«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2003-10-09 | #184, 2003-10-10 | #185, 2003-10-11


ՄԻԽԱՅ ՍՏՈՅԿԻՑԱ. «ԿՁԳՏԵՆՔ ԼԱՎ ԽԱՂ ՑՈՒՑԱԴՐԵԼ»

Ավանդույթի համաձայն, Հայաստան-Իսպանիա մրցախաղից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան հանդիպեց լրագրողներին։ Անդրադառնալով առաջիկա հանդիպմանը, Միխայ Ստոյկիցան նշեց, որ Իսպանիայի հավաքականն ամենայն հավանականությամբ Երեւանում հարձակողական ոճի բաց ֆուտբոլ կցուցադրի, քանի որ խմբում առաջին տեղը գրավելու համար իսպանացիներին միմիայն հաղթանակ է անհրաժեշտ։ Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա մեր ֆուտբոլիստները, որոնք այլեւս ոչինչ չունեն կորցնելու, կձգտեն եւս հարձակողական խաղ ցուցադրել։ Այդ նպատակով մարզիչը մտադիր է խաղադաշտ դուրս բերել երեք հարձակվողի։ Ցավոք, հիվանդության պատճառով, հանդիպմանը չի մասնակցի հավաքականի առանցքային խաղացող, ազգային թիմի ռմբարկու Արթուր Պետրոսյանը, որն, ինչ խոսք, մեծ կորուստ է մեր թիմի համար իսպանացիների հետ պատասխանատու եւ դժվարին խաղում։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս եք լուծելու Ռաուլի մեկուսացման հարցը, Ստոյկիցան պատասխանեց, որ իր համար ոչ միայն Ռաուլի, այլեւ ամբողջ Իսպանիայի հավաքականին վնասազերծելն է մեծ հիմնահարց։ Անդրադառնալով տղաների մարզավիճակին, մարզիչը նշեց, որ այս հինգ օրվա ընթացքում ֆուտբոլիստները մարզումներում լավ տպավորություն են թողել եւ, իր կարծիքով, ունակ են 90 րոպե հավասար պայքար մղել իսպանացիների հետ։ Փաստորեն, ըստ Ստոյկիցայի, մեր հավաքականն ընտրելու է հակագրոհերի տակտիկաՙ փորձելով օգտագործել խաղացողների արագությունը։ Ամեն դեպքում, հավաքականը ձգտելու է հնարավորին չափով լավ խաղ ցուցադրել եւ հուսախաբ չանել իր բազմահազար երկրպագուներին։

Մնում է հուսալ, որ այսօրվա խաղում մեր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան արժանապատիվ խաղ ցուցադրելու տենչով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4