«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2003-10-08 | #183, 2003-10-09 | #184, 2003-10-10


ԱԼԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՎՃՌԵԼ Է ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼ ՖՈՒՏԲՈԼԻՆ

1998 թ. աշխարհի չեմպիոն, ֆրանսահայ ֆուտբոլիստ Ալեն Պողոսյանը վճռել է հրաժեշտ տալ մեծ ֆուտբոլին։ Նրա պայմանագրի ժամկետն իսպանական «Էսպանյոլի» հետ ավարտվել է օգոստոսին։ L՛Equipe թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ խաղալու ցանկություն այլեւս չունի եւ վճռել է հեռանալ ֆուտբոլից։ Սակայն 32-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ ընդմիշտ կապերը խզել սիրած մարզաձեւից, որին նվիրված է իր կյանքի լավագույն տարիները։ Ուստի հնարավոր է նա հետագայում անցնի մարզչական գործունեության։

Ալեն Պողոսյանը Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 26 խաղ եւ խփել 2 գնդակ։ 1999 թ. աշխարհի առաջնության եզրափակիչում նա երկրորդ խաղակեսին խաղադաշտ դուրս եկավ։ Իր վերջին հանդիպումը «եռագույնների» կազմում Պողոսյանն անցկացրել է 2002 թ. մայիսին։ Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո, որում Ֆրանսիայի հավաքականը պարզապես հիասթափեցրեց, Ալեն Պողոսյանը հրաժեշտ տվեց հավաքականին։

«Էսպանյոլը» դարձավ վերջին ակումբը Պողոսյանի ֆուտբոլային հարուստ կենսագրությունում։ Նա ակումբի հետ պայմանագիր էր կնքել 2002 թ. հուլիսին, սակայն ծնկի վնասվածքի հետեւանքով խաղադաշտ էր դուրս եկել ընդամենը 5 անգամ։ Մինչ «Էսպանյոլը», Պողոսյանը հանդես է եկել ֆրանսիական «Մարսելում», իտալական «Նապոլի», «Սամպդորիա» եւ «Պարմա» թիմերում։ Վերջինիս կազմում հայազգի ֆուտբոլիստը 1999 թ. նվաճել է Իտալիայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4