շահում է ողջ մրցախաղը։ Մեր հանդիպումը հենց այդպիսին էր։ Կաֆելնիկովը շատ լավ էր խաղում, ես. եւս, պարզապես իմ բախտն ավելի բերեց։

- Կաֆելնիկովի նկատմամբ հաղթանակը կարելի՞ է այս մրցաշրջանի ամենակարեւոր հաղթանակը համարել քեզ համար։

¬ Անկասկած, դա ամենակարեւորներից մեկն էր։

- Այս մրցաշարում հաղթելը քեզ համար շա՞տ է կարեւոր։

¬ Դա երազանքիս իրականացումը կլինի։

- Թենիսիստներից ումի՞ց ես վախենում։

¬ Կաֆելնիկովից էի վախենում, իսկ ներկայումսՙ ոչ։ Թեեւ նրա հետ միշտ էլ դժվար է խաղալը։ Նա հազվադեպ է սխալվում։ Նույնիսկ խաղի վերջնամասում, երբ շատերը սկսում են նյարդայնանալ, նրա մոտ ամեն ինչ կարգին է։

Անձամբ ինձ համար անհարմար մրցակից է նաեւ Անդրե Աղասին։ Արդեն 5 անգամ պարտվել եմ նրան։ Նա մրցակցին շատ է տանջում կորտում։

- Հաճա՞խ ես լինում Հայաստանում։

¬ Թենիսով ակտիվ զբաղվելը շատ ժամանակ է խլում, այնպես որ, տարվա ընթացքում ընդամենը մեկ-երկու անգամ եմ հասցնում լինել հայրենիքում, այն էլՙ մեկ շաբաթով։ Երեք տարի անց, երբ թենիսն այլեւս իմ կյանքում գլխավորը չի լինի, ամեն ինչ, իհարկե, այլ կերպ կլինի։

- Ինչպես հայտնի է, տարեսկզբին այնտեղ ընտրություններ տեղի ունեցան։ Իշխանության համար պայքարող կողմերից որեւէ մեկը չի՞ փորձել քեզ իր կողմը «քաշել», որպեսզի օգտագործեր քո հեղինակությունը։

¬ Գիտեք ինչ, ես ատում եմ քաղաքականությունը, ձգտում եմ հեռու մնալ դրանից։ Պատահում է, որ Հայաստանում թենիսի զարգացման համար հարկ է լինում ինչ-որ բան ասել, ինչ-որ տեղ մեկնել։ Դա սիրով եմ կատարում։

- Զուգախաղում հանդես ես գալիս Իրակլի Լաբաձեի հետ։ Ինչպե՞ս եք միմյանց հասկանում։

¬ Նա վրացի է, եսՙ հայ, մենք միմյանց չենք հասկանում, պարզապես խաղում ենք։ Նա զուգախաղում իմ մշտական խաղընկերը չէ։

- Ընդհանրապես ինչպե՞ս են ընթանում գործերդ զուգախաղում։

¬ Լրջորեն սկսել եմ զուգախաղում հանդես գալ 2-2,5 տարի առաջ։ Պարզվում է, որ զուգախաղում հաջողություններն օգնում են մենախաղում կրած պարտություններից հետո շատ չվշտանալ։

- Այս տարի դու երկու մրցաշար ես շահել զուգախաղում։ Ովքե՞ր էին խաղընկերներդ։

¬ Առաջինը Վաշինգտոնում շահեցի Եվգենի Կաֆելնիկովի, երկրորդըՙ գերմանացի Կարստեն Բրաշի հետ Բուխարեստում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4