Հոկտեմբերի 13-ին պարզ կդառնաՙ Ա1+ եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները կստանա՞ն կապուղի եւ հեռարձակվելու հնարավորություն, թե՞ երրորդ մետրային եւ 63-րդ դեցիմետրային կապուղիներով հեռուստահաղորդումներ կշարունակեն հեռարձակել «Ար»-ը եւ «Սինեմաքսը» («Արմնյուզը»)։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը հայտնի կդառնա եկող երկուշաբթի, իսկ այսօր ՀՌԱՀ-ը լսեց ընկերությունների մրցութային առաջարկները։
2005 թվականից «ԱՐ»-ը նախատեսում է շուրջօրյա եթերՙ 75 տոկոս սեփական արտադրության հաղորդումներով։ Ունի պայմանավորվածություն «Հայֆիլմ» կինոստուդիայի հետՙ լիցենզավորված ֆիլմեր ցուցադրելու համար։ «ԱՐ»-ը ձեռք է բերել 3 հազար քառակուսի մետր տարածք, որը ծառայելու է տաղավարների վերաձեւավորմանը։
«Մելտեքս» ընկերությունն այս անգամ էլ առաջարկում է 24-ժամյա հեռարձակում, 80 տոկոս հայրենական արտադրության հաղորդումներ։ Սեփական արտադրության հաղորդումների ծավալը կկազմի 85, իսկ լրատվությունը 30 տոկոս։
«Նոյյան տապան» եւ «Մելտեքս» ընկերությունները փաստորեն հավակնում են հեռարձակվել 63-րդ դեցիմետրային կապուղով, որով այժմ հեռարձակվում է «Արմնյուզը»։ Դժվար է պատկերացնել, որ «Արմնյուզին» մոտ ապագայում (հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումից հետո) եթերում փոխարինեն «Նոյյան տապանը» կամ «Ա1+-ը». հավանաբար «Արմնյուզի» մրցութային առաջարկը եւս տպավորիչ է։ Բացի այդ, չմոռանանք, թե ում է այժմ պատկանում այս կապուղին։
Երրորդ մետրային կապուղու դեպքում էլ դժվար է ենթադրել, որ «ԱՐ»-ին կփոխարինի «Ա1+-ը»։ Այստեղ գործ ունենք նույնպես կայացած հեռուստաընկերության հետ։ Չնայած «Ա1+-ը» եւս կայացած էր, սակայն նրան եթերից զրկելը հնարավոր դարձավ։ Գուցե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշի նեղացնել Հրանտ Վարդանյանին կամ Բագրատ Սարգսյանին։ Սպասենք մինչեւ երկուշաբթի։
Մ. Հ.