Վերջերս Արեւելագիտության ինստիտուտը հրատարակեց նույն ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ Արաքս Փաշայանի «Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը. նպատակները, գործունեությունը, դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ» մենագրությունը, ուր հանգամանորեն քննարկվում են իսլամական աշխարհի ամենախոշոր միջպետական կազմակերպությանՙ Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) ստեղծման պատմական նախադրյալները, հիմնական նպատակները, գործունեության սկզբունքները, կառուցվածքը, գաղափարական-քաղաքական հայեցակարգը, սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաեւ 1969-2000 թթ. ժամանակաշրջանում մահմեդական աշխարհին առնչվող հիմնահարցերի նկատմամբ կազմակերպության դիրքորոշումը։ Խիստ կարեւոր է այն հանգամանքը, որ առաջին անգամ քննության է ենթարկվում ԻԿԿ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ։
Ակնհայտ է, որ վերջին շրջանում (մասնավորապես 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո) զգալի ուշադրություն է դարձվում իսլամի քաղաքականացման գործոնին։ Իսլամական աշխարհը, որ համախմբվում է իսլամական ազգՙ ումմա հասկացության շուրջ, իր քաղաքական ինքնագիտակցության ձեւավորման հարցում բացառիկ նշանակություն է տալիս իսլամական միասնության սկզբունքին։ Բոլոր մահմեդականների միասնության գաղափարըՙ անկախ էթնիկ եւ սոցիալական պատկանելությունից, իսլամի ամենակարեւոր սկզբունքներից մեկն է, որ պայմանավորում է իսլամական քաղաքական գործընթացների էությունը։ Ա. Փաշայանի կարծիքովՙ ԻԿԿ գաղափարական-քաղաքական հայեցակարգը հիմնվում է մի քանի կարեւոր սկզբունքների վրա, որոնք են իսլամական ազգի կոնցեպցիան, համաձայն որի աշխարհի բոլոր մահմեդականներին միավորում է նույն կրոնը, ինչպես նաեւ իսլամական ինտեգրացման եւ աշխարհում իսլամի տարածման ու նրա դիրքերի ամրապնդման գաղափարները։
Հատկապես արժեքավոր է մենագրության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ԻԿԿ դիրքորոշման լուսաբանումը։ Իսլամական բարձրագույն քաղաքական մարմնի ադրբեջանամետ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հիմնված է իսլամական համերաշխության սկզբունքի վրա եւ ձեւավորվել է բացառապես ադրբեջանական տեղեկատվության միջոցով։ Միաժամանակ պետք է նշել այս հարցում ԻԿԿ դիրքորոշման առանձնահատկությունը, այն որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել իր ընդունած որոշումները եւ հայտարարությունները գործնականում իրականացնելու։
Ա. Փաշայանի մենագրությունն իր բովանդակությամբ եւ հարցադրումներով նոր խոսք է հայրենական արեւելագիտության բնագավառում։
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու