Հայաստան-Իսպանիաՙ 0-2 (0-0)
10 հոկտեմբերի, Արարատ, «Արաքս» մարզադաշտ։
Մրցավարՙ Ռոման Լաութս (Լիտվա)։
Հայաստան-Ապուլա Բետե, Վալերի Ալեքսանյան, Բարսեղ Կիրակոսյան (Ռոբերտ Արզումանյան, 39), Նդումբուկ Բալեպ Բա, Հովհաննես Հարությունյան, Լեւոն Փաչաջյան, Աղվան Մկրտչյան (Վահե Դավթյան, 77), Դավիթ Գրիգորյան, Գալուստ Պետրոսյան (Ժորա Հովհաննիսյան, 72), Էդգար Մանուչարյան, Կառլ Լոմբե։
Իսպանիա-Խոսե Ռեյնա, Մարկ Բերտրան, Անտոնիո Լոպես, Խուան Էնդրյու, Դանիել Ժարկու, Բորխա Ֆեռնանդես, Վալնիրո Լոպես (Խոսեբա Արիագա, 79), Անդրես Ինյեստա (Լիվերո Պարի, 46), Ռուբեն Կաստրո, Միգել Գարսիա, Ֆեռնանդո Մակեդո (Դավիթ Վիլա, 62)։
Գոլերը խփեցին Ռուբեն Կաստրոն (54), Խոսեբա Արիագան (83)։
Զգուշացվեցին Կիրակոսյանը, Արզումանյանը, Ան. Լոպեսը, Ֆեռնանդեսը, Պարին։
Մարզական առումով հանդիպումը երկու թիմերի համար էլ առանձնակի նշանակություն չուներ։ Իսպանացիները ժամկետից շուտ դարձել էին ընտրական 6-րդ խմբի հաղթող եւ հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք էին նվաճել։ Հայաստանի ընտրանին էլ հանգրվանել էր 4-րդ հորիզոնականում, եւ նույնիսկ հաղթանակի դեպքում մրցաշարային աղյուսակում վեր չէր բարձրանա։ Սակայն, չնայած այս հանգամանքին, երկու թիմերն էլ բավական ակտիվ սկսեցին հանդիպումը։ Առաջ անցնելով նշենք, որ խաղն անցավ աշխույժ մրցակցությունում, հարուստՙ գոլային պահերով։
Արդեն 4-րդ րոպեին վտանգավոր պահ ստեղծվեց Հայաստանի հավաքականի դարպասին։ Աղվան Մկրտչյանը գնդակը հասցեագրեց հետՙ Բետեին, սակայն վերջինս անհաշվենկատ դուրս եկավ դարպասից եւ քիչ էր մնում Գարսիան բացեր հաշիվը։ Դաշտի տերերը պատասխան գրոհի դիմեցին, որի արդյունքում Փաչաջյանը աջից գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակ, սակայն Դավիթ Գրիգորյանի հարվածը շեղ էր։ Առջեւի գծում դաշտի տերերի կազմում բավական ակտիվ էր Էդգար Մանուչարյանը, որի եզրային սլացիկ անցումներից հետո մի քանի անգամ վտանգավոր պահեր ստեղծվեցին իսպանացիների դարպասին։ Դրանցից մեկի ժամանակ Նդումբուկը չհասավ գնդակին։ Մյուս դրվագում Էդգարն ինքը ուժգին հարվածով գնդակն ուղարկեց դարպասը, սակայն հարվածը մի փոքր շեղ ստացվեց։ Իրենց հերթին իսպանացիներն առաջին խաղակեսում մի քանի անգամ սպառնացին դաշտի տերերի դարպասին։ Նրանք գրոհները հիմնականում կազմակերպում էին աջ թեւով, որտեղ իր ակտիվությամբ աչքի էր ընկնում Վալմիրո Լոպեսը։ Բավական լավ տպավորություն թողեցին նաեւ հյուրերի հարձակվողներ Ինյեստան, Կաստրոն եւ Մակեդոն, որոնք մեկ հպումով փոխանցումներով փորձում էին ճեղքել պաշտպանությունը։ Հարկ է խոստովանել, որ մեր հավաքականի թիկունքն այնքան էլ ապահով չէր։ Եվ մի քանի անգամ հյուրերին անարգել հաջողվեց ճեղքել պաշտպանությունը կենտրոնական պաշտպանի գոտուց, որտեղ այնքան էլ վստահ չէր գործում Բարսեղ Կիրակոսյանը։ Ցավոք, վերջինս շուտով ստիպված էր թողնել խաղադաշտը վնասվածքի պատճառով։ Նրան փոխարինած Ռոբերտ Արզումանյանն էլ առանձնապես վստահ հանդես չեկավ։
Հիշարժան էր 25-րդ րոպեն, երբ Ինյեստան մեծ արագությամբ ճեղքեց պաշտպանությունը, եւ գնդակը Բետեի գլխավերեւով ուղարկեց դարպասը։ Բարեբախտաբար, հարվածը մի փոքր բարձր ստացվեց։
Երկրորդ խաղակեսը բավական ակտիվ սկսեցին մեր ֆուտբոլիստները, որոնք մոտ էին հաջողությանը։ Նախ, Դավիթ Գրիգորյանի հուժկու հարվածը ցնցեց դարպասի հորիզոնական ձողը, ապա վարպետ խաղով աչքի ընկավ Էդգար Մանուչարյանը, որը կենտրոնով ճեղքեց պաշտպանությունը եւ դիպուկ հարված կատարեց, սակայն դարպասապահը թիմին փրկեց վերահաս գոլից։ Քիչ անց հետեւեց Դավիթ Գրիգորյանի վտանգավոր հարվածը, եւ գնդակը մի փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով։ Թվում էր, թե մեր ֆուտբոլիստները գտել են իրենց խաղը եւ տիրել նախաձեռնությանը։ Ընդհանուր առմամբ հարկ է խոստովանել, որ առանձին դրվագներում մեր հավաքականի խաղը հատկապես առջեւի գծում վատ տպավորություն չէր թողնում։ Սակայն, ցավոք, թիկունքում ոչ հստակ գործողություններն ի վերջո թիմի պարտության պատճառ հանդիսացան։ Այսպես, 54-րդ րոպեին երկրորդ խաղակեսում հյուրերի առաջին իսկ հակագրոհը հաջողություն բերեց իսպանացիներին։ Ձախ թեւով Մակեդոյի սլացիկ անցումից հետո Կաստրոն գլխի թեթեւակի հպումով գնդակն ուղարկեց ակամա ապշած Բետեի դարպասը։
Բաց թողած գոլից հետո դաշտի տերերը շատ ջանքեր գործադրեցին պարտությունից խույս տալու համար։ Եղան դարպասը գրավելու հարմար պահեր, սակայն Էդգար Մանուչարյանը, Դավիթ Գրիգորյանը, Գալուստ Պետրոսյանը հարմար դիրքերից վրիպեցին։ Իսկ ահա իսպանացիները, որոնք ընդհանուր առմամբ հաստատեցին իրենց բարձր կարգը, խաղավերջում եւս մեկ անգամ պատժեցին դաշտի տերերինՙ անփույթ խաղի համար։ Կաստրո-Վիլա-Արիագա եռաքայլ կոմբինացիան ավարտվեց դարպասի գրավմամբ։
Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը ավարտեց ելույթները ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։ Թիմի ելույթները կարելի է բավարար համարել։